|
|
|
|
Արենիի քարանձավներում դեռ շատ գաղտնիքներ կան
Դեռ 1970-ական թվականներին հայտնաբերված Արենիի քարանձավները 9 երկրների ավելի քան 12 հնագիտական հաստատություններին սկսել են հետաքրքրել 2007 թվականից, երբ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հայտ ներկայացրեց Արենիի տարածքում քարեդարյա հուշարձաններ ուսումնասիրելու համար:
Ի սկզբանե ուսումնասիրությունները սկսելուն հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Վրաստանի տարածքում` Դմանիսում, Հայաստանի սահմանին կից, հայտնաբերվել էին մոլորակի ամենահին մարդանմանների հետքերը: Մարդագոյացման խնդիրների առումով սա մեծ նշանակություն ունի, քանի որ նախկին առաջին ամենահին մարդը գտնվել էր Աֆրիկայում, իսկ սա, փաստորեն, նշանակում էր, որ աֆրիկացու առաջին հանգրվանը եղել են հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածքները:
Սա էլ հենց հայ հնագետներին մղել է ամենահին մարդու հետքերը փնտրել նաեւ Հայկական լեռնաշխարհում, եւ ի վերջո, փաստորեն, գտնել աշխարհի ամենահին կոշիկը` մոտ 5600 տարվա հնություն ունեցող տրեխները: «Մենք սկսեցինք փնտրել այն միջանցքը, որով այդ նախամարդը կարող էր տեղաշարժվել, ու քանի որ Սյունիքը եւ հատկապես Արքայի հովտի երկրաբանական հյուսվածքները հսկայական հնություն ունեն, սկսեցինք պեղել այնտեղի 15 քարայրները»,- մեզ հետ զրուցում նշեց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Այդ ժամանակ պեղումներն անցկացնող հնագետների ուշադրության կենտրոնում էր հենց հայտնի տրեխների քարայրը, քանի որ դրա շրջակայքում արդեն իսկ գտնվել էին քարեդարյա մարդու քարե գործիքներ: «Մենք փորձում էինք պարզապես ստուգել, թե կլինե՞ն արդյոք այդտեղ քարե դարի մարդու հետքեր:
Ուսումնասիրությունները, սակայն, պարզեցին, որ մենք բացում ենք մեկ այլ ժամանակաշրջանի` պղնձե-քարե դարի հուշարձան»,- նշեց գիտնականը:
Ու հենց պղնձե-քարե դարի հուշարձանն էլ հնագետներին տալիս է արտառոց պահպանվածությամբ նյութեր. Արենի քարայրի միկրոկլիման, չորությունը եւ սնկային մնացորդների բացակայությունը, Պավել Ավետիսյանի պարզաբանմամբ, նպաստել էին, որ օրգանական մնացորդները բացառիկ ձեւով պահպանվեն. «Առաջին պահին մենք հանեցինք այնտեղից խաղողի ողկույզը` չամիչը վրան: Սկզբում կարծում էինք, որ դա ուշ շրջանի երեւույթ է, ասենք` մուկն է գողացել կամ որեւէ կենդանի ու բերել այդտեղ, սակայն հետո այնտեղ գտնվեցին կառույցներ, հետո արդեն` մարդկային մնացորդներ, որոնք միանգամայն այլ բան էին հուշում»:
2008 թվականին արդեն տրեխները հանվեցին քարայրից ու մեծագույն զարմանք պատճառեցին տարածքում աշխատող իռլանդացի, հայ ու ամերիկացի հնագետներին: «Դրանք այնքան թարմ էին, եւ պահպանվածության աստիճանն այնքան մեծ էր, այնքան ճկուն ու էլաստիկ էին, որ կարող էիր այսօրվա կոշիկի պես փորձել` լա՞վ է կարած, թե՞ ոչ»,- հիշում է հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը:
Արենիի քարանձավներում, բացի վերջին ժամանակներս գտնված, մեծ աղմուկ հանած հնագույն կոշիկից, հայտնաբերվել են պղնձեքարեդարյան` հրաշալիորեն պահպանված օրգանական այլ նյութեր եւս` փայտ, գործվածքեղեն, ծղոտ եւ կաշի: Իսկ որ առավել կարեւոր է` հայ հնագետները հայտնաբերել են մարդու` հնագույն ժամանակների ուղեղներից մեկը:
«Արենիի հնավայրում մենք ժամանակին բացել էինք մի քանի թաղումներ եւ հայտնաբերել էինք գանգի մնացորդներ: Գանգերից մեկի մաքրման ժամանակ պարզվել էր, որ արյունը լերդացած է եւ պահպանել է ուղեղի հյուսվածքների դաջվածքը: Այն այժմ ուսումնասիրման ընթացքի մեջ է, սակայն դա ավելի դժվար է պահպանել, քան տրեխները»,- մեզ հետ զրույցում ասաց Պ. Ավետիսյանը:
Նույն քարայրում հայտնաբերվել են նաեւ կավաշերտ կառույցներ եւ տաշտ, որի կենտրոնում անցք կա` մեջը անոթ, իսկ շուրջբոլորը խաղողի կորիզներ են: Պավել Ավետիսյանը նշեց, որ նախնական վարկածի համաձայն` այդտեղ խաղող են ճզմել եւ քաղցու ստացել: Բոլոր այն անոթները, որոնցում խաղողի կորիզներ են գտնվել, այժմ տրվել են ուսումնասիրության: Չնայած մասնագիտական կարծիքը դեռեւս չի ստացվել, սակայն ըստ հնագետների` գործ ունենք աշխարհում ամենահին գինեգործական սրահների հետ:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
 |
|
|
|