Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Մարզական
Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տիկին Քլինթոնից սպասելիքներ առանձնապես չունի: «Չեմ կարծում, որ տեղաշարժ կլինի: Բայց այն խոստումը, որ Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է` կապված արձանագրություններից ստորագրությունները ետ չվերցնելու հետ, գոնե առայժմ կմնա:

Իրենք նույնը կպահանջեն եւ կստանան: Ուրիշ առաջընթացի հիմք չկա, որովհետեւ թուրքերն են իրականում որոշում, թե երբ ինչ առաջընթաց կլինի: Իսկ Թուրքիան ասում է, որ առաջընթաց չի լինի, եթե Ղարաբաղի հարցը չկարգավորվի:

Իսկ Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»,- հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մեզ հետ զրույցում նշեց Կ. Մանոյանը: Նա նաեւ չի կարծում, որ ՀՀ իշխանությունները կոշտ դիրքորոշում կարտահայտեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված` Ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հետ կապված. «Իրատես պետք է լինենք: Եթե Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ԱՄՆ իշխանությունների պահանջներին, հորդորներին կամ ճնշումներին եւ արձանագրություններից ստորագրությունները ետ չեն վերցնում, մտածել, թե նրանք ամերիկյան իշխանություններից ինչ-որ բան կպահանջեն, ճիշտ չի լինի»:

ՀՅԴ գործիչը ճիշտ չի համարում նաեւ ԱՄՆ պետքարտուղարի այցը հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հակամարտության թեմաների բաժանելը: Ըստ նրա, դրանք կապվել են իրար, եւ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի Ղարաբաղի հարցում առաջընթաց լինի:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Քլինթոնի` ԱՄՆ անկախության տոնին Երեւանում գտնվելը եւ հատկապես Հայաստանում գիշերելը համարում էր Հայաստանի դերը բարձր գնահատելու հավաստիացում, իբր Ամերիկան դրանով կարեւորում է ե՛ւ մեր պետության դերը, ե՛ւ արտաքին քաղաքականությունը:

Այս առումով Կ. Մանոյանը նշեց. «Կարեւորն այն է, որ նա այստեղ է գալիս Բաքվից: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանից տեսակետներ հավաքած պետք է գնա Բաքու` ինչ-որ բան համոզելու, այլ Բաքվից ինչ-որ բան ստացած պետք է գա եւ այստեղ համոզի: Դա ավելի վտանգավոր է եւ վնասակար, քան թե այստեղ գիշերելը կամ հուլիսի 4-ը այստեղ անցկացնելը: Եթե նժարի վրա դնենք, ավելի ծանրակշիռ է Բաքվից այստեղ գալու փաստը: Թե չէ կարող էր հուլիսի 4-ը օդում անցկացնել: Դա այնքան էլ կարեւոր չէ»:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
||