Էրդողանն ու Մակրոնը բանակցել են. առանց փոխադարձ վիրավորանքների
Տարածաշրջան

Թուրքիան և Ֆրանսիան կարող են զգալի ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելքից Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ տեսախորհրդակցության միջոցով կայացած բանակցություններում. հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ տեղեկատվության՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրներ:
«Որպես ՆԱՏՕ-ի երկու ուժեղ դաշնակիցներ՝ մենք կարող ենք զգալի ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելքից Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու ջանքերում: Մենք կարող ենք միասին գործողություններ ձեռնարկել`պայքարելու համար ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների անվտանգությանը: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան և Ֆրանսիան համերաշխ գործեն այս բոլոր հարցերում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նախագահ Էրդողանը նշել է, որ այս տարի լրանում է Անկարայի համաձայնագրի ստորագրման 100-ամյակը (1921 թ. հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված դիվանագիտական համաձայնագիրը): Նա հավելել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարների երկխոսությունը միշտ էլ կարևոր դեր է խաղացել:
Հիշեցնենք, որ Անկարայի համաձայնագրով Ֆրանսիան լքեց Կիլիկիան՝ այնտեղի հայությանը միայնակ թողնելով թուրքերի դեմ, որից հետո արդեն հայերը վերջնականապես լքեցին Կիլիկիան։
Ընդգծելով, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների հիմքերը դրվել են սուլթան Սուլեյման Հիասքանչի և թագավոր Ֆրանսուա I-ի նամակների փոխանակումից հետո, նախագահ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Անկարան և Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ» ունեն:
Նախագահ Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Ֆրանսիայում COVID-19-ի տարածման դեմ պայքարին և ցավակցություն է հայտնել բռնկման արդյունքում երկրի քաղաքացիների մահվան կապակցությամբ: «Իմ երկրի և ազգի անունից ես ցավակցում եմ Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք համաճարակի ընթացքում կորցրել են իրենց սիրելիներին»,- ասել է Էրդողանը:
Բացի այդ՝ Թուրքիայի ղեկավարը խոսել է Թուրքիայում կարանտինային սահմանափակումները մեղմելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին և հիշեցրել, որ պատվաստվել է Թուրքիայի գրեթե 10 միլիոն քաղաքացի: