|
|
|
|
Նորից ռազմակալման (օկուպացիայի) չարչրկված հարցի շուրջ
Ո՛չ նախագահական «Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ» եռյակը, ո՛չ հարեւան եւ մեր հանրապետությունների պաշտոնյաները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են:
Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել եւ դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոչ իրենց երկրների օրենսդրությամբ եւ ոչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ նրանց:
Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը եւ միջնորդները, դատողություններ անելու փոխարեն եւ իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին:
Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ եւ որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է (International Court of Justice):
Արդարադատության դատարանի կանոնադրության (Statue of the International Law) 36-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի, Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:
Արդեն առիթ ունեցել եմ գրելու. որպեսզի որեւէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների:
Այսպես կոչված` տուժող կողմը պիտի փաստի, որ, մինչեւ տվյալ իրավիճակի առաջանալը, խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը, եւ ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control): Մեր դեպքում, մինչեւ մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչեւ գոյություն ունեցող վիճակի առաջանալը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը, եւ Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականացրել է լիակատար վերահսկում (effective control): Հակառակ դեպքում, առանց այս երկու փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի` Ադրբեջանական Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ` օկուպացիայի փաստի առկայությունը:
Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները, պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն, ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարություններին` ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից պատասխան հայցելու հետեւյալ հարցին.
Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանական Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:
Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին` հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):
Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի` հիմնազուրկ են բոլոր բայաթիները օկուպացված տարածքի եւ նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի` Ադրբեջանական Հանրապետությունը չի կարող որեւէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ: Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ բոլշեւիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները եւ դրանց մի մասն էլ դեռեւս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է կամ կարող էր օրինականացնել Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշեւիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք` ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:
Արա ՊԱՊՅԱՆ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար
|
|
 |
|
|
|