|
|
|
|
2015թ.` արդարության հաստատման սահմանագիծ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հուլիսի 2-ին մեկնարկեցին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով միջազգային համաժողովի աշխատանքները:
Համայն հայության օգնությամբ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների հաղթահարման հարցերում բեկումնային փոփոխություններ մտցնելու ակնկալիքով համաժողովի մասնակիցներն առաջարկում են մշակել համապարփակ ծրագիր, որը կնախանշի Հայ Դատի եւ Հայոց պահանջատիրության վերաբերյալ համայն հայության միասնական դիրքորոշումը, բոլոր պետություններին այն հասցնելու միջոցներն ու ձեւերը, կներկայացնի միասնական համակարգված գործողություններ ինչպես ՀՀ-ում, Սփյուռքում, այնպես էլ այլ պետություններում:
«Հաշվի առնելով, որ ժամանակակից Թուրքիան շարունակում է վարել Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, մենք պարտադրված ենք ուսումնասիրել եւ գտնել այն ճանապարհը, միջոցը, որի շնորհիվ կարող ենք միջազգային դատական ատյանի վճռով քաղաքական պատասխանատվության ենթարկել թուրքական պետությանը: Դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է գիտական, իրավական, քաղաքական պատշաճ մակարդակով ուսումնասիրել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված համապատասխան հայցով միջազգային դատական ատյաններին միակողմանի դիմելու հնարավորությունը»,- նշեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ասաց, որ թեեւ այս տարիների ընթացքում եղել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ, բազմաբնույթ համաժողովներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, բայց այս մեկը, ըստ նրա, տարբերվում է քանի որ այսօր նոր տեսանկյունից են հարցին մոտենում, ոճրագործն էլ պետք է հասկանա եւ ընդունի, որ 21-րդ դարի հայը այլեւս 20-րդ դարի հայը չէ: Սփյուռքի նախարարը մեր վերջին եւ կարեւորագույն ձեռքբերումներից է համարում նաեւ այն, որ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հետեւանքների վերացումը դարձել է պետական քաղաքական կարեւորագույն անկյունաքարերից մեկը:
Համաժողովին ներկա ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր արդեն իսկ անհրաժեշտ է շատ արագ սկսել հայոց իրավունքների բարձրացման եւ հատուցման հարցի ուսումնասիրություն-եզրակացություն, որին պետք է հաջորդեն անհրաժեշտ համապատասխան քայլերը: Թեեւ այդ ուղղությամբ ՀՅԴ-ն համապատասխան քայլեր արդեն իսկ ձեռնարկել է, բայց, ինչպես նշում է Կ. Մանոյանը, դա բավարար չէ, քանի որ իսկապես անհրաժեշտ է համահայկական մոտեցում:
«Ցեղասպանության ճանաչման հարցն ինքնին առաջնահերթ չէ, փաստը ճանաչելու խնդիր չկա, պարզապես անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացն ուղղակիորեն նպաստի հատուցման խնդրին»,- նշեց Կիրո Մանոյանը:
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ
|
|
 |
|
|
|