close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

Մշակույթ

25 Նոյեմբերի 2021, 15:49
 Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը

Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը:  Ուշագրավ մենագրությամբ պատմաբանները բացահայտում են Հայոց ցեղասպանության հետեւանքները, նյութական ու տարածքային կորուստները եւ նախանշում դրանց  հաղթահարման ուղիները:  Հատորի ստեղծման գործին մասնակցել են տարբեր գիտական հաստատությունների աշխատակիցներ՝ Մատենադարանից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, ԵՊՀ-ից եւ այլն:

Խոսելով աշխատության կարեւորության մասին՝ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը շեշտեց՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: «Որքան էլ թվա, որ սա մեր հարեւաններին գրգռում է մեր դեմ, վտանգավոր է՝ տարածաշրջանային խնդիրների առումով, մենք պատմական խնդիրներից հրաժարվելու իրավունք չունենք: Շատերը հռետորական հարց են տալիս՝ բա որ հանկարծ վաղը Թուրքիան պատրաստակամություն հայտնի վերադարձնել հայկական հողերը, արդյո՞ք մենք ունենք տարբերակ, խնդրի լուծման օրակարգ:  Աշխատության լույս ընծայումը կարեւոր է նաեւ հենց այս իմաստով»,- ասաց նա:

Ամբողջ Օսմանյան կայսրությունում տնտեսության, մշակույթի, կրթության շարժիչ ուժը եղել է հայությունը: Այս մասին ասաց Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը, որը հեղինակել է մենագրության «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հնարավոր գործընթացի վրա քաղաքական գործոնների ազդեցությունը» բաժինը:  Պատմաբանը շեշտում է՝ անասելի, վիթխարի կորուստներ ենք ունեցել, եւ դրանք ի մի բերելու ու գնահատելու համար մի քանի գիտահետազոտական ինստիտուտների տասնամյակների աշխատանք է հարկավոր:

ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ կլինի Թուրքիայի հետ, պարտավոր է պահանջատիրական խնդիրներ առաջ քաշել:

«Ենթարկվելով ցեղասպանության՝ մեր ժողովուրդը, ըստ պատշաճի, միջազգային կազմակերպություններին չի ներկայացրել, թե որքան են մեր նյութական, մշակութային, տարածքային, դեմոգրաֆիական կորուստները: Եթե այդ փաստերը գիտականորեն հիմնավորված չկան եւ չեն ներկայացվում միջազգային հանրությանը, հատկապես՝ այն միջազգային մարմիններին, որոնք կարող են խնդիր լուծել, ապա մեր պահանջները մնում են ուղղակի պահանջներ, բայց ոչ՝ իրավական հիմնավորումներ»,- ասաց նա:

Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանը, որը հեղինակն է մենագրության «Իզմիթի գավառի հայ բնակչությունը եւ նրա սոցիալ-տնտեսական վիճակը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին» բաժնի, շեշտում է՝ երբ խոսում ես հայ ժողովրդի ներուժի մասին, նման ուսումնասիրությունները կարեւոր են, հատկապես, երբ  առանձին, խոր ուսումնասիրության տակ ես վերցնում գավառներն ու  նահանգները:

«Հայտնի է, որ Օսմանյան կայսրության բոլոր բնակավայրերում հայերն ազդեցիկ դիրք են գրավել:  Նույն պատկերն է նաեւ Իզմիթի գավառում, բայց այստեղ տնտեսությունը զարգացել է ոչ այնքան անհատ գործարարների եւ ձեռներեցների շնորհիվ, որքան ժողովրդի հավաքականության: 19-րդ դարի կեսերից Իզմիթի հայաբնակ վայրերում սկսեցին ստեղծվել բարեգործական տարբեր կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ ստեղծեցին կրթված հանրություն: Նրանք, ուսումնասիրելով եվրոպական առաջադեմ մեթոդները, սկսեցին դրանք տարածել ժողովրդի շրջանում եւ կիրառել:  Տնտեսական նման քանակի եւ հզորության ընկերություններ ոչ մի այլ տարածաշրջանում չկային»,-մանրամասնեց նա:  

Աշխատության հաջորդ ՝ «Այնթափի հայերի տնտեսական եւ կրթական վիճակը. 1915թ. բնաջնջումը եւ ունեզրկումը» բաժնի հեղինակը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Անի Ոսկանյանն է: Գրքի չորրոդ՝ «Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կորցրած մշակութային ժառանգության գնահատման կվալիմետրիական մեթոդաբանությունը» բաժնի վրա աշխատել է տ․գ․դ․ պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանը։

                                                                                   Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica