close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում, հավանաբար, քննարկում են ապօրինի 2 պայմանագրերով գծված Հայաստանի սահմանը. Հովիկ Գրիգորյան

Քաղաքական

28 Հուլիսի 2021, 22:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում, հավանաբար, քննարկում են ապօրինի 2 պայմանագրերով գծված Հայաստանի սահմանը. Հովիկ Գրիգորյան

Թեև Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչող փաստաթուղթը Սևրի դաշնագիրն է, բայց պատմաբան Հովիկ Գրիգորյանը չի կարծում, որ Մոսկվայում այս օրերին, հավանաբար, ընթացող հայ-ադրբեջանական այսպես կոչված «դելիմիտացիոն» հանձնաժողովը Հայաստանի սահմանը գծում է Սևրի դաշնագրի համաձայն։

Նա հակված է կարծելու, որ եթե միջազգային պայմանագրի մասին խոսք լինի, ապա նրանք կառաջնորդվեն Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև սահմանները որոշող երկու միջազգային պայմանագրերով, որոնք, թեև օրինականության առումով կաղում են, բայց նախորդ տասնամյակներում դրանք են պայմանավորել ինչպես թուրք-անդրկովկասյան սահմանները, այնպես էլ մասամբ անդրկովկասյան հանրապետություններից երկուսի սահմանները․ խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծի մասին է, որի Նախիջևանի պատկանելության վերաբերյալ խնդիրը կարգավորվել է հենց Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։

«Այդ առումով Ռուսաստանն ու Թուրքիան, բնականաբար, Սևրի պայմանագիրը չէ, որ կարող են աչքի առաջ ունենալ, եթե մի բան աչքի առաջ ունեն միջազգային պայմանագիր, նկատի ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք պայմանավորել են Թուրքիայի և Անդրկովկասի սահմանները, նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները՝ Նախիջանի մարզի պատկանելության հետ կապված։ Ցավալի է, բայց Սևրի պայմանագրի վրա այսօր հույս դնել չենք կարող և Մոսկվայում բանակցություն վարող կողմերը առաջնահերթությունը տալու են այդ փաստաթղթերին, թեև դրանք միջազգային իրավունքի նորմերի առումով մեծապես կաղում են․ Մոսկվայի պայմանագիրը իրավական առումով կասկածելի է, որովհետև Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել այլ պետությունների սահմանագծման հետ կապված՝ այդ պետությունների բացակայության պայմաններում․ խոսքը Հայաստանի սահմանների մասին է»,-Yerkir.am-ին ասաց Հովիկ Գրիգորյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը միջպետական պայմանագրով երբեք արձանագրված չի եղել, նկատեց պատմաբանը, եթե Նախիջևանի հարցով լավ թե վատ դեռ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը կան, թեև ոչ օրինական, ապա բուն հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված այդպիսի փաստաթուղթ չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում պայմանավորվածություն ձեռք բերի ճանաչել երկկողմ սահմանները և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա, պատմաբանի համոզմամբ, վտանգվում է Լեռնային Ղարաբաղը։

Խորհրդային սահմանները, նրա դիտարկմամբ, պարբերար փոփոխվել են երկու տարբեր հանգամանքների պատճառով․ գլխավոր հանգամանքը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, որովհետև անգամ այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնար ԼՂԻՄ՝ Շուշի կենտրոնով, Ադրբեջանին ձեռնտու չէր այն ժամանակ։ Եվ Ադրբեջանի իշխանությունը երկու տարի այնպես արեց, որ դա տեղի չունենա և ԼՂԻՄ-ի կենտրոնը լինի Ստեփանակարտը, ոչ թե Շուշին, քանի որ 1920 թ-ի մարտին Շուշիի հայերին մասսայաբար ոչնչացրել էին, մի մասն էլ փախել էր, եթե Շուշին դառնար ինքնավար մարզի կենտրոնը, բնականաբար այդ մարդիկ պետք է վերադառնային։ Ստեղծվեց նաև «Կարմիր Քրդստանի» խնդիրը, երբ Ադրբեջանի իշխանությունները այլևս չկարողացան խափանել ԼՂԻՄ-ի ստեղծումը։ Սրանով Ադրբեջանը լուծեց սկզբունքային խնդիր՝ ԼՂԻՄ-ը դարձնել անկլավ՝ Հայաստանի հետ որևէ ընդհանուր սահմանագիծ չունենա։ Մի քանի տարուց այս Կարմիր Քրդստանը վերացրին։

Երկրորդ հանգամանքը վերաբերում էր Խորհրդային Հայաստանի սահմաններին, որը նույնպես ենթարկվեց այդ նույն մաս-մաս քաղաքականությանը։  Ի՞նչ տարածք պետք է ունենար Հայաստանը․ կար մի փաստաթուղթ, որի մասին քիչ ենք խոսում, դա 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագիրն էր․ այսինքն, այն փաստաթուղթը, որով ՀՀ կառավարությունը իշխանությունը հանձնում էր հայ բոլշիկներին։ Այդ համաձայնագիրը 8 կետ ուներ, որոնցից 3-րդ կետը վերաբերում էին Խորհրդային Հայաստանի սահմաններին։  Այդ համաձայնագրի 3-րդ կետով Խորհրդային Հայաստանը պետք է ունենար 43 հազար քառ․ կմ տարածք։ Սա Լեգրան-Դրո հայտնի փաստաթուղթն է։

Այն կյանքի չկոչվեց, որովհետև Հայաստանի որոշ տարածքներ Թուրքիային անցան՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, մի փոքր հատված բաժին հանվեց Վրաստանին, իսկ մեծագույն մասը՝ Ադրբեջանին։

Այսուհանդերձ, փաստեց Հովիկ Գրիգորյանը, 1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանի տարածքը 32 հազար քառ կմ էր։

Պատմաբանը համոզված է, որ պետք է մինչև սահմանագծումը հայ մասնագետները շատ լավ ուսումնասիրեն արխիվային այս նյութը, նոր միայն, այդ փաստաթղթերի հիմքով նաև, քննարկեն հայ-ադրբեջանական սահմանագիծը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica