close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարգևավճարներ՝ ռազմական դրության պայմաններում

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2020, 12:56
 Պարգևավճարներ՝ ռազմական դրության պայմաններում

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժվարությունների, երկրում ամիսներ շարունակ հաստատված արտակարգ դրության, կարանտինի (2020 թ. սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը), իսկ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած լայնածավալ պատերազմի պատճառով  հայտարարված և մինչ օրս «հասկանալիորեն» շարունակվող ռազմական դրության պայմաններում կրկին ակտիվացան պետական հիմնարկներում շռայլվող պարգևատրումների, ծանրագույն իրավիճակում պետական բյուջեից միլիոնավոր դրամներ կորզող ձրիակեր չինովնիկների վարքագծի վերաբերյալ քննարկումները: 

Ելնելով այդ իրողությունից՝ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել բոլոր նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել հետևյալ պաշտոնյաների` նախարար, նախարարի տեղակալներ, նախարարության գլխավոր քարտուղար և նրա  տեղակալներ, նախարարի խորհրդականներ, օգնականներ, ընդհանուր թիվը և տվյալ խմբին 2020 թ. առանձին սեպտեմբեր և առանձին հոկտեմբեր ամիսներին տրված պարգևավճարների չափը՝ առանց անհատական տվյալների բացահայտման:

Ստացվել է բավականին հետաքրքիր պատկեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակաշրջանում ՀՀ ԱՍՀ նախարարը, նախարարի տեղակալները, նախարարի խորհրդականները, այդ թվում՝ ԿՍԱԳ խորհրդականները, և գլխավոր քարտուղարը պարգևատրվել են 2 անգամ՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Ստացվում է, որ նրանք պատերազմի թեժ օրերին, երբ ողջ հայությունը, մի բռունցք դարձած, միջոցներ էր հավաքում ռազմաճակատին ինչ-որ կերպ օժանդակելու և հաղթանակ կերտելու համար (որը իշխանությունների կողմից դավադրաբար նվիրվեց թշնամուն), Զարուհի Բաթոյանի հիմնարկում ցինիկաբար գումարներ էին մսխում՝ «հին ամիսների պարտքերի» մարման համար:

2020 թ. հոկտեմբերի ամսին առողջապահության նախարարությունը պարգևատրում չի ստացել: Պատասխան նամակում ոչինչ չի նշված սեպտեմբեր ամսվա համար, հետևաբար՝ սեպտեմբեր ամսին ստացել են, իսկ թե որքա՞ն, դա էլ են թաքցրել՝ հղում տալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքին և համարելով անձնական տվյալ: Նախարարությունը նաև առաջարկում է հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջին, որտեղ ապագայում հրապարակվելու են հայտարարագրերը: Նախարարությանը հիշեցնենք՝ հանձնաժողովի անունը փոխվել է, այն վաղուց կոչվում է` կոռուպցիայի կանխարգելման, իսկ թե ինչպիսի քաոս է տիրում այնտեղ կամ իշխանության հետ ինչպիսի հնարավոր կասկածելի գործարքների մասին է ահազանգվել   ժամանակին, Yerkir.am-ը անդրադարձել է բազմիցս: 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրավոր պատասխանել է, որ նախարարության աշխատակիցները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճար չեն ստացել:

ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, թաքցնելով տեղեկատվությունը, խորհուրդ է տալիս սպասել և հետևել հայտարարագրերի հրապարակմանը: Նախարարությունը հազիվ թե թաքցներ պարգևատրում չստանալու` իր «հերոսական» քայլը, և նման խուսափողական պատասխանը ոչ այլ ինչ է, եթե ոչ շռայլ պարգևատրումները ժամանակավորապես քողարկելու` էժանագին մեթոդ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանում նշված է, որ մեր հարցման մեջ նշված ղեկավար պաշտոնյաների ընդհանուր թիվը 15 է, որոնց 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար վճարվել է 8.227.522 դրամ (ներառյալ` հարկերը) պարգևատրում, իսկ հոկտեմբեր ամսվա համար պարգևատրում չի վճարվել:

Առավել «հերոսական» է պատկերը ԿԳՄՍ` արդեն նախկին նախարարի վերածված Արայիկ Հարությունյանի նախարարությունում. ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցները, այդ թվում՝ բարձրաստիճանները,  սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին պարգևավճար չեն ստացել։ Բոլոր աշխատակիցների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների պարգևավճարների ֆոնդը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրավոր պատասխանել է, որ նախարարության՝ նշված պաշտոնյաները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճար չեն ստացել:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ևս որոշել են թաքցնել ամեն ինչ և, հետևելով առողջապահության և բարձր տեխնոլոգիական նախարարության օրինակին, մատնացույց են անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրվելիք տարեկան հայտարարագրերը: Վերստին փաստենք` նախարարությունը հազիվ թե թաքցներ պարգևատրում չստանալու` իր «նվիրական» քայլը, և նման խուսափողական պատասխանը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարգևավճարները հանրությունից առժամանակ թաքցնելու հնարք:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս չի տրամադրել պարգևավճարների մասին պահանջված տեղեկատվությունը՝ ցիտելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և ՀՀ Աշխատանքային օրենսգրքից մի շարք երկարաշունչ հոդվածներ: Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը ցիտելով՝ նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել եկամուտների մասին հրապարակվելիք հայտարարագրերին: Կրկին փաստենք՝ պարգևավճար չստանալու դեպքում այդ քայլը գովազդելու ավելի լավ միջոց, քան լրատվամիջոցներով հանրայնացնելը, դժվար է մատնանշել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս իր պատասխանը պատճենել է առողջապահության նախարարությունից՝ առաջարկելով հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (հիշեցնենք՝ խոսքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է) կայքէջին:

