|
|
|
Կրկին ողջամիտ ժամկետների խոստումներո՞վ
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:
Կարեւորն այն է, թե Քլինթոնը ինչո՞վ է ժամանում: Այցելության նախօրեին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, թե Քլինթոնը Երեւանում հայ-ամերիկյան հարաբերություններին զուգահեռ քննարկելու է տարածաշրջանային խնդիրներ, առաջին հերթին` Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները:
Այս օրակարգում զարմանալու ոչինչ չկա, բայց չի կարելի չնկատել, որ Քլինթոնի այցը տեղի կունենա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների` Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությունից հետո, ուր ասվում է, թե Երեւանը եւ Բաքուն պետք է մեկ քայլ եւս անեն` համաձայնեցնելու համար կարգավորման հիմնարար սկզբունքները եւ դրանց հիման վրա անցնեն Խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը: Հայտարարությունում ասվում է, թե երեք տերությունները մտադիր են հետագայում եւս ամեն կերպ օգնել կողմերին այդ քայլն անելում, եւ, ամենայն հավանականությամբ, հատկապես այդ կամավոր օգնության ազնվաբարո համատեքստում էլ պետք է դիտարկել ԱՄՆ պետքարտուղարի այցը:
Այստեղ չի կարելի չանդրադառնալ մի հանգամանքի: Ինչպես հայտնի է, հիմնարար սկզբունքներով նախատեսվում է առաջին փուլում հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղին շրջակա տարածքներից: Ենթադրաբար, այդ դուրս բերումը եւս պետք է փուլ առ փուլ իրականացվի` մյուս հիմնարար սկզբունքների դրույթների իրագործմանը զուգահեռ. հաղորդակցությունների ապաշրջափակում, ԼՂ միջանկյալ կարգավիճակի որոշում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ միջանցքի սահմանում, ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում, փախստականների վերադարձ եւ այլն... Բայց, ամեն դեպքում, առաջին կոնկրետ քայլը կարծես թողնում են հայկական կողմին, եթե անգամ դա կլինի զորքերի հետքաշում ընդամենը մի շրջանից...
Եվ հիմա ինչպես չհիշել անցած տարվա հոկտեմբերի 14-ի Ցյուրիխը, երբ ԱՄՆ պետքարտուղարը, որպես հայ-թուրքակական ստորագրվող արձանագրությունների գլխավոր երաշխավորներից մեկը, հպարտ կանգնած էր Նալբանդյանի եւ Դավութօղլուի թիկունքում... Այդ խորապատկերին թվում էր, թե ոչ ոք այլեւս ի զորու չէ խանգարել արձանագրությունների հաղթարշավին: Ինչպես բազմիցս հայտարարել էին ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում` անձամբ պետքարտուղարը, դրանց վավերացումը պետք է տեղի ունենար առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, եւ դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններում պետք է նոր պատմական փուլ սկսվեր...
Թե ի՞նչ ստացվեց այդ ամենից` հայտնի է: Անկարան պարզապես թքեց ե՛ւ ողջամիտ ժամկետների, ե՛ւ առանց նախապայմանների վավերացման, ե՛ւ Նալբանդյանի ու Դավութօղլուի թիկունքում կանգնածների վրա: Ու դա նրան ոչ միայն հալալ եղավ, այլեւ օգնեց ԱՄՆ Կոնգրեսում կասեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման գործընթացը: Ի դեպ` ոչ առանց նույն Քլինթոնի օգնության, որը թեեւ խոսում էր առանց նախապայմանների, այսինքն` այդ թվում` առանց Ցեղասպանության հարցի հետ կապելու հարաբերությունների մասին, բայց թուրքական դիվանագիտության ճնշման տակ հայտարարեց, թե պետքարտուղարությունը հարմար չի նկատում բանաձեւի ընդունումը, որովհետեւ իբր դա կարող է խանգարել արձանագրությունների վավերացմանը...
Արդյունքում` ի՞նչ ունենք Քլինթոնի «երաշխիքների ներքո»: Արձանագրությունները վախճանվեցին, Ցեղասպանության բանաձեւը քնեց: Ու հիմա անդադրում պետքարտուղարը եկել է օգնելու Երեւանին եւ Բաքվին` վերջին քայլն անելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում, որոնց իրականացումը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում անվտանգության գոտուց...
Երեւանում Քլինթոնը անպայման երաշխիքներ կտա, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի եւ միջազգային հանրության կողմից ճանաչվի ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների: Բայց ո՞վ կհավատա:
Իսկ եթե հիմնարար սկզբունքների համաձայնեցումից, Խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ զորքերի դուրսբերումից հետո Ադրբեջանը, թուրք դիվանագիտության ավանդույթներին համաձայն, ձախողի մյուս պայմանավորվածությունների իրականացումը եւ իր համար առավել նպաստավոր դիրքերից փորձի նոր պատերազմ սանձազերծել Ղարաբաղի դեմ, այդ դեպքում` ի՞նչ:
Հայ-թուրքական արձանագրությունների տխուր պատմությունից արդեն գիտենք ԱՄՆ պետքարտուղարի գործողությունների ալգորիթմը: Նա կհայտարարի, թե ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ողջամիտ ժամկետներում եւ... ԱՄՆ Կոնգրեսից կպահանջի չքննարկել Ցեղասպանության բանաձեւը, որովհետեւ դա կարող է խանգարել հիմնարար սկզբունքների իրագործմանը...
Ո՛չ Երեւանին, ո՛չ Ստեփանակերտին նման «երաշխիքներ» պետք չեն: Եթե Քլինթոնն իրոք ցանկանում է օգնել հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, պետք է այլ տեղից սկսի: Սկզբի համար պետքարտուղարը պետք է հիշի իր ցյուրիխյան երաշխիքների մասին, Անկարային պարտավորեցնի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գնալ առանց նախապայմանների, ինչը ավելի կառուցողական մթնոլորտ կստեղծի տարածաշրջանում եւ կհեշտացնի Խաղաղության համաձայնագրի մշակումն ու իրագործումը:
Իսկ Անկարայի համապատասխան քայլը հեշտացնելու համար պետքարտուղարն առաջին հերթին չպետք է տուրք տա թուրքական այն պատրանքներին, թե, արձանագրությունները պահելով առկախված, Թուրքիան խոչընդոտում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Եթե Քլինթոնն իսկապես ցանկանում է, որ Երեւանում ու Ստեփանակերտում նրան վստահեն, ԱՄՆ պետքարտուղարն առաջին հերթին պետք է հանի Սպիտակ տան` Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հնարավորության խայտառակ «վետոն»:
Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ
|
|
 |
|
|
|