Քաղաքականություն
Հայրենի
Անդրադարձ
Մարզական
Նոտարի գործելաոճը փոփոխման կարիք ունի

Նոտարական ծառայությունները, քաղաքացիական օրենսգրքով որոշակիորեն կարգավորված լինելով հանդերձ, առաջացնում են դրանցից օգտվողների դժգոհությունը, իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, իսկ տարբեր գործառույթների համար վճարվող գումարներն էլ չափից դուրս թանկ են:

Թե ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը, եւ ինչն է պատճառը ոչ պատշաճ վերահսկողության` երեկ «Դե Ֆակտո» ակումբում քննարկեցին արդարադատության նախարարության նոտարական բաժնի պետ Մարիամ Գաբոյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս անհասկանալի էր, թե ինչու է եկել, քանի որ խոսեց ավտոճանապարհային ոստիկանության կաշառակերության շատ քիչ չափերի մասին եւ հայտարարեց, որ նոտարական գրասենյակներում կոռուպցիա չկա: Ի տարբերություն բնակչության մի ստվար զանգվածի, ովքեր գործ են ունենում նոտարների հետ, ասպարեզում կոռուպցիայի բացակայության մտքի հետ լիովին համամիտ էր նաեւ Մ. Գաբոյանը:
Նա, սակայն, համամիտ էր, որ լինում են թերացումներ, որոնք վերացնելու համար իրենք փորձում են նոտարների գործունեության հետ կապված փոփոխություններ մտցնել օրենսդրական դաշտում:

Ըստ Մ. Գաբոյանի, այդ փոփոխությունները հիմնականում վերաբերում են մի շարք տեխնիկական հարցերի, որոնք, աննշան թվալով հանդերձ, կարեւոր դեր են կատարում գործարքները վավերացնելիս: Հաջորդ հարցը, որը կարգավորման կարիք ունի, կառավարության սահմանած գնային սանդղակն է` կապված մատուցած նոտարական ծառայությունների հետ. այն չափազանց մեծ տատանում ունի:
Մեր պետությունում ներկայումս գործում է 78 նոտար, դրանցից 30-ը` մայրաքաղաքում:

Չնայած լրագրողները բազմաթիվ օրինակներ բերեցին նոտարների կամայական գործունեության վերաբերյալ, Մ. Գաբոյանն անդրդվելի էր` նոտարներն անթերի են աշխատում եւ վե՛րջ:

Նրա ներկայացմամբ, 2002 թվականից Հայաստանը դարձել է Լատինական նոտարիատի անդամ, նոտարները հանդես են գալիս պետության անունից, ենթարկվում են կառավարության սահմանած կանոններին: Նրանք, սակայն, պետական պաշտոնյա չեն համարվում, եւ պետությունն էլ պատասխանատվություն չի կրում նրանց կատարած գործարքների համար:

Եթե նոտարը սխալ փաստաթղթեր է հաստատել, ապա ինքն է միակ պատասխանատուն` տուժած քաղաքացուն դատարանի միջոցով վնասը փոխհատուցողը: Գոյություն ունենալու ողջ ընթացքի համար Մ. Գաբոյանը այդպիսի միայն մեկ դեպք հիշեց (դե, ով այդքան ներվեր ունի, որ նոտարը քիչ է` հիմա էլ դատավորների ճանկն ընկնի):

Նաիրա ՊՈՂՈՍՅԱՆ
||