close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ ժողովուրդը սթափվի, կոբրային սատկացնելու է

Քաղաքական

3 Մարտի 2021, 18:32
 Երբ ժողովուրդը սթափվի, կոբրային սատկացնելու է

Hraparak.am-ի հարցազրույցը արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ:

- Պարոն Ղարաբաղցյան, ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա նախօրեին Հանրապետության հրապարակում՝ ի հիշատակ մարտի 1- ի զոհերի, իշխանության կազմակերպած հավաք-երթը։

- Հրապարակում վարչապետի ելույթը մի կերպ եմ լսել, ձայնն անգամ շատ տհաճ էր, իսկ խոսքում համարյա նոր բան չկար, միայն ավելի գեներացված էր այդ ատելությունը, ինքն ինչքան էլ ուզում էր արդուկել, բայց ներքին չարությունը դուրս էր գցում։ Հավաքված ժողովուրդն իմ մեղքը եկավ, կան, չէ՞, կոբրաներ, որի հայացքի ներքո մարդիկ հիպնոսվում են․ երեկվա տեսարանը շատ նման էր դրան, բայց երբ ժողովուրդը սթափվի, այդ կոբրային սատկացնելու է։ Ու հավաքված ժողովուրդը երբ գնա տուն, հանկարծ կհասկանա, որ մարտի 1-ը տոնախմբություն էր իրենց համար։ Հետո․ ի՞նչ է նշանակում՝ գիշերով ծաղկեպսակ տանել․․․, հնուց եկած բան է՝ գիշերով զոհերի շիրիմին չեն այցելում, դա սրբապղծության նման մի բան է։ Այդ վարչապետ կոչվածը 2008-ից միկրոֆոնը ձեռքից չի գցում, երեկ էլ նույն մարդն էր, պարզապես կողքից երեւի փեշերից քաշեցին, ասեցին, որ սա արդեն 2008-ը չի, այլ՝ 2021-ը։

- Հանրահավաքի ժամանակ վարչապետը նաեւ ներողություն խնդրեց ժողովրդից, Դուք ներո՞ւմ եք նրան։

- Առնվազն պետք է խելապակաս լինել, որպեսզի Արցախը, Շուշին տվողին, երկրի սահմանները բզկտողին ներես, թեկուզ քո ծնած զավակին էլ իրավունք չունես ներելու, ի՞նչ ներողության մասին է խոսքը, դրանով ոչ մի կորուստ հետ չես բերի, դա ուղղակի զավեշտ էր։

- Վարչապետը հավաքվածներին դիմում էր՝ «դուխով, հպարտ եւ հաղթական քաղաքացիներ»․ ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը։

- Նա ուրիշ բառամթերք չունի, 2008-ից հետո իր ելույթներում, բառերում բան չի փոխվել․․․

- Բայց երկրում իրավիճակ է փոխվել, որքանո՞վ է խելամիտ ասել՝ կեցցեն մեր զոհերը։ 

- Իրենք ենթագիտակցորեն եկել էին տոնախմբության, ոչ թե հիշատակի երթի։ Հետո, եթե ուշադիր լինեք՝ Հանրապետության հրապարակում ոչ մի երեւանցի չկար, բոլորը շրջաններից բերված մարդիկ էին, որոնց երեւի 90 տոկոսը որպես պարտականություն էր եկել։ Ի դեպ, սա նոր բան չէ, իր նախադեպերն ունի, երեւի հիշում եք հանրապետականների հավաքը, երբ ժողովրդին բերեցին, բայց նրանք դրոշները գցեցին եւ եկան միացան ընդդիմությանը։ Երեկ էլ նման դեպքեր եղել են։ Հիմա ինքը երկու ոտքով նախկինների սխալներն է կրկնում։

- Իր ելույթում նաեւ հիշատակեց, որ թույլ չի տա ժողովրդի ձեռքից ժողովրդի իշխանությունը վերցնել։ Ի՞նչ է սա նշանակում։

- Առաջին անգամ չէ, որ այդ հայտարարությունն է անում, դա իր հերթապահ խոսքն է, որ ինչքան կրկնում է, կարծես դրանով գլխավոր հանցագործի տեղն է ցույց տալիս։ Դրա համար եմ ասում, որ նրա մոտ ոչինչ չի փոխվել։ 

- Նրա մոտ ոչինչ չի փոխվել, իսկ հրապարակում կանգնած մարդկանց մո՞տ էլ ոչինչ չի փոխվել պատերազմից հետո, ովքեր դըմփ-դըմփ-հու էին անում, «Նիկոլ՝ վարչապետ» գոչում, պատուհաններից ջերմ բարեւներ ուղարկում։

- Նույն այդ պատուհաններից բավականին շատ մարդ ողջունում է նաեւ ընդդիմությանը, այսինքն՝ դա միանշանակ չէ։ Հետո՝ վերջիվերջո, նա աջակիցներ ունի, եւ դրա վրա աչք փակել չի լինի, բայց 2018-ը եւ 2021-ը համեմատելի չեն, եթե 2018-ին մի մատի հարվածով կարողանում էր հազարավոր մարդ հավաքել, այս դեպքում օրեր են պետք եղել, որպեսզի իր ռեսուրսն օգտագործի եւ գոնե այդքան մարդ ապահովի։ Ու իրենք շատ լավ գիտակցում են ներքին այդ սառնությունը, ժողովուրդը տիկնիկ չէ իր համար։ Հետո՝  երբ գերմանացիները Փարիզ մտան, պատուհաններից շատ ֆրանսիացիներ ողջունում էին Հիտլերի մուտքը քաղաք, բայց հետո նույն այդ քաղաքացիները կանգնեցին երկիրն ազատագրելու համար։ Ցավոք, մենք շատ ենք դեգրադացվել, դա էլ փաստ է, միանգամից մաքրվելը շատ դժվար է լինելու, ինչքան էլ որ ճերմակ ձյուն էր գալիս դրսում, լավ էր գոնե, որ այդ ճերմակի վրա արյուն չհեղվեց։

- Քաղաքացիական բախումների վտանգը դեռ առկա՞ է երկրում։

- Ինքը շատ կուզի տանել բախումների, նախորդ հանրահավաքին նորից փորձ արեց, բայց նաեւ ներքին գիտակցում ունի, որ դա վերջն է լինելու։ Մենք միշտ ասում ենք, որ այս տարածաշրջանում միակ երկիրն ենք եղել, որտեղ քաղաքացիական պատերազմ չի եղել, եւ մեծ շռայլություն կլինի դա մեզ համար, ինչքան էլ որ իրենք դա ուզում են, որովհետեւ ընդդիմությունը տասը գլուխ խոհեմ է եւ դրան չի գնա։ Ի վերջո, կաթողիկոսից մինչեւ գլխավոր շտաբի պետ՝ իր հրաժարականն են պահանջում, եւ իր ողջ հիստերիան հենց նաեւ սրա մեջ է։ Իսկ նախօրեին «Իսկանդերի» մասին իր իսկ խոսքի հերքումն ուղղակի ստորացում էր իր համար, ես վստահ գիտեմ, որ իրեն պարտադրել են, որ ներողություն խնդրի իր ասածի համար, Ռուսաստանը հսկա տերություն է, եւ չի կարելի նրա հետ կատակ անել։ Նրան հիմա սատարում են միայն Ադրբեջանն ու Թուրքիան, ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է ու տեսնում։ Եվ Ալիեւի կողմից նրան հասցվող վիրավորանքը նաեւ ժողովրդին է վերաբերում։ Նա մինչեւ անգամ իր սրբությունները կզոհի, բայց ձյութի պես կմնա, տեսեք՝ մինչեւ հոկտեմբեր է ուզում մնալ, Արցախը հանձնելուց հետո ասում էր՝ 6 ամիս, երեկ պարզվեց, որ մինչեւ հոկտեմբեր։ Հիմա ինքը քաղաքական հոգեվարքի մեջ է եւ ամեն անգամ իրեն հոգեդարձ է անում, իսկ երբ հոգեդարձ են լինում, ավելի են չարանում։ Ընդդիմությունն իրեն այդ հնարավորությունը տվել է, որ իր բնական մահով հեռանա, բայց այդքանը չի հասկանում։ 

- Վարչապետը բեմահարթակից, բոլոր ուժերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կանչեց, դա ելք կարո՞ղ է լինել ստեղծված իրավիճակում։

- Վստահ եղեք․ եթե նախորդ անգամվա պես համաձայնություն լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինքը նորից փոխելու է դա եւ չգնա դրան, որովհետեւ շատ լավ հասկանում է, թե իր հեղինակությունն ինչ չափի է հասել։ Եվ եթե շատերին թվում է, որ երեկվա հանրահավաքից հետո իր հեղինակությունը բարձրացավ՝ այդպես չէ։ Երեկ քաղաքում թռուցիկներ էին շպրտել՝ «Նիկոլ՝ դավաճան» գրություններով, ու իր թիմն այդ թռուցիկների վրայով քայլում էր։ Սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա, եւ իրենք շատ լավ գիտեն, թե իրենք ով են եւ ինչի համար են եկել։ Ու շատ լավ գիտեն, որ այս գործը եկել հասել է մի հանգրվանի, որ արդեն բոլոր քաղաքարտերը բաց են, ու ամեն ինչ բացվում է հերթով՝ անկախ իրենց կամքից։ Դրա համար ամեն անգամ շտապում են ու ինչքան շտապում են, այնքան սխալվում են, իսկ Հայաստանն էլ կորուստներ է կրում։ Ցանկացած դեպքում հեշտ չի լինելու, վաղը մենք չգիտենք, թե ինչ զարգացում կունենան Թուրքիա-Պարսկաստան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, եւ մենք, անկախ մեզանից, դարձել ենք խաղացող, բայց շատ վատ լիդերով։ Եթե մենք այսօր նորմալ ղեկավար ունենայինք, այս պատերազմը հաստատ չէր լինի, եթե լիներ էլ, ապրիլյան պատերազմի նման վախճան էր ունենալու։ 

Հետո, երբ ասում ենք՝ ժողովուրդը քիչ է հավաքվում, պետք է հիշել, որ թթխմորը միշտ քիչ է լինում, ընդդիմության հավաքներում հենց թթխմորն է հավաքվում, իսկ մյուս տեղում՝ չհունցված խմորը։ Պատկերացրեք՝ 5 հազար զոհի ընտանիք ոտքի կանգնի ու գա հրապարակ․․․ դա վաղ թե ուշ լինելու է, եւ ոչ մեկը չի ներելու։ Ինքը ներողություն է խնդրում ապագայում վերահաս աղետը կանխելու համար։ Եթե մարտի 1-ի զոհերին, թող ներեն ինձ, կարողացան առնել, 5 հազար զոհի չեն կարող առնել, բարոյականության սահմանն այլեւս չեն թողնի ոտնատակ տա։

Սոնա Ադամյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica