close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վայելքները՝ մեզ, պարտականությունները՝ ձեզ. սա՛ է իշխանության տրամաբանությունը. Բենիամին Մաթևոսյան

Հասարակություն

28 Նոյեմբերի 2021, 13:32
 Վայելքները՝ մեզ, պարտականությունները՝ ձեզ. սա՛ է իշխանության տրամաբանությունը. Բենիամին Մաթևոսյան

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման, Ն. Փաշինյանի հայտարարությունների, հրապարակված փաստաթղթի դրույթների մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

 -Պարո՛ն Մաթևոսյան, նոյեմբերի 26-ին Սոչիում Ն. Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ դեմարկացիայի։ Որոշ փորձագիտական շրջանակներ էլ նշում են, որ Ադրբեջանը դեմարկացիա և դելիմիտացիասկսել է իրականացնել դեռևս 2021 թ. մայսից, երբ ադրբեջանական զինուժը GPS համակարգերի միջոցով որոշում էր Ադրբեջանի «տարածքները»։ Ինչպե՞ս հասկանալ` ինչպես է իրականացվելու այդ գործընթացը, և արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է դրան։

-Ես համակարծիք եմ այն փորձագետների հետ, որոնք նշում են, որ դելիմիտացիան և դեարկացիան Հայաստանում տեղի է ունեցել այս տարվա մայիսի 12-ից, երբ թշնամին մտնում է ՀՀ տարածք` ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Այսինքն այս գործընթացը տեղի է ունենում այնպես, ինչպես մենք Արցախում էինք տեսնում. պատերազմով հանձնվում է այն, ինչը փաստաթղթով արդեն հանձնված է։ Ամենայն հավանականությամբ կան պայմանավորվածություններ, և ըստ դրանց` գործընթացներ գնում են։ Տեսեք՝ նույն Արցախյան վերջի պատերազմի վերաբերյալ ինչ գնահատականներ են հնչում իշխանությունների կողմից` մեղավոր են կամավորականները, որ չգնացին, մեղավոր են բոլորը, բացի իրենցից։

Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հարց է բարձրացնում`ո՞վ է պատրաստ պաշտպանել համայնքները։ Տրամաբանական է, որ հիմա իրենք գնալու են այդ մեկօրյա պատերազմների տրամաբանությամբ՝ պատերազմներով զիջելու այն, ինչ որ վերջում գալու են փաստաթղթային հանգրվանի։ Իսկ ինչ վերաբերում է՝ հասարակությունը պատրաստ է, թե ոչ. ես Ձեզ մեկ բան կարող եմ ասել՝ եթե անգամ հասարակությունը պատրաստ չէ, այդ պատրաստ չլինելը պետք է հստակ  արտահայտվի, իսկ դրա արտահայտչաձևերը  հիմնականում կազմակերպում են քաղաքական ուժերը։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ, հասարակությունը պատրաստ չէ, պետք է այդ ամեն ինչը համապատասխան դրսևորում ստանա քաղաքական, հասարակական գործընթացների տրամաբանության շրջանակում։

-Ձեր կարծիքով, Սոչիի հանդիպմանը Ն. Փաշինյանը գնացել էր որպես գործո՞ն, թե՞` պարտված, թույլ բանակցային հիմքով, զիջելու մեծ պատրաստակամությամբ և դիմադրելու զրո ցանկությամբ։

-Եկեք էմոցիոնալ և դե ֆակտո իրողությունները մի փոքր տարանջատենք։ Առաջինը`մենք պետք է մի բան հասկանանք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, մենք այլևս գլոբալ առումով միջազգային հարաբերությունների սյուբեկտից վերածվել ենք օբյեկտի։ Օրինակ, նախագահ Ռ. Քոչարյանը ասում է, որ մենք ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ ենք, այլ բանակցությունների սեղանի վրա, միգուցե բանակցությունների սեղանի տակ։ Փաստը մնում է փաստ, որ ռազմաքաղաքական բալանսը այնպես է փոխվել, որ Հայաստանի կարծիքը, մեղմ ասած, այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում գործընթացների վրա: Ինչ վերաբերվում է նրան, թե Փաշինյանը որպես ինչ է գնացել, մենք, ցավով պետք է արձանագրենք, որ ինքը գնացել է որպես Հայաստանի ներկայացուցիչ` դե ֆակտո։

Մի կարևոր հանգամանք ևս. հիշում եք երբ ընտրություններից հետո առաջին հանդիպումը եղավ նախագահ Պուտինի և Փաշինյանի միջև, Պուտինը ինչ ասեց, որ եկել է բարդ փոխզիջումների ժամանակը, և Հայաստանում տեղի ունեցան գործընթացներ։ Մենք հիմա չենք ասում ընտրությունները կեղծիքով էին, կեղծիքով չէին, ռեսուրսներ օգտագործվեցին, թե ոչ։ Տեղի ունեցավ քաղաքական գործընթաց, հայ ժողովրդի ընտրության արդյունքում ընտրվեց իշխանությունը, և վերջինիս հետ միջազգային հանրությունը աշխատում է։ Ես հասկանում եմ մարդկանց ցասումը, բայց իրողությունը մնում է սա։

-Ի՞նչ նկատի ուներ Ալիևը, թե հայ-ադրբեջանական սահմանը դեռևս զատված  չէ, երբ Ադրբեջանը բացահայտ տարածքային նկրտումներ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, և Սյունիքում տեղի ունեցած վերջին բախումներն էլ այդ ամենի հստակ ապացույցն են։

-Ալիևի խոսքերին կհավելեմ նաև ՌԴ նախագահ Պուտինի խոսքերը։ Պուտինն իր խոսքում ասաց, որ սահմանագծման և սահմանազատման խնդիրը բավականին բարդ է, որովհետև ԽՍՀՄ-ից մնացած ինչ որ ժառանգություններ և խորհրդային տարիներին հստակ սահմաններ չկար։ Տեսեք, Պուտինի այս արտահայտությունից,  այնուամենայնիվ, կարող ենք ենթադրել, որ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ ներկայացված էր, բայց ոչ Փաշինյանի տեսքով։ Ինչու եմ այդպես ասում. մենք Հայաստանից ինչ ձևակերպումներ ենք լսում, օրինակ, Գորիս-Կապանի 21 կմ-ոց ճանապարհը դա ադրբեջանական տարածք է, բայց սրան զուգահեռ`տեսնում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցն ասում է՝ նման բան չկա, որ այդ սահմանները որոշված չեն։ Բայց այս իշխանությունները ոչ միայն ասում են, որ դա ադրբեջանական տարածք է, այլև բարձր ամբիոնից լսում ենք, որ երկրի ղեկավարը հրաման է տալիս զորքերը ետ քաշել`պատերազմից խուսափելու համար։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մի կողմից մեզ ասում են, եղբա՛յր, սահմանները որոշված չեն, մենք կարող ենք խորհրդատվություն տրամադրել հարցի կարգավորման համար, իսկ հայկական կողմը ասում է`ոչ, ամեն ինչ արդեն որոշված է, միլիմետրերով մենք գիտենք և այլն։ Փաստորեն 21 կմ-ոց Գորիս-Կապան ճանապարհն այս իշխաննությունների համար ադրբեջանական հատված է։ Սա պարադոքսալ իրավիճակ է։ Բարդ էր պատկերացնել, որ Հայաստանի պատմության ընթացքում կստեղծվեր նման իրավիճակ, երբ եռակողմ բանակցությունների ընթացքում այլ պետության ղեկավարը ձևակերպումներ կանի` ի շահ մեզ, քան Հայաստանի ղեկավարի փաստացի արտահայտությունները։ Իսկ Ալիևի խոսքը տրամաբանական է, ինքը տեսնում է, որ իր դիմացը թույլ  կողմ է, փորձում է ոչ միայն խոսքերով, այլև սողացող պատերազմով վերցնել այն ամենը, ինչը կարող է, մինչ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ֆիզիկապես ավարտվի ինչ որ իրավական փաստաթղթով։

-Եթե իրականացվի դեմարկացիա և դելիմիտացիա, ապա պետք է իրականացվի, ինչպես նախկինում նշվել է ներկայիս իշխանությունների կողմից, ԽՍՀՄ քարտեզներով։ Հարց է ծագում. Հայաստանն ունի՞ որեւէ միջազգային պարտավորություն՝  հիմք ընդունելու որեւէ  քարտեզով արձանագրված սահմանները:

-Ձեր հարցի ենթատեքստը այն է, որ կարող ենք ինչ որ մի փուլում հրաժարվել այն պարտավորություններից, որոնք Փաշինյանը իր վրա վերցրել է։ Տեսեք, մենք 90-ականների պատերազմից ինչ էինք ժառանգել. ոչ միայն 12 հազար քառակուսի կմ Արցախ, անվտանգային միասնական համակարգ, մենք նաև ժառանգել էինք մի իրավիճակ, երբ ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որոնց համաձայն հայկական կողմը իր զորքերը պետք է դուրս բերել ազատագրված շրջաններից։ Ադրբեջանը անընդհատ խոսում էր, որ դուք դա պետք է անեք, իսկ մենք դա չէինք անում և չարեցինք այնքան ժամանակ, մինչև ռազմաքաղաքական իրավիճակը փոխվեց, և ուժի գործադրմամբ մենք ստիպված եղանք լքել այդ տարածքները։

Ինչ եմ փորձում ասել այս ամենով, եթե մենք ցանկանում ենք ինչ որ փոփոխություններ իրականացնել, մենք պետք է կարողանանք հղում անել ոչ թե իրավունքի ուժ վրա, այլ ուժի իրավունքի վրա։ Եթե դու ուժի իրավունքը կարողանում ես ադեկվատ օգտագործել, դու իրավունքի ուժն էլ ես կարողանում ի օգուտ քեզ օգտագործել։ Սա ոչ թե բառախաղ է, այլ ռեալ քաղաքական դրսևորում է։ Մենք իրավիճակը կարող ենք փոփոխության ենթարկել, երբ ռազմաքաղաքական բալանսը կարողանանք փոխել։

Մենք ինչ եզրակացություններ պետք է անենք 2020 թվականի համար, որ, ամենայն հավանականությամբ, հայկական կողմն ունեցել է ինչ որ պարտավորություններ, այդ պարտավորություններն ինքը չի կատարել, վիժեցրել է բանակցային գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, արդյունքը եղել է պատերազմ և կորցրած տարածքներ։ Ես ուզում եմ մի բան հասկանալ, ինչու՞ հայկական կողմը չի կատարել իր պարտավորությունները, և դա հանգեցրել է Շուշիի և Հադրութի կորստին, իսկ այս պարագայում, եթե դու ասես՝ ես չեմ կատարում`քո հետևում չունենալով ռազմավարական դաշնակցի աջակցությունը, դու չունենաս բանակ, որը պատրաստ է դիմակայել։ Ինչու՞ է մարդկանց թվում, եթե մենք չկատարենք մեր պարտավորվածությունները, Գորիսն ու Կապանը չեն ընկնի։ Քանի դու հնարավորություն չունես ուժով հաստատես քո իրավունքը, իրավիճակը այս է լինելու։

-Այդպես էլ, նոյեմբերի 26-ին հրապարակված փաստաթղթում որևէ խոսք չկար այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը, և ի՞նչ ճակատագիր է ունենալու արցախցին։ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի և անհապաղ դեօկուպացիայի անհրաժեշտության մասին։ Սա չի՞ ենթադրում, որ ներկայիս իշխանությունները շարժվում են ադրբեջանանպաստ քաղաքականությամբ։

-Դուք ճիշտ նկատեցիք, որ փաստաթղթում մի շարք բաներ չկան։ Տեսեք՝ Արցախի վերաբերյալ այնտեղ մի ձևակերպում կա, որ դեռ կոնֆլիկտ կա։ Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի բոլոր հայտարարությունները, թե կոնֆլիկտը լուծված է, Արցախի Հանրապետություն գոյություն չունի և այլն, այնքան էլ այդպես չէ։ Այսինքն,  այս խոսակցությունները ներքին սպառման համար են, բայց դա խոսույթային մակարդակում Հայաստանին ճնշումների ենթարկելու նպատակ ունի։ Ռուսական կողմը բազմիցս ասել է, որ Արցախի կարգավիճակի հարոցով բանակցությունները մենք պետք է թողնենք հետագայի վրա։ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ Պուտինը ասում է, եթե կոմունիկացիաները բացվեն, երկու հասարակությունները տեսնեն, որ այդ համակարգը աշխատում է, մթնոլորտը կփոխվի։ Այս ամեն ինչից կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ կարգավիճակի հարցով բանակցությունները հետաձգվեն: Սա մեզ համար մի ժամանակահատված է, որը թույլ է տալիս մեր ներքին խնդիրները կարգավորել, բանակի վերազինում իրականացնել, և գոնե մոտենալ նրան, ինչ ես ասում էի. իրավունքի ուժով հաստատել քո իրավունքը։ Ինչը վերաբերվում է մնացածին, այսպես ասեմ` հիշում եք, նոյեմբերի 16-ին ինչպես էին իշխանական պատգամավորները քննադատում Ռուսաստանին, ասում, որ ինքն իր պարտականությունները չի կատարում, մենք պատրաստ ենք նոր գործընկերներ փնտրել և այլն։ Փաստացի Ն. Փաշինյանը գնում է Սոչի, հանդիպում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, չի կարողանում հասնել նրան, որ փաստաթղթում արձանագրված լինի ա. ինչպես ինքն է սիրում ասել, զորքերի հայելային հետ քաշում, բ. գերիների վերադարձի հստակ նշված ժամանակահատված։ Չնայած մենք հասկանում ենք, որ ասում էր հումանիտար հարցի կարգավորում, ամենայն հավանականությամբ, գերիների վերադարձի թեման է այստեղ ներառված, բայց նշված չէ՝ ե՞րբ և ինչպե՞ս է լինելու։ Այսինքն, մենք տեսնում ենք, երբ պահը գալիս է մի իրավիճակի, երբ Փաշինյանը պետք է անմիջականորեն սպասարկի ՀՀ-ի շահերը, այստեղ բախվում ենք շատ լուրջ խնդրի։

-Ն.Փաշինյանը նախօրերին տեղի ունեցած ասուլիսում  հայտարարում էր, որ ադրբեջանական  ոտնձգությունների համար իրենք  պետք է բարձրացնեն հարցը այս կամ այն ֆորմատում։ Այսինքն՝ Հայաստանն իր անվտանգությունը կրկին կապում է միջազգային տարատեսակ ֆորմատների գթասրտության հետ։ Որքանո՞վ է ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրատեսական, որքանո՞վ միջազգային կամ դաշնակից երկրները կլինեն, իշխանությունների պատկերացմամբ, հայից ավելի հայ։

-Իշխանությունների գործողությունները տեղավորվում են  հետևյալ տրամաբանության շրջանակներում`վայելքները՝ մեզ (200.000 դոլար արժողությամբ մեքենա, 93 մլն. դրամի հաշվարկի պայմանագիր և այլն, և այլն), պարտականությունները` ձեզ։ Տեսեք ինչ է ստացվում. Covid-ի դեմ պետք է պայքարի քաղաքացին, արցախահայության անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը, Ռուսաստանը պետք է հումանիտար խնդիրները լուծի, Սև լճի տարածքը պետք է ազատագրի ՀԱՊԿ-ը, ՄԱԿ-ը պետք է երաշխավորի, որպեսզի Հայաստանի մնացյալ տարածքները Ադրբեջանի կողմից ոտնձգությունների չենթարկվեն։ Կրկին ասեմ` վայելքները՝ մեզ, պարտականությունները՝ ձեզ։ Այս իրողությունը տանում է Հայաստանին շատ մեծ պատերազմի և կորուստների։ Սա այնքան տրամաբանական է, որ ուղղակի զարմանալի է, 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո մարդիկ կարող են տարակարծություն ունենալ այս իրողության վերաբերյալ։

Կարևոր հանգամանք ևս. մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու Սիրիան է, Սիրիան ՄԱԿ-ի անդամ է, Սիրիան ունի ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններ։ Ո՞վ էր խանգարել, այդ պարագայում, օրինակ, Թուրքիային, առանց սիրիական իշխանությունների հետ համաձայնեցնելու զորք մտցնել Սիրիա։ Իսկ ո՞վ է ասել, որ եթե զորք կարող է մտցնել Սիրիա, զորք չի կարող մտցնել Հայաստան։ Սա այնքան պարզ ճշմարտություն է։ Եվ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը` ամեն ինչ բարդել միջազգային այս կամ այն կառույցի վրա, դա մեզ տանում է չասեմ ցեղասպանության, բայց նոր կորուստների, անգամ կարող է վերածվել շատ լուրջ պատերազմի։

-Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. հարց է ծագում, ինչու՞ Եվրոպան հանկարծ ակտիվացավ։

-Հաշվի առնելով այն,որ Ն. Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, այնսինքն, այն հանգամանքը, որ Եվրոպայում կայանալիք հանդիպումը ավելի շուտ ի հայտ եկավ, քան Սոչիի պայմանավորվածության մասին լուրը, տարբեր ասեկոսեների առիթ է դառնում, այդ թվում՝ նրա, որ հայկական կողմը միգուցե գնա արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության։ Բայց, ամենայն հավանականությամբ, հատկապես հաշվի առնելով ՌԴ նախագահի երեվա խոսքը, այն, որ ինքը Շարլ Միշելի հետ քննարկել է ոչ թե Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը, այլ Արցախին վերաբերող հարցերը, սա մեզ հնարավորություն է տալիս եզրակացնել, որ այս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի շրջանակներում է։ Չմոռանանք, որ Ֆրանսիան այս ֆորմատում ներկայացնում է ոչ միայն  ինքն իրեն, այլև Եվրամիությանը։ Եվ այս բանակցությունները ձեռնտու են մեզ այնքանով, որ սա այն հարթակներից մեկն է, որտեղ մենք կարող ենք խոսել Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին։

-Ն.Փաշինյանը տարբեր ամբիոններից շատ է կարևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսումն անհրաժեշտությունը. արդյո՞ք ներկայիս իշխանությունները բանակցությունների վերսկսման դեպքում կկարողանան Մինսկի խմբի ձևաչափով կարգավորել Արցախի հիմնահարցը՝ այն դեպքում, երբ երեկ ականատես եղանք, որ Սոչիում Փաշինյանը չկարողացավ անգամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման հարցը կարգավորել։

-Սա այն խնդիրն է, որի մասին ընդդիմությունը, շատ քաղաքական, հասարակական շրջանակներ բարձրաձայնել էին, որ, այնուամենայնիվ, երբ պարտված ուժն է գնում բանակցությունների, դա շատ մեծ ազդեցություն է թողնում՝ այն առումով, որ ինքը կաշկանդված է լինում շատ հարցերի կարգավորման վերաբերյալ։ Եվ բացի պարտությունը, այստեղ մոտեցման խնդիր կա։

 

Լենա Կարապետյան

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica