Քաղաքականություն
Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Առանց հուսադրող խաղի

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց գլխից բարձր ցատկել չկարողացան:

Մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում Երեւանի «Ուլիսը» հյուրընկալել էր Թել Ավիվի «Բնեյ-Յեհուդային»: Կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Հանդիպումից հետո երկու թիմերի մարզիչներն էլ դժգոհեցին, որ շոգը հնարավորություն չի տվել ֆուտբոլիստներին լրիվ ուժով խաղալ:

Հյուրերի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը խաղի արդյունքն իրենց համար ձեռնտու համարեց, քանի որ պատասխան հանդիպումը կայանալու է տանը: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքով, իր սաներին խանգարել է հոգեբանական լարվածությունը եւ ավելորդ շտապողականությունը: Նա նշեց, որ պատասխան խաղից առաջ բոլոր հնարավորությունները կորած չի համարում: Իսկ ահա, Երեւանի «Բանանցը», կարելի է ասել, կորցրեց բոլոր հույսերը: Մեր թիմը վատ խաղաց եւ հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով պարտվեց Ֆամագուստայի «Անորտոսիսին» (Կիպրոս): Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին:
||