ՀՀ արդարադատության նախարարությունը ևս առաջին տեղերում է իր «յալանչիական» պահվածքով. հարցումն ուղարկել էինք նոյեմբերի 4-ին, պատասխանը ստացանք մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 11-ին: Պատասխանում նշված էր, որ այդ «դժվարին» աշխատանքը նախարարությունն ի վիճակի է իրականացնել և պատասխանել 30-օրյա ժամկետում: Ուղիղ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 4-ին, չստանալով որևէ պատասխան, զանգահարեցինք կատարող մասնագետին, և, ո՜վ զարմանք, նա մեզ փորձում էր հավատացնել, որ 30-օրյա ժամկետն սկսվում է ոչ թե մեր գրությունը ստանալու օրից (նոյեմբերի 4), այլ նախարարության պատասխանը 30-օրյա ժամկետում տրամադրելու մասին ընթացիկ նամակը մեզ ուղարկելու օրվանից (նոյեմբերի 11): Թեև մեզ խոստացան պատասխանը շուտով տրամադրել, այդուհանդերձ, ենթադրելի է՝ այսպիսի մանկական դատողության, տոտալ փնթիության պայմաններում օրենք խախտող նախարարությունում հազիվ թե հրաժարված լինեն պարգևավճարներից: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հոկտեմբեր ամսին պարգևավճար չեն ստացել ո՛չ աշխատողները, ո՛չ ղեկավար կազմը, իսկ սեպտեմբեր ամսին պարգևավճար կիրառվել է մինչ ՀՀ-ում ռազմական դրության հայտարարումը: Իսկ սեպտեմբեր ամսվա համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա  տեղակալները, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականները և խորհրդականները, ՀՀ վարչապետի օգնականները, ՀՀ փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարներն ու մամուլի քարտուղարները, ՀՀ փոխվարչապետերի խորհրդականներն ու օգնականները միասին ստացել են 8,975,188 դրամ պարգևավճար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս չի տրամադրել պարգևավճարների մասին պահանջված տեղեկատվությունը`պատասխան նամակի բովանդակությունը  տառացիորեն պատճենելով ֆինանսների նախարարությունից:

Ամփոփելով՝ փաստենք հետևյալը.

  • Նախարարություններից որոշների կողմից տեղեկատվության տրամադրման 30-օրյա ժամկետի մատնանշումը զավեշտալի իրողություն է, քանի որ ցանկացած հիմնարկության հաշվապահության համար այդ տեղեկատվության առանձնացումն ու առաքումը կարող էր տևել ընդամենը մի քանի րոպե, առավելագույնը՝ մեկ ժամ։ Նման ահռելի ժամկետի հիշատակումը պարզապես տեղեկատվության ժամանակավորապես քողարկման ինչ-որ եղանակ է։ 
  • Նախարարությունների աշխատակիցների որոշ խմբի տրամադրված պարգևավճարների մասին տեղեկության տրամադրումը որևէ կերպով չի առնչվում անձնական տվյալներին, և այդ հիմքով տեղեկատվության տրամադրման մերժումներն ավելի են խորացնում կասկածանքներն ու տեղիք տալիս արդարացի շահարկումների։ Այս պնդման հիմնավորումը հենց որոշ հիմնարկների կողմից տրամադրված տվյալներն են. պարզորոշ է, որ տվյալ խմբին տրված պարգևավճարի ընդհանուր թվից և տվյալ խմբի պաշտոնյաների ընդհանուր թվից անհնար է պարզել կոնկրետ որևէ պաշտոնյայի պարգևավճարի չափը։  
  • Գրեթե բոլոր նախարարությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվելիք` եկամուտների հայտարարագիրը մատնանշելու պարագան ևս անհեթեթություն է կամ պարզ վիրավորանք լրատվամիջոցին, քանի որ «պատասխանող» կողմը հազիվ թե չիմանար այն մասին, որ հայտարարագրերում ներկայացվում են պաշտոնյաների տարեկան եկամուտները։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է հաշվարկել կամ կռահել, թե տարեկան եկամուտների մեջ արդյո՞ք կան ռազմական դրության կամ պատերազմի շրջանում ստացած պարգևավճարներ, թե՞ ոչ, հայտարարագրված տարեկան եկամուտների մեջ որքա՞ն է կազմում, օրինակ, հոկտեմբեր ամսվա պարգևավճարը և այլն։
  • Պետական գերատեսչություններում, ինչպես համավարակով պայմանավորված արտակարգ դրության, այնպես էլ պատերազմով պայմանավորված ռազմական դրության պայմաններում շարունակվել է պետական բյուջեի անխնա մսխման տխրահռչակ գործընթացը։  

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica