|
|
|
|
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարվածում է «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին»
Հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակը: Այդ կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց. «Պետականությունը սկսվում է մի շարք գործոններից, որոնցից ամենակարեւորը Սահմանադրությունն է»:
Նրա խոսքերով` մեր Սահմանադրությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին, սակայն գլխավոր օրենքի տեքստը կատարյալ չէ այնպես, ինչպես աշխարհում ամեն բան:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` եթե մեր երկրում ժողովրդավարության տեսանկյունից ինչ-որ խնդիրներ կան, ապա մեղավորը մեր Սահմանադրությունը չէ:
«Իսկ ո՞վ է մեղավոր»,- հարցրեց լրագրողը: Չցանկանալով նեղացնել ոչ մեկին` Ա. Հարությունյանը նախընտրեց մեղադրել բոլորին, թեեւ համոզված է, որ ճիշտ չէ ամեն ինչում մեղավորներ փնտրելը. «Բոլորն էլ մեղավոր են: Մեր երկրում քաղաքական համակարգը միասնական է` թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը նույն քաղաքական մշակույթի կրողներն են: Քաղաքացիական հասարակությունն էլ է մեղավոր, որովհետեւ այդքան ակտիվ ու պայքարող չէ: Առաջին պայքարից հետո եթե հաջողության չի հասնում, անմիջապես սկսում է փնովել` սա երկիր չէ, այստեղ ապրել հնարավոր չէ»:
Այս առումով նա կարեւորեց մարդու` սեփական իրավունքների իմացությունը եւ պայքարը արդարության հաստատման համար:
Օմբուդսմենին մտահոգում է Հայաստանում տնտեսական մենաշնորհները եւ ազատ մրցակցության բացակայությունը, ինչը բացասաբար է անդրադառնում նաեւ մյուս ոլորտների վրա: «Տնտեսության մենաշնորհային պայմաններում, ազատ մրցակցային պայմանների բացակայության դեպքում չենք կարող ակնկալել, որ ամեն ինչ հրաշալի կլինի: Սխալ է, որ քաղաքական եւ տնտեսական էլիտան միախառնված են լինում: Սա պետք է փոխել»,- նշեց Ա. Հարությունյանը:
Եթե մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն ունենար փոփոխություններ անել Սահմանադրության մեջ, կուժեղացներ պառլամենտարիզմի ինստիտուտը Հայաստանում, կմեծացներ Սահմանադրական դատարանի դերը եւ այնպես կաներ, որ դատական համակարգը հնարավորինս անկախ լիներ քաղաքական իշխանությունից: Այլ կերպ ասած` կվերացներ այն բոլոր մեխանիզմները, որոնց պատճառով հնարավոր է դառնում շրջանցել Սահմանադրությունը:
Արմեն Հարությունյանի խոսքերով` Հայաստանի բոլոր երեք նախագահների օրոք էլ խախտվել են մարդկանց սահմանադրական իրավունքները. «Ցավոք, 95 թվականին ձեւավորվեց մի մշակույթ, որ մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք գրված են, սակայն ապահովված չեն, խախտվել են եւ շարունակում են խախտվել»:
Հարց հնչեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների հակասահմանադրական լինելու մասին: «Սահմանադրության հետ հակասություն չեմ տեսնում»,- պատասխանեց օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան ներկայացված հայցադիմումին, մարդու իրավունքների պաշտպանը կանխատեսում է, որ այն կմերժվի, քանի որ Հայաստանը Հաագայի փաստաթուղթը չի ստորագրել, եւ նրա իրավասությունը Հայաստանի վրա չի տարածվում:
Մերի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
|
|
 |
|
|
|