close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքը ևս կործանվում է Փաշինյանի դավադիր «ըմբռնումով»

Քաղաքական

17 Դեկտեմբերի 2020, 13:55
 Սյունիքը ևս կործանվում է Փաշինյանի դավադիր «ըմբռնումով»

Ադրբեջանը, արագորեն ստանալով Արցախի՝ նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությամբ իրեն վերադարձված շրջանները (Ակնա-Աղդամ, Քարվաճառ և Լաչին), ամրացնելով իր դիրքերն այդ հատվածներում, հայկական կողմի ղեկավարության գրեթե չգոյության կամ ձևական գոյության, պարտված բանակի ու հասարակության հոգեբանական բարդ գոյավիճակի պայմաններում ներկայումս գործում է «Ուժն է ծնում իրավունք» հայտնի կարգախոսի տրամաբանությամբ: Արդյունքում՝ և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ իրականացվող քայլերը Ադրբեջանի կողմից դիտարկվում են ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությանը կամ երկարաժամկետ խաղաղությանն ուղղված քայլերի տրամաբանության, այլ դիվանագիտական նենգության և ուժի կոպտագույն կիրառման հարթության շրջանակներում:

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի նկատմամբ իրականացված ադրբեջանական ոտնձգությունները, որոնք ուղեկցվեցին բացահայտ ռազմական գործողություններով, և որոնց արդյունքում հայկական կողմն ունեցավ տարածքային ու մարդկային զգալի կորուստներ, մեր վերոհիշյալ պնդման լավագույն ապացույցներից են: Ավելին՝ Սյունիքի մարզի սահմանագծի՝ Կապանի հատվածում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները (որոնք, ի դեպ, ինչպես նաև վերոհիշյալ գյուղերի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ իշխանություններն ինչպես միշտ փորձեցին ցինիկաբար կոծկել հասարակությունից կամ նենգափոխել իրականությունը), ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճն ու հայկական կողմի կասկածելի անգործությունն արդեն բոլորովին այլ բանի մասին են խոսում:   

Ի՞նչ է թաքնված Փաշինյան-Ալիև «ըմբռնման» տակ

Դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին՝ փորձելով փարատել հասարակության շրջանում ահագնացող տագնապը: «ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»,- հայտարարեց նա: Բայց վարչապետի հայտարարության մի կարևոր ենթատեքստ, մի չասված, բայց գրեթե ասված միտք դուրս մնաց լայն հասարակության ուշադրությունից: Վարչապետն ընդգծեց, որ Սյունիքի մարզի հատվածում հրատապ լուծում պահանջվող հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Նա պարզաբանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Վարչապետի ամենակարևոր, ամենավտանգավոր և, թերևս, սպասվելիք հերթական դավաճանական գործողությունների շղթան մատնանշող միտքը հետևյալն էր.  «Բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, (ընդգծումը մերն է - Վ.Ս.) որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»:

Կանխելով պայմանագրից լավատեղյակ մարդկանց կողմից իր դեմ գործադրվելիք ճնշումները կամ քննադատությունները՝ Ն. Փաշինյանը վաղօրոք հայտարարեց, որ պայմանագրում չկա կետ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների վերադարձի մասին: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ այս պարագայում պետք է գործի հայտարարության առաջին կետը, այն է՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար՝ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների և ՀՀ Սյունիքի մարզի սահմանը պետք է դառնա այն գիծը, որտեղ կանգ են առել զորքերը հայտարարության ստորագրման պահին: Ի դեպ, այս նույն՝ հայկական կողմի համար ոչ ձեռնտու սկզբունքն է գործել Արցախի բոլոր հատվածներում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի ու Մարտունու պարագաներում, ինչի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության ներքո վերցրեց նախկինում ԼՂԻՄ-ի կազմի մեջ եղած մի շարք քաղաքներ ու բնակավայրեր:

No description available.

