close
Եղանակը Երևանում
13 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նեղության ժամանակ հերոսներ են հայտնվում…»

Հասարակություն

8 Ապրիլի 2021, 11:40
 «Նեղության ժամանակ հերոսներ են հայտնվում…»

Մարտի 31-ին՝ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ նույն օրը, կյանքից հեռացավ Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Մերձավոր Արևելքում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Այս երկուսի շատ մտերիմներ այդ օրը նկատեցին. «Մեկը ազատագրեց Շուշին, մյուսը շենացնում էր այն»: Կարո Քեբաբջյանը այն նվիրյալներից էր, որոնք աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ: Նա իր կյանքի սկզբից մինչև վերջին օրերը նվիրվեց իր ազգին, նրա հարատևման ու բարգավաճման գաղափարին ու դրա իրագործմանը:

Կարո Քեբաբջյանի արդեն հայտնի խոսքն է. «Ինչպես արևն է իր մեջ ամփոփում ջերմությունը, լույսը և կրակը, այնպես էլ հայն է իր մեջ ամփոփում արցախցուն, հայաստանցուն և սփյուռքահային»:

Եվ մյուսը՝ «Նեղության ժամանակ հերոսներ են հայտնվում. եթե հերոսները պատրաստ էլ չլինեն, օրը ծնում է նրանց…»:

Քեբաբջյանի պապերն արմատներով Սեբաստիայից,  Կիլիկիայի ազնվական ընտանիքից էին. նա սերում է Լուսինյանների արքայատոհմից (ազգանունը ջարդերի ժամանակ անվտանգության նկատառումներով փոխվել է Քեբաբջյանի): Ամբողջ գերդաստանը ջարդերի ժամանակ կոտորվել է. ողջ է մնացել միայն տատը, որին խոշտանգված նետել են սպանված հարազատների մեջ…

Կարո Քեբաբջյանը ծնվել է 1957 թ. Լիբանանում: Նրա մեջ դեռ փոքրուց վառվում էր արդարության կրակը: Այն զգացողությունն ուներ, թե ծնվել է կարիքի մեջ գտնվողներին օգտակար լինելու համար:  Շուտով հասկացավ իր առաքելության ուղղությունը. խորությամբ կյուրացնի չինական մարտարվեստը, որն իր մեջ միավորող ներուժ ունի, և կտարածի աշխարհասփյուռ հայերի մեջ: Այն ժամանակ «ուշուն» դեռ գաղտնի էր, չկային մարտարվեստի դպրոցներ: Հայրը սկզբում դեմ էր: Համաձայնել էր միայն այն բանից հետո, երբ Դրոյի ատրճանակի վրա երդվել էր, որ որդին իր ստացած գիտելիքները կծառայեցնի ազգին, իր ժողովրդի կարիքներին:  Կարոյին հաջողվեց մեկնել Չինաստան, ծանոթանալ «ուշուի» վարպետների հետ և նրանց օգնությամբ մարտարվեստում վարպետության հասնել:

Այնուհետև անդամակցել է Սև գոտիների միջազգային կազմակերպությանը, 1974 թ. դարձել Մերձավոր Արևելքի սև գոտիների կազմակերպության մարզիչ, հետո` Մերձավոր Արևելքի չեմպիոն: Անմիջապես էլ սկսել է մարզել հայ երիտասարդներին. Սփյուռքի տարբեր գաղութներում բացել է կենտրոններ և իր պատրաստած մասնագետներին ուղղորդել դեպի հայկական մյուս գաղութներ` մարզելու հայ երիտասարդներին:

…Երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, հայերի համախմբվածությունը, ինքնապաշտպանության կազմակերպումը, նաև՝ շնորհիվ հայկական կուսակցությունների ղեկավարների խոհեմության, նպաստեցին, որ հայերը միասնականորեն պաշտպանեն իրենց համայնքները և նվազագույն զոհերով դուրս գան Լիբանանը ներսից քայքայող զինված բախումներից: Այդ տարիներին «ուշուի» արդեն ճանաչված վարպետ Քեբաբջյանը մարտարվեստ էր դասավանդում Լիբանանի հայկական 7 դպրոցներում, ֆիզիկապես մարտունակ երիտասարդների էր պատրաստում, որոնք ինքնապաշտպանական կռիվներում իրենց հերոսաբար էին դրսևորում:

Նույն գործունեությունը տարիներ անց պետք է ծավալեր նաև Հայաստանում՝ սփյուռքից մարզիչներ բերելով և ներգրավելով այս գործում: 1976 թ. հիմնադրեց Հայ սև գոտիների միջազգային ակադեմիան (ABBA) և լծվեց Հայրենիքում մարտարվեստի զարգացման ու տարածման նվիրական գործին: 90-ականների սկզբին էլ նրա ջանքերով Արցախում հիմնադրվեց Ուշուի ֆեդերացիան, որը դարձավ հզոր մարզական կենտրոն:

Մաստեր Կարոյի գործունեությունը այսքանով չի սահմանափակվում: Նա 22 տարի շարունակ Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչն էր և արժանապատվորեն ներկայացնում էր Արցախը, ջանք ու եռանդ չէր խնայում աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու գործում: Արցախում մեծ  ներդրումային ծրագրեր էր իրականացնում: Արցախյան ազատամարտի օրերից կանգնած է եղել հայ զինվորականի կողքին: Իսկ ապրիլյան պատերազմի մասին իմանալով՝ անմիջապես որդու՝ 27-ամյա Արթուրի հետ շտապել էր Արցախ: Ապրիլյան և վերջին պատերազմների ընթացքում մի ոտքով առաջնագծում էր, մյուսով՝ թիկունքում. մեծ ծավալի օգնություն էր կազմակերպում ու հասցնում կռվող տղաներին…

Այս փոքրիկ ճեպազրույցը Կարո Քեբաբջյանի հետ ունեցել եմ 2019 թ.՝ Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Կարո Քեբաբջյանի հովանավորությամբ  հունիսի 7- 9-ը Երևանում անցկացված Քունգ ֆուի միջազգային մրցույթի օրերին, ընդմիջման մի պահի: Մտածում էի՝ առիթի դեպքում նորից հանդիպել, ավելին իմանալ այս զորավոր մարդու մասին և հետո միայն գրի առնել հարցազրույցս: Ցավոք, այդպես էլ չկայացավ հաջորդ հարցազրույցը…

Իսկ մինչև այդ, Ապրիլյան քառօրյայի օրերին ասված Կարո Քեբաբջյանի խոսքը մարգարեական եղավ. «Ես Արցախում եմ և մնալու եմ մինչև վերջ, քանի դեռ մշտական խաղաղություն չի հաստատվել մեր հողում: Սա պարզ մի քամի էր, որ նրանք փչեցին՝ մեզ ասելով. արթնացե՛ք, փոթորիկ է լինելու…»: Ավելի ավերիչ ու կորուստներով լեցուն մի պատերազմ եղավ, որի ժամանակ նախկին ազատամարտիկը կրկին առաջնագծում էր. մեծ քանակությամբ օգնություն էր հաջողելու բերել Հայրենիք:

-Պարո՛ն Քեբաբջյան, խնդրեմ, Ձեր գործունեությունից պատմեք, այսօր արդեն արձանագրված Ձեր հաջողություններից: Ինչի՞ց եք սկսել,

-Նախ՝ ասեմ, որ Սփյուռքից առաջին հայն եմ, որ մեկնեցի Չինաստան, տիրապետեցի չինական մարտարվեստին: Սրանից 45 տարի առաջ սկսեցի դա զարգացնել սփյուռքի հայ համայնքներում՝ 1974 թ-ից Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, այնուհետև Խորհրդային Հայաստանում, հետո Արցախում: Հայ սև գոտիների միջազգային ակադեմիայի միջոցով ներկայացրինք ու տարածեցինք չինական մարտարվեստը, իհարկե, այն համակցելով հայ իրականության, հայ արդար պայքարի ոգու հետ:

Կարևորը ծառը չէ, որ տնկել ես, այլ ծառի տված պտուղներն են… Այսօր շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ Հայ սև գոտիների միության աշակերտներից Սարգիս Հարությունյանն ու իր ընկերները Հայաստանում հիմնել են Քունգֆուի ֆեդերացիան, և այսօր մենք Աշխարհի գավաթի մրցույթն անցկացնում ենք հայրենիքում: Ասեմ, որ 2001-ին Ուշուի մրցումների հովանավորը էլի ես էի: Մեր 25-ամյակը տոնեցինք այստեղ:

Ես ավելի շատ հպարտանում եմ ոչ թե իմ տարիների աշխատանքով, այլ իմ աշակերտներով՝ Սփյուռքում, Հայաստանում և հատկապես Արցախում իմ երրորդ, չորրորդ, հինգերորդ սերնդի մարզիչներով: Արցախյան պատերազմի ժամանակ իմ ուղարկած մարզիչների շնորհիվ այսօր այնտեղ գործում է Արցախի Ուշուի ֆեդերացիան: Մոտավորապես 5-6 հազար երեխա է մարզվել այս ընթացքում: Այս ամենի մասին մեծ հպարտությամբ եմ խոսում, քանի որ այսօր մենք ունենք ոչ միայն միջազգային ոսկե մեդալակիրներ, մարտարվեստների վարպետներ, այլև ազգիս հերոսներ. մեր սաներից է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանը, որը Ապրիլյան պատերազմի երեք օրերի ընթացքում 5 տանկ, 1 ՀՄՄ խփեց: Սրանից ավելի մեծ ի՞նչ պատիվ կարող է լինել:

-Ի՞նչ է տալիս մարտարվեստը երիտասարդ սերնդին: Ինչպե՞ս է նախապատրաստում բանակային ծառայությանը, հնարավոր մարտագործողություններին:

-Նախ՝ զինվորության, բանակի իմաստը ի՞նչն է՝ ուժը և արդարությունը: Պետք է մարզվենք, զորանանք և մեր ուժը գործադրենք մեր Հայրենիքի, ազգի, մշակույթի պահպանման համար: Այնպես որ՝ Ուշուի հոգեբանությունը և հայկական բանակի, հայու նկարագիրը շատ մոտ են իրար: Արարատում Հայկի և Բելի, չարի ու բարու պայքարը ի՞նչ էր, եթե ոչ մարտարվեստ: Ահա և ձեզ մարտարվեստի ծնունդը Արարատյան դաշտավայրում: Ճապոնիայում Կարատեն են վերցրել որպես ազգային մարտարվեստ, քանի որ նրանք կարճահասակ ու արագավազ են: Կորեացիները Թեքվանդոն ընդունեցին, քանի որ իրենք լեռնային ժողովուրդ են. ոտքերը ուժեղ են: Մենք՝ հայերս, ստեղծեցինք հայկական մարտարվեստը, որն ամենահզորն է, արիականը՝ արևի էներգիայով սնված: Տասնամյակներ առաջ այն հիմնեցինք Հայաստանում, Արցախում, և այսօր այն խորը արմատներ է գցել և ծառայում է մեր բանակի հզորացմանը: Երբ 90-ականներին մեր բանակն էինք ստեղծում, Հայաստանի 27 գյուղերում, քաղաքներում մարտարվեստի կենտրոններ բացեցի: Եվ երեխաներին այս նույնն էի ասում. «Պետք է մարզվենք, հզորանանք, 7 տարեկանից պետք է պարապենք, 18 տարեկանում հպարտ պիտի գնաք Հայկական բանակ՝ ծառայելու»: Այսինքն՝ սուղ ռեսուրսներով մենք դեռ այն ժամանակվանից երեխաներին հոգեբանորեն կրթում էինք: Փառք Աստծու, մենք այսօր բանակ ունենք, ամեն տեսակի մասնագետներ, բայց սկզբի այդ օրերին իմ ամբողջ հոգսն այն էր, որ ամբողջ Հայաստանի գյուղերից ու քաղաքներից յուրաքանչյուրում գոնե 10-20 երեխա մարզեի: Կարևորը՝ հարվածելը չէ, կարևորը՝ հոգեպես զորանալն է. սա է մարտարվեստի ուժը: Երբ հիմնեցի Հայ սև գոտիների միությունը, իմ նշանաբանը, որ իմ սաների մեջ էլ ներդրեցի, Այբ-3-ն է՝  «Առողջ մարմին, Արթուն միտք, Ազնիվ հոգի»: Բոլոր տեսակի «իզմ»-երից հեռու, քաղաքական խաղերից հեռու, սխալ փիլիսոփայություններից, աղանդներից հեռու, հեռու, հեռու: Այս եռամիասնությունը եղել է իմ կյանքի հիմքը, ծնունդը, և դա հաջողել եմ փոխանցել սաներիս: Այս անելու համար եմ գուցե ես ծնվել ու, փառք Աստծու, արեցի ու հաջողեցի:

1990 թվականից ես բանակի հետ եմ. բանակն իմ հիմքն է: Նայի՛ր, սա ես եմ  (բջջային հեռախոսում ցույց է տալիս Արցախյան ազատամարտի տարիներին իր լուսանկարներից մեկը): Մեր բանակն ամենակարևորն է: Ես միշտ եմ համագործակցել բանակի հետ: Մարտարվեստի այս դպրոցներով էլ հենց փորձում եմ մեր բանակի գործը դյուրացնել:

…Արցախ-Սփյուռք-Հայաստան. սա կենսական կապ է, կենսական: Ես այն փոքրաթիվ հայերից  եմ, որ ապրում եմ երեք կետերում՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ: Կարողացել եմ այդ երրորդության գաղտնիքն ու ուժը ոչ թե միայն խոսքերով, այլև իմ կյանքով փաստել: Այսօր հարյուրավոր ընտանիքներ եմ Հայաստան տեղափոխել Սփյուռքից: Արցախի բնակեցման, զորացման  մասին շատ եմ մտածում: Այսօր մեր միջազգային ակադեմիայի ամենից հզոր կետը հենց Արցախում է, քանի որ Արցախն է այսօր ու միշտ վտանգված, ոչ թե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը, հասկանո՞ւմ եք: Դրա համար մեր ամենահզոր աշխատանքն այսօր տանում ենք Արցախում: Բայց սա պետք է մարմին ու ոսկոր լինի, այսինքն՝ ամեն մի հայի երեխա պետք է իր բարձի տակ ունենա ձիթենյաց ճյուղ և ատրճանակ, քանի որ մենք այլ ճար չունենք: Մենք մշակույթ ենք սիրում, սիրում ենք եկեղեցի, աղոթք, բարիք գործել ենք սիրում: Մեր թշնամին արյուն է սիրում: Այնպես որ՝ մենք հիմա ստիպված ենք ուժ գործադրել ինքնապաշտպանություն համար, բայց նորից եմ ասում՝ կա ուժ գործադրել և կա արդար ուժ գործադրել: Մեր ուժը հիմնված է արդարության վրա՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ընտանիքը, մշակույթը: Այնպես որ՝ ես իմ ամբողջ կյանքը նվիել եմ այս գործին: Օրինակ՝ Լիբանանում ընթացող 30 տարվա եղբայրասպան պատերազմում հայկական թաղամասերում մեր հայկական զինյալ ջոկատը 10 տարի դիրքերում մնաց՝ պաշտպանելով ժողովրդի, իրենց ընտանիքների կյանքի, ապրելու իրավունքը: Եթե չպաշտպանվեինք, այնտեղ էլ մեզ կկոտորեին: Նույնը Սիրիայում: Նույնը Քեսաբում. տեսանք, թե ինչ եղավ: Հայը աշխարհում որտեղ էլ լինի, պետք է կազմակերպվի և պատրաստ լինի կռվի: Սա չի նշանակում, որ մենք հավատում ենք միայն կռվին կամ զենքին, ամենևին ոչ: Բայց սա մեր կյանքի մի մասն է դեռ, ցավոք:

-Պետք է կանխենք նոր ցեղասպանությունը:

-Այո՛: Ֆրանսիայի հեռուստատեսությամբ հարցազրույցի էին հրավիրել: Ասացի՝ անգամ երկար խորանալու, պատմական քննություններ անելու կարիք չունեք: Փաստը սա է. 1915 թվականին թուրքերը Արևմտյան Հայաստանում ցեղասպանություն իրագործեցին, երկրորդ ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ էին իրագործում: Սումգայիթի, Բաքվի ջարդերը սկիզբն էին: Կհասնեին նաև Արցախի ժողովրդին: Հայը ասաց՝ ո՛չ, այլևս մորթվել չկա: Այդ պատճառով մենք ինքնապաշտպանության դիմեցինք:

Աշխարհն անարդար եղավ մեզ հետ: Մենք ֆրանսիական բանակին տասնյակ հազարներով մարտիկներ տվեցինք, որ Կիլիկիան ազատագրվի, իսկ ֆրանսիական զորքը, որը մեզ պետք է պաշտպաներ, ձիերի սմբակների տակ բամբակ կապելով հեռացավ Մարաշից: Սա իմ մեծ մայրիկն է պատմել, նա  եղել է ականատեսը: Ասում է՝ հաջորդ օրը թուրքերը եկան, այրեցին, ջարդեցին մեզ…: Ռուսական բանակին մենք 600000 զորք տվեցինք, որոնցից 200000-ն անհետ կորան. Հայաստանում ու Արցախում մի քաղաք, գյուղ չկա, որ Հայրենական պատերազմում զոհված հերոսներին նվիրված խաչքար չունենա: Ի՞նչ ստացանք փոխարենը: Մեզ մնաց փոքրիկ մի Հայաստան՝ չորս կողմից ատամները կրճտացնող երկրներով: Դասեր պետք է քաղենք: Մի անգամ արդեն միացանք՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ, ու կարողացանք մեզ պաշտպանել: Պետք է խելքներս գլուխներս հավաքենք ու նորից բռունցք դառնանք: Մանրիկ հարցերով, բամբասանքներով տարված՝ մոռանում ենք ամենակարևորը, էականը՝ ազգային գոյության, ազգի ապագայի կարևորագույն խնդիրը: Պետք է անպատճառ վերադառնանք մեր արմատներին ու միավորվենք…

Ահա այսպիսի պատգամ-ավանդ ազնվազարմ հայորդու, լայնախոհ ու պայքարող մարդուց, որ դեռ շատ անելիքներ ուներ իր սիրասուն ազգի համար…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Կարո Քեբաբջյանի ընտանեկան ալբոմից

http://www.hayzinvor.am/85755.html?fbclid=IwAR1IXGO36TbL-9sYV1y4KpuaGtlN0PuyClPQWXAQDVMuwyEFBznuM2UCjvM 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica