Հասարակություն
Հայրենի
Անդրադարձ
Մարզական
Ղարաբաղյան հակամարտությունը եւ մարդու իրավունքները

Պաշտոնական Բաքուն, բարձր գնահատական տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` վերջերս արված հայտարարությանը, միաժամանակ փորձեց շեշտադրել բացառապես իրեն ձեռնտու դրույթները, հատկապես` զորքերը ազատագրված տարածքներից դուրս բերելու պահանջը, ադրբեջանցիների վերադարձը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ:

«Լավատեսությունս Ղարաբաղյան հակամարտության լուծման առնչությամբ կմեծանա, եթե իմանանք, թե ինչ են ուզում հայերը: Եթե նրանք Ղարաբաղի անեքսիա են ուզում, դա բացառված է: Եթե նրանք կշարունակեն պնդել այդ շրջանի անկախությունը, դա եւս հնարավոր չեմ համարում»,- ասել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Միեւնույն ժամանակ, նույն այդ Մամեդյարովի շուրթերով Բաքուն դեմ արտահայտվեց հակամարտության գոտի ՄԽ համանախագահ երկրների եւ սահմանակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ խաղաղապահներ մտցնելուն. «Երբ հայկական ուժերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից, եւ ադրբեջանցիները կսկսեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, ապա, բնականաբար, առաջանում է խաղարար ուժերի անհրաժեշտություն:

Սակայն դրանց չպետք է մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու սահմանակից պետությունների ներկայացուցիչներ: Սա յուրօրինակ ջենտլմենական համաձայնություն է, որը վաղուց արդեն ձեռքբերված է Մինսկի խմբի շրջանակներում»: Արդյունքում, ինչպես գրում է ադրբեջանական մամուլը. «Ադրբեջանում չեն լինելու խաղաղապահներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից եւ Իրանից»:

Այդ դեպքում ովքե՞ր են լինելու` աֆրիկացինե՞ր, կանադացինե՞ր, հոլանդացինե՞ր, գերմանացինե՞ր, ղազախնե՞ր, ուզբեկնե՞ր...
Ի դեպ, հարցը հռետորական է: Արժե հիշեցնել, որ անցած տարի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարեց Բաքվի` հակամարտության գոտում եվրոպական պետությունների եւ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներից բաղկացած առաքելության տեղակայման ցանկության մասին: Իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովն այն ժամանակ խոսեց այն մասին, որ որեւէ խաղաղապահ երաշխիքներ չի տա, եւ «օկուպացված տարածքների ազատագրումից հետո այնտեղ պետք է ադրբեջանական ոստիկանական ուժեր տեղակայվեն»:

Այլ խոսքով` Ադրբեջանը հույս ունի իր հսկողության տակ վերադարձնել ազատագրված տարածքներն ու Լեռնային Ղարաբաղը: Այլ հարց է` դա նրան թույլ կտա՞ն համաշխարհային տերությունները, որոնք սեփական շահերն են հետապնդում այս տարածաշրջանում: Բայց Ղարաբաղի հարցում ամենագլխավոր խնդիրը Հայաստանի ու ԼՂՀ-ի լղոզված դիրքորոշումն է, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հիմնավորել հայկական կողմերի համար տարածքների հանձնման անընդունելի լինելը: Այդպես էլ շփոթված կանգնել մնացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարեիք այցի նախօրեին, թեեւ մեր օգտին եղած փաստարկներն առավել, քան բավարար են:

Ադրբեջանն էլ պատրաստվում է առեւտուրի: ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Բաքվում ադրբեջանցիներին առաջարկեց Հ. Քլինթոնի այցն օգտագործել Ղարաբաղյան կարգավորման մեջ իրական արդյունքների ձեռքբերման համար: «Վստահ եմ, որ ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ, մտադիր է պետքարտուղարի այցն օգտագործել` գործընթացն առաջ մղելու համար»: Սրանից Բաքվում եզրակացրին, որ առեւտուր անելու տեղն է:

«Մեծ հաշվով, խոսքն այն մասին է, թե ի՞նչ չափանիշներով պիտի առեւտուր անենք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման եւ Իրանի շուրջ կամ երկրի ներսում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահպանման հարցերում»,- գրում է «Զերկալոն»:

Հայաստանի ու ԼՂՀ-ի համար նման բովանդակության առեւտուրը տեղին չէ: Մեր շահերից է բխում ե՛ւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, ե՛ւ մարդու իրավունքների վիճակի բարելավումը, ե՛ւ ԼՂ հիմնախնդրի լուծումը հայկական շահերին համապատասխան: Բայց առկա է կապը մարդու իրավունքների եւ կարգավորման միջեւ: Այժմ չեմ խոսելու ներքին եւ արտաքին քաղաքականության փոխկապվածության մասին: Նշեմ միայն Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների կոպիտ խախտման փաստը:

Ադրբեջանից բռնագաղթած մոտ կես միլիոն հայերի իրավունքները ոտնահարվել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: Այսօր դրանք ոտնահարվում են Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների կողմից ինչպես հայկական պետություններում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանզի ո՛չ Երեւանը, ո՛չ Ստեփանակերտը չեն պաշտպանում Ադրբեջանից ավելի քան կես միլիոն փախստականների վերադառնալու, փոխհատուցման իրավունքները: Հայերն, իհարկե, Բաքու, Սումգայիթ եւ այլուր չեն վերադառնա ադրբեջանական իշխանությունների կազմակերպած համատարած էթնիկական զտումներից ու ցեղասպանական գործողություններից հետո: Բայց կորսված հայրենիքի համար լիովին կարող են տարածքային փոխհատուցման հավակնել: Այդպիսի փոխհատուցման ռեսուրս են ազատագրված տարածքները...

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ
||