Դիտարկում Սյունիքում

 

Ադրբեջանի՝ Սյունիքի սահմանագծին իրականացվող անզիջում պահվածքը և հաստատակամ գործողությունները՝ մի կողմից, Փաշինյանի դրսևորած ոչ համարժեք և տարօրինակ վարքագիծը՝ մյուս կողմից, հիմք են տալիս մի շարք եզրահանգումների:

Ադրբեջանը Սյունիքի հատվածում առաջնորդվում է ոչ թե եռակողմ հայտարարության տառով ու ոգով, այլ բոլորովին այլ, մեզ անհայտ  պայմանավորվածությամբ՝ սահմանագծի հարցում առաջնորդվելով խորհրդային՝ բացառապես իրեն ձեռնտու քարտեզներով: Հայկական կողմը ոչ միայն համարժեք չի արձագանքում, ոչ միայն Սյունիքի հատվածում եռակողմ հայտարարությունից բխող սահմանային ամրություններ չի ստեղծում, այլև վարչապետի մակարդակով վկայում է բանակցությունների ընթացքում եղած ինչ-որ «ըմբռնման» մասին: Պարզորոշ է՝ Փաշինյանը Զանգելանի և Կուբաթլուի շրջանների ամբողջական վերադարձի մասին համաձայնություն կամ խոստում է տվել բանավոր կերպով, և Սյունիքի մարզի սահմանագծման մասին իր կողմից հայտարարված «ըմբռնումը» ոչ այլ ինչ է, եթե ոչ եռակողմ հայտարարության մեջ տեղ չգտած, այն է՝ հասարակությունից հմտորեն  քողարկված  դավաճանական ևս մի քայլ: Այլապես՝ ի՞նչ «ըմբռնման» մասին է խոսքը, եթե կա հստակ հայտարարության կետ, որի համաձայն՝ Սյունիքի մարզում սահմանը պետք է անցնի հայկական զորքերի կամ տվյալ պահին առկա դիրքերի տեղակայման երկայնքով, և, ինչի մասին վարչապետը պարտավոր էր «դուխով» հայտարարել:

No description available.

Քաջարանցի և ՀՅԴ «Արամ Մանուկյան» վաշտի ազատամարտիկները

 

Մի քանի կարևոր դիտարկումներ

Զանգելանի և Կուբաթլուի՝ Խորհրդային միության քմահաճույքներով ձևավորված շրջանների ամբողջական վերադարձի մասին Փաշինյանի «ըմբռնման», այն է՝ բանավոր համաձայնության կետը մինչ օրս չի իրագործվել՝ ադրբեջանական զորքերը չեն հաստատվել խորհրդային խայտառակ սահմանագծի երկայնքով՝ շնորհիվ այդ հատվածներում կանգնած կամավորական վաշտերի անզիջում և հերոսական գործողությունների: Հիշեցնենք՝ այդ հատվածներում մինչ օրս մարտական հերթապահություն են իրականացնում Արայիկ Հովհաննիսյանի (Չեչեն) գլխավորած՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած՝ քաջարանցիների վաշտը, կապանցիների կամավորական ջոկատներն ու վաշտերը և այլն:

No description available.

 

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյանը (Չեչենը) և Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դիտարկում են Կովսական (Զանգելան) քաղաքը  

 

Ռուս հրամանատարները ևս ծանոթ են Փաշինյանի դավաճանական «ըմբռնմանը»

Կապանցիների ջոկատներից մեկի ներկայացուցչի հետ մեր զրույցում պարզված ու փաստված իրողությունները լիարժեքորեն հաստատում են Փաշինյանի «ըմբռնման» դավաճանական էությունը: Նրա վկայությամբ՝ դեկտեմբերի 15-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ներկայացուցիչը հանդիպել է Սյունիքի կամավորականների հետ և զարմանք հայտնել առ այն, որ մինչ այժմ հայկական զինված ուժերի հրամանատարությունը կամավորականներին հետ քաշվելու հրաման չի տվել: Կամավորականներն այդ հարցով հանդիպել են ՀՀ զինված ուժերի սպայակազմի հետ և կոնկրետ տեղեկատվություն պահանջել՝ ևս մեկ անգամ փաստելով, որ այդ քայլը կործանարար է մարզի և երկրի համար:  Հրամանատարությունը պատասխանել է՝ թուրքերը չեն համաձայնում: Ավելին՝ հրամանատարության շրջանում այնպիսի տրամադրություն է տիրել, որ ամեն րոպե ստացվելու է հետ քաշվելու հրաման:

No description available.

ՀՅԴ «Արամ Մանուկյան» վաշտի ազատամարտիկները

 

Ի՞նչ իրավիճակ է այժմ Սյունիքի սահմաններին

Կապանի կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ մեկ ամսից ավելի է, ինչ դիմել են հրամանատարությանը՝ պահանջելով, որ իրենց զբաղեցրած բնագծերը, որպես եռակողմ հայտարարությամբ կազմավորվելիք պետական սահման, ամրացվեն կանոնավոր զորքով: Ցավոք, որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Մեր զրուցակիցը ներկայացրեց նաև մի շարք կարևոր փաստարկներ առ այն, թե ինչպիսի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել ներկայիս բնագծերից հետ քաշվելը: Նախ՝ սահմանի երկարությունը, միայն Կապանի հատվածում զիգզագաձև երկարելով,  կդառնա շուրջ 140 կմ, որը, ներկայումս զբաղեցրած բավականին հարմարավետ դիրքերի համեմատ, գրեթե կրկնապատկվում է: Ավելին՝ ներկայումս կամավորական վաշտերը կանգնած են այնպիսի դիրքերում, որոնց շնորհիվ ապահովվում է Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրերի անվտանգությունը, կամ, ինչպես պատկերավոր նշեց մեր զրուցակիցը, թուրքերը չեն գա և գյուղերի տների քթի առջև մուղամ միացնի: Այդ բնակավայրերն են՝ Հանդը, Սրաշենը, Ճակատենը, Շիկահողը, Սյունիքը, Ագարակը, Եղվարդը, Ուժանիսը, Դավիթ Բեկը և այլն: Կապանցի կամավորականը հավաստում է՝ նշված բնակավայրերը կարճ ժամանակում կդատարկվեն, եթե իրենք հետ քաշվեն ներկայիս բնագծերից: Ի դեպ, նա բավականին խորությամբ տիրապետում էր Խորհրդային միության ժամանակաշրջանում Զանգելանի և Կուբաթլուի շրջանների ձևավորման գործընթացին՝ իրավացիորեն փաստելով, որ խորհրդային վարչատարածքային կամայական գծանշումները չեն կարող պետական սահմանի համար հիմք ծառայել:

No description available.

Քարտեղի հեղինակ՝ Սասուն Դանիելյան

 

Ողբերգության հերթական արարը

Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Կապանում հանդիպում-ժողով է տեղի ունեցել զինվորական հրամանատարության հետ, որի ընթացքում ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր  Վալերի Քոչարյանն արդեն հայտարարել է, որ մեկ օր անց՝ դեկտեմբերի 18-ին, պետք է հետ քաշվել ներկայումս զբաղեցրած բնագծերից և հանձնել դիրքերը: ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի շտաբի պետ, ՀՅԴ Կապանի կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը, որը ևս մասնակցում էր այսօր տեղի ունեցող բողոքի ակցիային (կապանցիներն այս պահին փակել են Երևան – Մեղրի մայրուղին և պահանջում են Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը) մեզ հետ զրույցում փաստեց, որ թեև կամավորական ուժերն ամեն ինչ արել և անելու են, որպեսզի կանխվի մեծագույն աղետը, այդուհանդերձ, դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենալու այն, ինչը վաղօրոք պլանավորված էր Փաշինյանի իշխանության կողմից: Գ. Ղահրամանյանը ևս մատնանշեց այն աղետալի հետևանքները, որոնք ներկայացրել էր կապանցիների կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցիչը:

No description available.

Ի դեպ

Փաշինյանի դավաճանական «ըմբռնման» արդյունքում թշնամուն հանձնվող Զանգելանի և Կուբաթլուի շրջանների հետ մեկտեղ թշնամու վերահսկողության տակ են անցնում նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մի շարք հատվածներ: Ի դեպ, https://www.google.com/maps/ և այլ ծրագրեր, որպես Երևան-Մեղրի միջպետական մայրուղի, արդեն մատնանշում են ոչ թե ներկայիս հիմնական մայրուղին, այլ Շինուհայր-Հալիձոր-Տաթև շրջանցիկ և կիսաքանդ գյուղական  ճանապարհը:

Վահե Սարգսյան

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica