Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Մարզական
Արամ Համբարյան. «Ամենաճիշտ քայլը, որ Քլինթոնը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է»

ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է օգտագործի պետքարտուղար Քլինթոնի այցը Հարավային Կովկաս Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացներում իր չհաջողած քաղաքականությունը վերանայելու համար. «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:

Նրա խոսքերով` եթե Քլինթոնի այցը քաղաքականությունը վերագնահատելու ցանկությամբ է արվում, ապա դա դրական զարգացում է, իսկ եթե վերաամրագրելու են վերջին 18 ամիսների բացասական ավանդույթները, ապա այցը լավատեսություն չի ներշնչում:
Համբարյանի կարծիքով` ամենաճիշտ քայլը, որ ԱՄՆ պետքարտուղարը կարող է անել, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն է եւ այդ ոճիրը ճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալը:

«Այս վարչակազմը գնալով ավելի սխալ ուղղությամբ է շարժվում. նախընտրական քարոզարշավի ժամանակ Ցեղասպանության ճանաչման խոստումից այն շարժվեց դեպի այս հարցի շուրջ լռության քաղաքականություն, այնուհետեւ պարզապես չճանաչեց, հետո ավելի հեռուն գնաց` հակադրվելով Կոնգրեսում Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին»,- ընդգծել է Ա. Համբարյանը:

Հարցին, թե Քլինթոնը արդյո՞ք կրկին հետամուտ կլինի հայ-թուրքական գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարյանը պատասխանել է. «Հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն բարելավվի, եթե Հայոց ցեղասպանությանը չվերաբերվեն ճշմարտության եւ արդարության դիրքերից: Թուրքիան, իհարկե, կբողոքի, բայց ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնված լինի ամերիկյան արժեքների եւ շահերի վրա»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ա. Համբարյանը նշել է, որ այդ հարցում էլ ԱՄՆ վարչակազմը շեղվել է ճիշտ ուղուց: «Նախագահ Օբաման քարոզարշավի ընթացքում ասում էր. «Ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկյան սկզբունքների` ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրա»: Իրականում տեսնում ենք հայկական կողմի վրա անվերջ շարունակվող ճնշումներ, որը ժողովրդավարական չէ, սխալ է»,- նշել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե այդ նույն քաղաքականությունը կիրառվեր 1776 թվականին, երբ Միացյալ Նահանգները անկախություն հռչակեցին, Ամերիկան կմնար Բրիտանական կայսրության կազմում:
||