close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը նույն սուբյեկտն է և պայքարում է անկախության ճանաչման ու կորսված տերիտորիայի վերականգնման համար․ Արմեն Սարգսյան

Արցախ

14 Հունվարի 2022, 20:50
 Արցախը նույն սուբյեկտն է և պայքարում է անկախության ճանաչման ու կորսված տերիտորիայի վերականգնման համար․ Արմեն Սարգսյան

Արցախը երբեք չի շեղվելու իր ինքնորոշման ճանաչման ճանապարհից, և հետո միանալու է Մայր Հայաստանին` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ նախկին անդամ Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, իբրև թե Մինսկի Խումբը կարող է ունենալ իր օրակարգը, բայց դա ոչ մի կապ չպետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է։ Ի պատասխան այս խոսքերի՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ։

«Ադրբեջանը միշտ էլ փորձել է ամեն առիթ օգտագործել՝ ցույց տալու համար, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Երբ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները աշխատում էին այստեղ և Ադրբեջանը պարբերաբար հանդիպում էր՝ սովորական աշխատանքը գնում էր, Ադրբեջանը միշտ փորձում էր սեփական ժողովրդին համոզել, որ սա գնում է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տերիտորիայում որոշակի խնդիրների լուծման համար։ Սա ոչ մեկի համար նորություն չէր և Ադրբեջանը պատերազմից հետո էլ պարբերաբար այդ հարցը այդպես է ներկայացնում։ Բայց հարցն այն է, որ Արցախի Հանրապետությունը քաղաքականություն է վարում ոչ թե հենվելով ուրիշների ասածների կամ ուրիշների քաղաքականության վրա, այլ 1991 թ-ի անկախությունից հետո տարվող ճանապարհով՝ առաջ տանելով ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք աշխատում են ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ, և աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում տարբեր նահանգներ արդեն ճանաչել են Արցախը, և իրենք շարունակում ենք այդ ճանապարհով։

«Բնական է, ուրեմն կա պրոբլեմ, որ Ալիևը անդրադառնում է Արցախի հարցին, եթե լուծված լիներ՝ այդ պրոբլեմին չէր անդրադառնա։ Մենք շեշտում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքով և շեշտում ենք Ռուսաստանի շատ մեծ դերը տարածաշրջանում՝ Արցախում պատերազմը կանգնեցվելու հարցում։ Ռուսական խաղաղապահները հիմնականում ապահովում են խաղաղությունը»,--ասաց նա։

Արցախի նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ Արցախի Հանրապետությունը ինչպես եղել է մինչև պատերազմը, այնպես էլ մնում է՝ իր նախագահով, ԱԺ-ով, խնդիրը միայն այն է, որ Արցախը կորցրել է  տարածք։

«Եթե առաջին պատերազմում հաղթել ենք, երկրորդում՝ 16 թ-ին, Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին, որ կանգնեցնի պատերազմը, ապա այսօր մենք, այո, պարտություն ենք կրել, հաղթել է Ադրբեջանը մասնակիորեն, իսկ պատերազմում հաղթում ես, թե պարտվում՝ նույն սուբյեկտը մնացել ենք և մենք պայքարում ենք անկախության ճանաչման համար ու կորսված տերիտորիայի վերականգնման համար»,-ասաց Արմեն Սարգսանը։ 

Արցախը երբեք չի շեղվելու իր ինքնորոշման իրավունքի  ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը

Այսօր դիվանագիտական մեծ ասպարեզ է բացվել մեզ համար, նշեց նա, և մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել։

«Հիմա ես ընդհանրացնեմ․ թյուր պատկերացում կա Արցախի քաղաքականության վերաբերյալ։ Ամրագրենք․ ուրեմն շարունակում ենք Արցախը որպես անկախ հանրապետություն ճանաչելու քաղաքականությունը, Արցախը Հայաստան է, բայց կա այդ Հայաստանի մեջ երկու հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։  Սա պետք չէ շփոթել, միանշանակ շեշտում ենք՝ Արցախը Հայաստան է, դրա 10-րդ նահանգն է, բայց այսօր կա երկու հանրապետություն՝ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է պայքարել իր անկախությունը ճանաչելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունը վարում է բանակցությունները, բայց վարում է մինչև այն կետը, երբ պետք է լուծվի Արցախի հարցը։ Արցախի հարցի լուծման համար պարբերաբար տեղեկություն է տալիս Ղարաբաղի իշխանություններին։ Այսինքն, Ղարաբաղը անուղղակիորեն բանակցային գործընթացում է, և վերջնական լուծման հասնելու համար անպայման Արցախը պետք է ընդգրկվի և արցախցիները որոշեն ելքը։

«Այսինքն,  Հայաստանը չի կարող դուրս մնալ բանակցություներից, որովհետև այսօր և այն ժամանակ, երբ Արցախն ընդգրկվի, Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ այս իմաստով մենք երկու տարբեր վերլուծություններ ենք տեսնում․ ես շեշտեցի մե՛ր քաղաքականությունը։ Հետևաբար, Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, և շեշտում ենք այն շատ մեծ դերը, որ ռուսները ունեն խաղաղությունը պաշտպանելու հարցում։ Սա Արցախի քաղաքականության ստրատեգիան է»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Խոսելով ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի հարցով քաղաքականության մասին, նա նշեց, որ անկախ նրանից, թե Հայաստանի կառավարությունը ինչ սխալներ է թույլ տալիս՝ Արցախը պետք է գնա ինքնորոշման ուղղությամբ։

«Որովհետև Հայաստանի կառավարությունները տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ ունեցել են տարբեր կարծիքներ, եղել է միասնական կարծիք, եղել է տարբեր, իսկ մենք հստակ ներկայացրել ենք մեր կարծիքը․ մեր կարծիքն ենք ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քի Վեստի ժամանակ, Կազանի և Մադրիդի սկզբունքների ժամանակ և մեր կարծիքն ենք ներկայացնում հիմա»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա ընդգծեց, որ Արցախը երբեք չի շեղվելու այս ճանապարհից՝ իր ինքնորոշման իրավունքի  ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը։

«Ով որ կանգնի այդ ճանապարհին՝ Արցախը շարունակելու է հին գիծը։ Եվ դրա համար Արցախի քաղաքականությունը և Մայր Հայաստանին միավորման պրոցեսը՝ երկու էտապով, Արցախը երբեք չի դիտարկում առանձին անձերի կամ կառավարությունների հայտարարությունների կամ քաղաքականության համատեքստում, ուրիշ բան է՝ եթե միասնական աշխատենք՝ մեր նպատակին ավելի արագ  և ավելի քիչ զոհերով, ավելի քիչ պրոբլեմներով կարող ենք հասնել»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արցախը եթե որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են՝ անկախ Ադրբեջանի կարծիքից, դա մեզ չի էլ հետաքրքրում

Պարզ է, որ Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ Արցախում խաղաղապահ ուժեր լինեն և դրա համար մենք շեշտում ենք ռուսների մեծ դերակատարությունը այս իրավիճակում՝ նշեց Արմեն Սարգսյանը։ Խաղաղապահների առաքելությունը քննադատելու՝  Ադրբեջանի կեցվածքը, նրա համոզմամբ, գեոպոլիտիկ խնդիր է լուծում, իսկ ինքը վստահ է՝ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունն ինքն է որոշելու ռուսական խաղաղապահ ուժերը մնա՞ն Արցախում, թե՞ գնան։

«Մենք օրեցօր խորացնելու ենք մեր պետության սուբյեկտայնությունը։ Եվ, ինքնըստինքյան, Արցախն ինքն է որոշում․ եթե որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են անկախ Ադրբեջանի կարծիքից՝ դա մեզ չի էլ հետաքրքրում»,-ասաց Արմեն Սարգսյանը։ 

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ խաղաղապահ ուժերն ամեն ինչ անում են, որ հայերն Արցախից դուրս չգան, մնան Արցախում։

«Այսինքն, Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի շուրջն իրավիճակը լարելու ուղղությամբ, այդպիսի հայտարարություններ է անում վախեցնելու համար, որ արցախցիները թողնեն երկիրն ու դուրս գան։ Բայց ադրբեջանցիք մոռանում են, որ Արցախի հայերը 70-ից ավելի տարի՝ 20 թվականից սկսած, պայքարել են անկախության և Մայր Հայաստանին միանալու համար։ Եվ ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ գյուղի կեսը ադրբեջանցիները գրաված, մյուս կեսում հայերն են՝ օրինակ Թաղավարդում, որ ադրբեջանցիների զինված ուժերից հեռու է 400-500 մ․ դպրոց է աշխատում և երեխաները այնտեղ են։ Սա է արցախցին, արցախցու համար չկա ավելի լավ հող Եվրոպայում, Ամերիկայում որևէ տեղ, արցախցու համար ամենալավ հողը, ամենահզոր հողը, ամենակառչած հողը դա Արցախի հողն է, որը Մայր Հայաստանի մի մասն է, դա Մայր Հայաստանի հողն է և մենք մնալու ենք այստեղ և պայքարելու ենք մինչև վերջ, և վստահ եմ, որ մենք հասնելու ենք հաջողության»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Բաքվի հայերի Ցեղասպանության 32-րդ տարելիցը ամրապնդում է Արցախի անկախության մղումը

Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում 32 տարի առաջ տեղի ունեցած՝ Բաքվի հայերի Ցեղասպանությունը կրկնվելու է՝ վստահ է Արմեն Սարգսյանը։

«Մանշանակ կրկնվելու է, 1905 թ-ից մինչև հիմա, անկախ նրանից Ադրբեջանում ինչ իշխանություն է եղել, ինչ կուսակցություն, Սովետ է եղել, թե Մուսավաթ, Ադրբեջանը վարել է նույն հայասպան քաղաքականությունը։ Եթե պետական բարձր մակարդակով հայտարարվում է, որ Երևանը մերն է և Հայաստանի  պետական օղակներից չկա դրա դեմ հայտարարություն, բնական է, որ այդ ոչ կոշտ քաղաքականությունը բերում է կոտորածի։ Այսինքն, ո՞նց կարող է հայտարարել՝ Երևանը մերն է, ու Արցախում թողնել, որ հայերն ապրեն»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Սա, նրա համար, աքսիոմա է՝ արցախցին կա՛մ ապրելու է իր հողում հաղթած, կա՛մ պատերազմելու է մինչև վերջ․ Արմեն Սարգսյանը համոզված է՝ Արցախը եթե պարտվելու լիներ, մինչև հիմա կպարտվեր, ուրեմն լինելու է առաջին տարբերակը։

Աննա Բալյան

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica