close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ անելու ենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ» ձևաչափը ճեղքեր չունենա․ Արսեն Համբարձումյան

Քաղաքական

24 Մարտի 2021, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ անելու ենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ» ձևաչափը ճեղքեր չունենա․ Արսեն Համբարձումյան

Դաշնակցությունը միշտ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է առանձին՝ իր սեփական դեմքով ու դիմագծով, բայց այս անգամ, նկատի ունենալով, որ դեռ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չունենք, ձեռնպահ կմնամ ձևաչափերին անդրադառնալուց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։

Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր դաշինքով հանդես գալու մասին լուրերը նա «մտավարժանքներ» որակեց։

«Տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող հնարավոր ձևաչափերը մեծ մասամբ մտավարժանքներ են, որովհետև գոնե մենք որևէ առարկայական քննարկում չունենք, առավել ևս որևէ պայմանավորվածություն չունենք։ Մեզ համար արտահերթ ընտրությունների հարց այս պահին օրակարգում չկա»,-ասաց Արսեն Համբարձումյանը։

Թեև, նրա խոսքով, քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել, բայց իրենց քաղաքական պայքարի նպատակը այս փուլում օրվա իշխանություններից ձերբազատվելն է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ և մինչ այդ իրենք չկարողանան հասնել իշխանություններից ձերբազատվելու նպատակին, ընտրություններին մասնակցությունը կծառայեցնեն այդ նպատակին և ձևաչափի մասին իրենց քաղաքական որոշումը կբխի դրանից։

Վարչապետի սեփական թեկնածու հենց կուսակցության ներսից ՀՅԴ-ն կարող է ունենալ՝ վստահեցրեց Արսեն Համբարձումյանը․ ասաց՝ Դաշնակցությունն ունի այն կադրային ներուժը, այն փորձառությունը, որ ի վիճակի է ներկայացնելու վարչապետի նույնիսկ մի քանի թեկնածու, իրենք այդ տեսակ խնդիր չունեն, բայց ներկա փուլում ներքաղաքական պայքարի տրամաբանությունը, նրա համոզմամբ,  զուտ իշխանություն-ընդդիմություն պայքար չէ։

«Ներկա փուլում, եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, դրանք չեն լինի բովանդակային ընտրություններ, որովհետև այն վիճակը, որն այսօր մենք ունենք շատ հեռու է բովանդակային ընտրություններ կազմակերպելու իրավիճակից»,-պարզաբանեց նա։

Արսեն Համբարձումյանի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են քաղաքական ուժերը դուրս գալ քարոզարշավի և ներակայացնել իրենց պատկերացումները, երբ յուրաքանչյուր օր լրջագույն անվտանգային խնդիրների ենք բախվում և երկիրը այս վիճակից փրկելու անհրաժեշտություն ունենք։ Նա համոզված է, որ եթե անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա ոչ թե կլինի ընտրություն, այլ պարզապես քվեարկություն։ Այս պատճառով էլ ՀՅԴ-ն հակված է ընտրություններն անցկացնել Փաշինյանին հեռացնելուց մեկ տարի հետո՝ ժամանակավոր կառավարության կազմակերպմամբ, որի գլուխ կլինի չեզոք անձ, ոչ թե Փաշինյանը։

«Ներկա իշխանությունները հոգեվարքի մեջ են և ինչքան շուտ հեռանան, այնքան լավ կլինի նաև իրենց համար։ Հակառակ պարագայում այդ հոգեվարքը շատ ցավոտ է լինելու և պատասխանատվությունը շատ ավելի խիստ է լինելու։ Նախընթաց ամիսների փորձառությունից ելնելով՝ արձանագրում ենք, որ իշխանության մեղքերի չափաբաժինը գնալով մեծանում է, իշխանության ձախողումների շարքը գնալով մեծանում է, իշխանության որդեգրած գործելաոճի հետևանքով կորուստները գնալով շատանում են, և ի վերջո գալու է պատասխանատվության պահը։ Դրա համար պետք է հասկանան, որ այս կարճ ժամանակահատվածում կատարել են սարսափելի սխալներ, և փորձել ընտրությունների միջոցով վերատադրվել կամ պատասխանատվության  և մեղքի բաժինը տարածել այն մարդկանց վրա, ովքեր կքվեարկեն իրենց օգտին, նշանակելու է, որ այդ մարդիկ ստանձնելու են իշխանությունների մեղքի պատասխանատվությունը։ Իշխանությունները փորձելու են մեղավորությունը կիսել այդ մարդկանց հետ»,-ասաց Արսեն Համբարձումյանը։ 

Նա արձանագրեց, որ գործող իշխանությունների պաշտոնավարումը ոչ միայն նշանավորվեց հայրենիքի զգալի մասը հանձնելով, այլև շեշտակի ավելացավ պետական պարտքը, տնտեսությունը անկում է ապրում, գործազրկության ծավալները ավելացել են, արտագաղթը մեծացել է, բարոյահոգեբանական անկումը հասել է գագաթնակետին, պետական համակարգը անգործության է մատնված։

«Այսքան կարճ ժամանակահատվածում այսքան բացասական հետևանքների հասնելու համար շատ մեծ տաղանդ էր պետք։ Եթե անգամ մեր երկիրը կառավարեին թշնամիները, մեծ դժվարություն կունենային 2,5 տարում այսքան մեծ ձախողումներ արձանագրելու համար, բայց իրենք հաջողել են»,-նշեց նա։

Ազգային ժողովն այսօր վերացրեց ռազմական դրության ռեժիմը։ Արսեն Ահմբարձումյանը սա ևս դիտարկում է իշխող քաղաքական թիմի շահերի տեսանկյունից։

«ԱԺ՝ այսօր կայացրած որոշումը հերթական անգամ վկայեց, որ օրվա իշխանությունը մշտապես առաջնորդվել է սեփական շահերով, ներքին վախերով և իրենց կայացրած որոշումները բխում են գերազանցապես հենց այս նկատառումներից։ Որովհետև անցնող ամիսների ընթացքում բազմիցս բարձրաձայնվեց, որ ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտություն չկա, բայց քաղաքական մեծամասնությունը համառորեն անհիմն պնդումներ էր հնչեցնում, որ մենք հետպատերազմյա իրավիճակում ենք գտնվում, բազմաթիվ մարտահրավերներ և անվտանգային խնդիրներ ունենք, հետևաբար, ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտությունը կա։ Եվ հանկարծ այսօր պարզվեց, որ դրա անհրաժեշտությունը չկա՝ դարձյալ առանց որևէ բացատրության կամ հիմնավորման։ Սա հստակ վկայում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը թքած ունի ցանկացած տրամաբանության վրա, ցանկացած հիմնավորման վրա և միայն ու միայն առաջնորդվում է սեփական շահախնդրություններով և նպատակադրումներով՝ խուսափել անխուսափելի իրավական պատասխանատվությունից և ամեն կերպ փրկել իրենց սեփական կաշին»,-բացատրեց Արսեն Համբարձումյանը։

Սա ևս, նրա խոսքով, տեղավորվում է արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ, որովհետև մեր Սահմանադրության իրավակարգավորումների շրջանակում վարչապետի հրաժարական հնարավոր չէ ռազմական դրության ռեժիմի պայմաններում։ Այդ արգելքը, նրա խոսքով, շարունակում էին կիրառել, որպեսզի արհեստականորեն խոչընդոտեն վարչապետի հրաժարականի պահանջը։ Բայց երբ որոշեցին, որ ստեղծված իրավիճակից իրենց ձեռնտու ելքը կարող է լինել արտահերթ ընտրությունները, փորձեցին այդ տրամաբանությամբ կառուցել իրենց պատկերացրած քաղաքական զարգացումները։

Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի սցենարների հանգուցալուծումը տեղի ունեցավ 2018 թ-ին՝ շնորհիվ Փաշինյանի մեծ դերասանական տաղանդի՝ համոզված է Արսեն Համբարձումյանը։

Տարբեր ժամանակներում, նրա համոզմամբ, տարբեր ուղղություններից փորձ արվել է հասնել նրան, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը․ «Այդ փորձը արվել է 1999 թ-ին «Հոկտեմբերի 27»-ով, այդ փորձը արվել է 2008 թ-ին, որի հետևանքով ունեցանք «Մարտի 1», այդ փորձը արվել է Սասնա ծռերի կողմից․ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով։ Այս բոլորը մի ընդհանուր սցենարի մաս են կազմում։ Բայց հանգուցալուծումը, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի մեծ դերասանական տաղանդի, տեղի ունեցավ 2018 թ-ին՝ գտան ծաղրածուին, ով կարողացավ, մեկտեղելով մեր ժողովրդական հեքիաթների բացասական հերոսների տարբեր կողմերը, վարդագուն խոստումներով, ոսկե սարեր խոստանալով, անպատասխանատու հայտարարություններով շահել ժողովրդի համակրանքը և, արդյունքում, ունեցանք այն, ինչ ունեցանք»։

Դաշնակցությունը, նրա խոսքով, շատ ու շատ իրավիճակներում ստիպված է եղել միայնակ պայքարելու․ այդ «վճռական մենակի» գիտակցությամբ պատրաստ են առաջնորդվել թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը։

«Վճռականության պակաս չի եղել և չկա։ Անշուշտ, գիտակցում ենք միասնական ճակատով պայքարելու կարևորությունը և ամեն ինչ անելու ենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ» ձևաչափը, որն արդեն ձևավորվել է, որևէ դեպքում ճեղքեր չունենա։ Բայց եթե անգամ ունենանք իրավիճակ, որ հնարավոր չլինի այս ձևաչափը պահպանել, վստահեցնում եմ, որ կգտնենք այլ ձևաչափեր, այլ հնարավորություններ և կշարունակենք մեր պայքարը»,-վստահեցրեց Արսեն Համբարձումյանը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica