|
|
|
|
Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը նվազե՞լ է
Թեեւ ամառային հանգստի շրջանը դեռ նոր է սկսվում, եւ վաղաժամ կանխատեսումներ ոչ բոլոր հայկական տուրիստական գործակալություններն են իրենց թույլ տալիս անել, սակայն արտագնա տուրիզմով զբաղվող այն բոլոր գործակալությունները, որոնց հետ մենք խոսեցինք, կանխատեսում են, որ այս տարի թուրքական լողափները նախորդ տարիների պես չեն հետաքրքրում հայերին:
Կոնկրետ պատճառներ գործակալություններից քչերը կարողացան նշել, սակայն հիմնական միտքը, որ արծարծվում է, վերաբերում է ներկա քաղաքական վիճակին:
«Այս տարի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ այնպիսին չեն, ինչ անցյալ տարի»,- մեզ հետ զրույցում նշեց First Travel տուրիստական գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանը, որը վստահեցրեց մեզ, որ այս տարի կոնկրետ իրենց գործակալության տվյալներով` Անթալիայի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ նվազել է, փոխարենը ավելացել է ձգտումը դեպի Քոբուլեթի ու Բաթում, նաեւ` Թունիս:
Ի դեպ, First Travel-ը Հայաստանում առաջին տուրիստական գործակալությունն է, որ որոշում է ընդունել հայաստանցի զբոսաշրջիկներին դեպի Թուրքիա փաթեթներ ընդհանրապես չվաճառել: Իսկ պատճառը, Կարեն Անդրեասյանի խոսքով` նրա մտահոգությունն է, որ Թուրքիան լավ վերաբերմունք չի ցուցաբերի մեր զբոսաշրջիկների հանդեպ, ինչի համար կան ակնհայտ պատճառներ.
«Ինչքան էլ որ մեզ ասեն, թե զբոսաշրջիկների հետ կապված Անթալիայում չի կարող լինել որեւէ խնդիր, ես դրանում վստահ չեմ: Այս պրոպագանդայի պայմաններում մեր զբոսաշրջիկները հաստատ բացասական վերաբերմունքն իրենց վրա կզգան:
Վերջին քաղաքական իրադարձությունները ինձ վտանգավոր կանախատեսումների առիթ են տալիս: Այս տարին սպասելու ժամանակահատված է, եւ կարելի է Անթալիան փոխարինել այլ ուղղություններով: Ու բացի այս ամենից` որեւէ մեկը պետք է լիներ, որ Թուրքիայի շուկային ցույց տար, թե մենք էլ կարող ենք քայլեր անել նրանց զբոսաշրջիկների թիվը նվազեցնելու համար»,- ասում է First Travel-ի տնօրենը եւ վստահեցնում, որ ինչքան էլ շատերը պնդեն, թե Անթալիայի շուկայի համար էական չէ` հայ զբոսաշրջիկները կլինեն, թե ոչ, իրականում յուրաքանչյուր շուկայի համար էլ դա անչափ կարեւոր է:
«Էլ Էյջ թրավլ» տուրիստական գործակալության մենեջերը եւս մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է հետաքրքրությունը Անթալիայի հանդեպ. «Իհարկե, դեռ վաղ է նման կանխատեսումներ անելը, սակայն, մեր գործակալության տվյալներով` այս տարի ավելի գրավիչ են Կիպրոսը, Բուլղարիան եւ Թունիսը:
Գրեթե նույն կանխատեսումներն արեց նաեւ արտագնա տուրիզմ իրականացնող «Աստղաձոր տուր» տուրիստական գործակալությունը. «Անթալիա գնացողները բավականին նվազել են, փոխարենը ավելացել են Արաբական Էմիրություններ եւ Բուլղարիա գնացողները»,- մեզ հետ զրույցում նշեց գործակալության ներկայացուցիչը:
Իսկ նախորդ տարվա այս ժամանակահատվածում Անթալիա գնացողների մեծ հոսք ունեցած «Ֆորտունա» տուրիստական գործակալությունը այս տարի Անթալիայով հետաքրքրվողների կտրուկ նվազում նկատեց, դրա փոխարեն` Եգիպտոսի գրավչության ավելացում:
Ինչեւէ, հայկական մամուլում շատացել են խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում փորձ է արվում ամռան շեմին շրջանառության մեջ դնել Անթալիայի հանգստավայրերը բոյկոտելու գաղափարը, ու թե Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներն արգելում են չինովնիկներին հանգստանալու մեկնել Անթալիա: Իհարկե, այդ գաղափարը մեկ անգամ չէ, որ դրվում է շրջանառության մեջ, եւ, բնականաբար, դա այսօր, բացի հայրենասիրական մղումներից, տարբեր պատճառներ ունի, սակայն առայժմ չենք կարող ասել, թե արդյոք Թուրքիայում հանգիստն անցկացնել ցանկացողների թիվը պետական քաղաքականության արդյունքո՞ւմ է նվազել:
Սակայն մի բան պետք է լավ հասկանալ. Թուրքիայում հագստանալու դեմ պայքարելու համար պետք է նախ եւ առաջ հայկական շուկայում ստեղծենք այնպիսի գներ, որ մեր զբոսաշրջիկը նախընտրի այստեղ անցկացնել ամառային հանգիստը, որովհետեւ մեզանից շատերը նախընտրում են ոչ միայն Թուրքիայում, նաեւ Վրաստանում կամ Եգիպտոսում հանգստանալ, քանի որ նույն գումարով սեփական երկրում հանգստանալ հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հանգստավայրերը բոյկոտելու պետական քաղաքականությանը` գուցե դա իսկապես լուրջ վնասներ չհասցնի Թուրքիայի զբոսաշրջությանը, սակայն կարելի է ժամանակ առ ժամանակ նման քաղաքականություն կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք նորմալ հարաբերություններ չեն պահպանում մեր երկրի հետ, ու այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ Վրաստանին, որ շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիները:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
 |
|
|
|