|
|
|
|
Էլի տուժում է որակը
Ինչպես արդեն գիտենք, 2011 թվականին դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու եւ, բնականաբար, բուհերի դիմորդների թիվը կտրուկ նվազելու է: Ենթադրվում է, որ այդ տարվա ընդունելության քննություններին պիտի մասնակցեն բանակից զորացրվածներն ու նախորդ տարիների շրջանավարտները:
Սա է պատճառը, որ, ըստ կրթագիտական ոլորտի պատասխանատուների, բուհերում ամբիոնների պահպանության, աշխատակիցների հաստիքային դրույքաչափերը չկրճատելու եւ այլ խնդիրներ են առաջանալու:
Համակարգը կանգնած է երկընտրանքի առջեւ` որակի պահպանում եւ ֆինանսական խնդիրների լուծում: Եվ ինչպես նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել 2011 թվականի ճգնաժամին դիմակայելու համար:
Մասնավորապես ընդլայնվել են բուհական ընդունելության ծավալները. այս տարի եւ մյուս տարի նույնպես բուհերը հնարավորություն ունեն շատ ուսանողներ ընդունելու. «Մենք 2009-ին ընդլայնեցինք ընդունելությունը, ընդլայնելու ենք նաեւ 2010-ին, 2011-ին կլինի շատ փոքր ընդունելություն, իսկ 2012-ին` նորից սովորականից մեծ:
Այս չորս տարիների ընթացքում բուհերից ընդամենը պահանջվում է ֆինանսական հոսքերի ճիշտ կառավարում: Այն է` կուտակել ժամանակին եւ սպառել, երբ հոսքերը փոքր կլինեն: Եվ իհարկե, պահանջում ենք գոտիները ձգել. եթե ողջ պետությունը ձգել է գոտին, բուհերը նույնպես պետք է որոշակի վերանայումների ենթարկեն ծախսային որոշ հոդվածներ եւ այդ խնայողությունների շնորհիվ փորձեն հաղթահարել 2011-ը»:
Այն հարցին, թե արդյո՞ք այս ընդլայնված ընդունելությունների արդյունքում արհեստականորեն շեմը չի իջեցվում, եւ հենց դրանից չի տուժում կրթության որակը, որի մասին բազմիցս խոսվում է, եւ որի ապահովմանն են ուղղված տարբեր ծրագրեր եւ հենց նախարարության որդեգրած ռազմավարությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Արեւմտյան բոլոր բուհերն աշխատում են այդ սխեմայով. ընդունում են ավելի շատ ուսանողներ, քան մասնագետներ են տալիս: Եվ մենք թույլ ենք տալիս բուհերին, որ ընդունեն շատ ուսանողներ, որպեսզի նրանք ազատ կարողանան կտրել ու դուրս թողնել այն ուսանողներին, որոնք չեն կարողանում բավարարել բուհի պահանջներին»:
Նախարարի խոսքերով` բուհերն այնուամենայնիվ վատ ուսանողներից մաքրվելու են: Նույնիսկ արտասահմանցի ուսանողները հեշտ չեն պլստալու. Արմեն Աշոտյանը խոստացավ, որ մյուս տարվա հունվարին տեղեկատվություն է տրամադրելու նրանց ուսումնական կարգի խստացումների եւ բուհերից դուրս մնացած ուսանողների թվի վերաբերյալ:
Սակայն փոքր-ինչ տրամաբանությանը զոռ տալուց հետո հասկանում ես, որ նախ` եթե ֆինանսական խնդիրները լուծելու համար են ընդունում, ապա հետագայում հեշտությամբ դուրս չեն թողնելու, քանի որ ամեն ուսանողը ֆինանսական եկամուտ է բերում: Եվ իհարկե, արդյունքում կրթության որակը այս գործընթացից տուժելու է: Երբ սովորականից ավելի շատ ուսանողներ են ընդունում, ենթադրվում է, որ իրոք մրցութային շեմն իջնում է, բուհում են հայտնվում այնպիսի մարդիկ, ովքեր սովորական պայմաններում, ենթադրվում է, որ իրենց միավորներով պիտի չհաղթահարեին մրցույթը:
Մյուս կողմից` մեծանում է ուսանողների խտությունը բուհերում: Իսկ արդյո՞ք պետական բուհերն ունեն նյութատեխնիկական եւ լսարանային համապատասխան պայմաններ բոլոր այդ ուսանողների որակյալ կրթությունն ապահովելու համար: Օրինակ` այս տարվա սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոստովանեց, որ նախատեսվածից ավելի շատ ուսանող են ընդունել, եւ համապատասխան պայմանները չկան:
Բացի այս` ոչ վաղ անցյալում ուսանող լինելս թույլ է տալիս հենց նույն բանը վկայել: Երբ դեռեւս 2011-ի ճգնաժամի սպառնալիքը չկար, ոչ հազվադեպ վաթսունհինգ հոգանոց խումբը տեղավորվում էր անհամապատասխան չափերով լսարանում, երեք հոգանոց նստարաններին տեղավորվում էին չորս-հինգ հոգի. արդյունքում` հրմշտոց ամբողջ իննսուն րոպեների ընթացքում, իսկ աղմուկի մասին էլ չեմ խոսում: Եվ այսքանից հետո որքանո՞վ է արդար` ուսանողի համար ռեալ պայման չապահովելուց հետո նրան բուհից դուրս թողնելը:
Իսկ երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսում է ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի խստացման մասին, ապա ենթադրվում է, որ այդ կարգը պետք է գործի ոչ միայն մասնավոր բուհերի, այլեւ պետական բուհերի դեպքում: Բնականաբար, այդ կարգերը ինքնանպատակ չեն եւ որակի ապահովում են ենթադրում:
Իհարկե, արեւմտյան հեղինակավոր բուհերի օրինակին հետեւելը վատ չէ: Եթե հնարավորություն կա, օրինակ, 9000 ուսանողի կրթելու եւ բուհն ընդունում է այդքան մարդ, այնուհետեւ չորս տարիների ընթացքում բուհից հեռացնում «բուհի պահանջներին չհամապատասխանող» 4000-ին եւ արդյունքում ունենում` 5000 բարձր որակավորում ունեցող շրջանավարտ-մասնագետ, ապա իսկապես որ հիանալի է: Բայց եթե 9000-ի փոխարեն ընդունում ես 12000 եւ վերջում ունենում, ասենք, 8000 կասկածելի որակավորում ունեցող մասնագետ, ապա ճիշտ կլինի «արեւմտյան բուհերի» օրինակին չհետեւելը: Քանի որ այս դեպքերում, որքան էլ ջանաս, որակը տուժելու է, եւ չարժե ինքնախաբեությամբ զբաղվել:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
 |
|
|
|