Քաղաքականություն
Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Անարդարություններ լվովյան ռինգում

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի Լվով քաղաքում կայացած Եվրոպայի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել էին երկուական արծաթե եւ բրոնզե մեդալի: Երկրորդն էին ճանաչվել Հենրիկ Մոքոյանը (46 կգ, մարզիչ` Մելքոն Պապյանը), Արթուր Ներսիսյանը (50 կգ, մարզիչ` Գեւորգ Կոստանյան): Իսկ Գոռ Երիցյանը (57 կգ, մարզիչ` Մարտին Մելիքյան) եւ Ռաֆայել Սիմոնյանը (+ 80 կգ, մարզիչ` Գեւորգ Միսակյան) բավարարվել էին բրոնզե պարգեւներով:

Մրցաշարը ներկայացուցչական էր, ռինգ էր դուրս եկել 217 մասնակից: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի բռնցքամարտիկները, իրենցից առաջ թողնելով Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի հավաքականներին, զբաղեցրել էին 4-րդ տեղը: 30 երկրների հավաքականների պայքարում ցույց տրված այսպիսի արդյունքը, ինչ խոսք, գոհացնող է: Անցյալ տարի այս տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնություն չէր անցկացվել, փոխարենը Երեւանում կազմակերպվել էր աշխարհի առաջնություն, որում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել էին 7 մեդալի` 1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե: Բանն այն է, որ տարվա ընթացքում կազմակերպվում է Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն: Իսկ երկու տարի առաջ մերոնք հանդես էին եկել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում եւ արժանացել էին 4 բրոնզե մեդալի: Թվում է` Հայաստանի պատվիրակները պետք է իրենց բավարարված զգան, որ նախորդ ստուգատեսի ցուցանիշը բարելավվել է, սակայն նրանք դժգոհ են: Իսկ պատճառն այն է, որ լվովյան ռինգում մեծ անարդարություն է եղել: Հենրիկ Մոքոյանի անցկացրած եզրափակիչ հանդիպումից հետո աղմուկ է առաջացել, այն աստիճանի, որ չեն բարձրացրել հաղթողի ձեռքը: Հենրիկի մրցակիցն է եղել ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկը: Նա Եվրոպայի նախորդ տարվա կրտսեր տարիքի պատանիների չեմպիոն է: Սակայն այս անգամ ուկրաինացին իրեն չի կարողացել չեմպիոնավարի դրսեւորել: Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանն վերադարձից հետո տեղեկացրեց որ անարդարություն է կատարվել: Առաջին ռաունդում մրցավարները փորձել են միավորներ «լցնել» ուկրաինացու օգտին, եւ այն ավարտվել է 1:3 հաշվով: Հաջորդ երկու ռաունդներում էլ շատ բան չի փոխվել: Իսկ մեր երկրի ներկայացուցչի կատարած հարվածները կողային մրցավարները, որոնց թվում մեկն էլ եղել է Ադրբեջանի ներկայացուցիչ, չնկատելու են տվել: Դրանք չեն արձանագրվել: Այդ ամենը արվել է ակնհայտորեն: Եվ երբ ավարտվել է հանդիպումը 1:4 հաշվով, ու բացահայտվել է, որ անդրկուլիսյան խաղեր են գնացել, Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկը նստել է ռինգի կենտրոնում եւ հրաժարվել է այն ազատել: Նրան է միացել նաեւ անձնական մարզիչը: Փաստորեն, խայտառակ իրավիճակ է ստեղծվել: Հանդիպումները դադարեցվել են: Եվ քանի որ այդպես անվերջ շարունակվել չէր կարող, մերոնք պահանջել են, որ հաղթողի անունը կազմակերպիչները չհայտարարեն: «Մեր մարզիկը զբաղեցնում էր ռինգի կապույտ անկյունը, եւ մեր կողքին մրցավարական սեղանն էր, որի վրա հեռուստացույց էր դրված: Եվ ցուցադրումից էլ պարզ երեւում էր, որ մրցավարները չնկատելու են տալիս հարվածները: Փաստն այն է, որ մեր մարզիկի` մրցակցին հասցրած հուժկու հարվածներներն այդպես էլ անտեսանելի մնացին, միավորների չվերածվեցին: Եվ հանդիպումից հետո չգիտեինք, թե ինչ անենք, երբ այդպիսի անարդարության էինք բախվում: Մնացել էինք ռինգում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդրացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանն ի վերջո բացատրեց, որ այսպես երկար շարունակել չենք կարող, եւ անհարաժեշտ է մեր դժգոհությունը օրինական ձեւով դրսեւորել: Եվ Մոքոյանի մարզիչ Պապյանը հայտնեց, որ բողոքարկում են մրցամարտի արդյունքը»,- ասաց Ալեքսանյանը: Եվ մերոնց գլխի տակ փափուկ բարձ են դրել, խնդրել են, որ սպասեն, որպեսզի եւս 6 հանդիպումներ կայանան, ապա նոր հատուկ հանձնաժողովը քննարկի վիճահարույց հարցը: Սակայն կա սահմանված կարգ: Բողոքը կարող է լսվել միայն այն դեպքում, երբ այն ներկայացնող կողմը 500 դոլար է վճարում: Եթե հաստավում է, որ դժգոհությունն անտեղի չէ, ապա վճիռը վերանայելուց հետո, 400 դոլարը ետ է վերադարձվում, իսկ 100 դոլարը պահվում է: Այն դեպքում, երբ որոշումն անփոփոխ է թողնվում, ոչինչ էլ ետ չի վերադարձվում: Եվ մերոնք անհամբերությամբ սպասել են, իսկ բողոքարկման ընթացքին անմիջականորեն հետեւել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյանը: Ի վերջո, հանձնաժողովը դիտել է վիճահարույց մրցամարտի տեսագրությունը եւ ուժի մեջ է թողել այն որոշումը, որ ուկրաինացի բռնցքամարտիկն է հաղթողը: Բայց որպեսզի մեր մարզիկի սիրտը շահեն, առաջնութան ավարտից հետո նրան է հանձնվել ամենամարտական բռնցքամարտիկի համար սահմանված մրցանակը: Այնպես որ, պատանի հայ բռնցքամարտիկն իրեն գերազանց է դրսեւորել: Հավելենք, որ նա միչեւ վճռական հանդիպումը պարտության է մատնել Սոլոդկա Ամիրմեսին (Լիտվա), Լահոր Կուրբանիային (Բելառուս), Վաշ Դիանին (Իռլանդիա), Դանիել Շամսուդինովին (Ռուսաստան): Ընդ որում, մերոնց համար անսպասել է եղել, որ Մոքոյանը կարողացել է հաղթել հատկապես շատ ուժեղ. վերջին մրցակցին: Ինչ վերաբերում է արծաթե մեդալակիր դարձած մեր մյուս մարզիկին` Արթուր Ներսիսյանին, ապա Ալեքսանյանն անկեղծորեն խոստովանեց, որ եզրափակչում նա իրոք իր պատրաստականության մակարդակով զիջել է անգլիացի Թոմաս Վարդին: Բայց մինչեւ վճռական հանդիպումը մեր մարզիկը տպավորիրչ հաղթանակներ է տարել: Ընդ որում, նա կիսաեզրափակչում առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արարատ Բայրամյանի նկատմամբ: Հավաքականի գլխավոր մարզիչը գոհ էր նաեւ մեր երկրի` պատվո պատավանդան բարձրացած մյուս մարզիկների` Գոռ Երիցյանի եւ Ռաֆայել Սիմոնյանի մրցելույթներից: Նա այն կարծիքին է, որ պետք է մեդալակիր դառնար նաեւ 54 կգ քաշային Զավեն Այվազյանը: Իրականում քառորդ եզրափակչում նա հաղթել է ադրբեջանցի Ալի Աբասովին, սակայն մրցավարները հաղթանակը 3:2 հաշվով նվիրել են նրա մրցակցին: Ընդ որում, մեր պատվիրակները նկատել են, որ մրցավարները փորձում են շարժումների միջոցով իրար հետ փոխհամաձայնության գալ` ի վնաս մեր մարզիկի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը զայրացել է եւ այդ առիթով իր վրդովմունքն է հայտնել մրցավարական հանձնաժողովին, բայց դա էլ չի օգնել դավադրությունը կանխելու: Ընդ որում, մրցավարական հանձնաժողովի ղեկավարներից մեկը, որն իրականացրել է նաեւ վիճակահանությունը, Ադրբեջանի ներկայացուցիչ Նավթալի Գուլիեւն է եղել: Փաստորեն, նրա միջոցով են որոշվել, թե ովքեր են որպես մրցավար սպասարկելու հանդիպումները:
Ալեքսանյանը չթաքցրեց, որ թիմում ընդգրկելու մտադրություն չի ունեցել 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանին: Սակայն նրան հնարավորություն տրվել է իր միջոցներով մրցավայր ներկայանալու: Եվ գյումրեցի մարզիկը տանուլ է տվել առաջին իսկ հանդիպումը: Հայաստանի հավաքականում 11 բռնցքամարտիկ է եղել, եւ մեծ մասն արժանիորեն է դրսեւորել իրեն: Դրա վառ վկայությունն է այն, որ, բացի մեր մրցանակակիրներից, 5-րդ տեղ գրաված Արման Դարչինյանը (48 կգ), Տարոն Սողոմոնյանը (52 կգ), Զավեն Այվազյանը (54 կգ), Ռադիկ Գրիգորյանը (63 կգ), իրավունք են ստացել զինվորական ծառայություն անցկացնել մարզական վաշտում: Դրա համար, ըստ կարգի, անհրաժեշտ է Եվրոպայի, աշխարհի առաջնություններում զբաղեցնել 1-6-րդ տեղերը: Ի դեպ, այս հավաքականում չկար ոչ մեկը, որն անցյալ տարի մասնակցած լիներ Երեւանում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությանը: Վերջինիս ավարտից հետո, Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզչի նախաձեռնությամբ, Երեւանի պետական մարզական քոլեջում անցկացվել էր մրցաշար: Ընտրվել էին թիմի նոր անդամներ: Եվ Հայաստանի նորաստեղծ հավաքականը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում միջազգային մրցաշարի էր մասնակցել: Իսկ այս տարի արդեն հավաքականը Կալինինգրադում կարողություններն էր փորձել թիմային միջազգային մրցաշարում եւ, հաղթելով Բելառուսի, Գերմանիայի ներկայացուցիչներին ու, զիջելով միայն Ռուսաստանի ընտրանուն, գրավել էր երկրորդ տեղը: Այնպես որ, Հայաստանի հավաքականը հաստատել էր, որ ներուժ ունի: Իսկ այս ստուգատեսից առաջ պատանի բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք էին անցկացրել Ծաղկաձորում, Աբովյանում: Փաստորեն, բոլոր պայմանները ստեղծված էին եղել հաջող հանդես գալու համար: «Երկու մարզաբազաներում էլ կա լողավազան, ընդհանուր ֆիզիկական պատրասականության մարզասրահ: Այնպես որ, ծրագրավորված նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել էին: Ինձ հավաքականը նախապատրաստելուն օգնել են մարզիչներ Էդիկ Կոստանյանը, Մելքոն Պապյանը, Վանիկ Գեւորգյանը: Այժմվանից պետք նախապատրաստվենք հաջորդ տարվա օգոստոսին նախատեսված պատանիների աշխարհի առաջնությանը: Եթե այն որոշեն Բաքվում կազմակերպել, իմաստ չի ունենա մասնակցելը»,- կեսկատակ ասաց Ալեքսանյանը:

Գագիկ Բեգլարյան
||