ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ընկեր Վանեցյանին հորդորե՞լ եք ներկա չգտնվել Բաղրամյանի հարթակում․ իմքայլականը՝ ԲԴԽ նախագահին
Քաղաքական

Քաղաքացի Ռուբեն Վարդազարյան, ձեր ընկեր Արթուր Վանեցյանին խորհուրդ տվե՞լ եք, հորդորե՞լ եք ներկա չգտնվել այդ հարթակում, որտեղից հնչում են այդ բռնության կոչերը՝ ըստ Yerkir.am-ի այս հարցը տվեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ-ում։
Վարդազարյանը պատասխանեց, որ բավականին երկար ժամանակ չի զրուցել Արթուր Վանեցյանի հետ եւ նման հորդորով չի դիմել։
«Բայց եթե նույնիսկ փողոցում հանկարծակի հանդիպեմ, միանշանակ կդիմեմ այն հորդորով, որ ոչ թե քաղաքական գործունեությամբ չզբաղվի, այլ փորձի կրքերը հանդարտեցնել եւ ատելություն չսերմանել մեր հասարակության մեջ»,-ասաց ԲԴԽ նախագահը:
Հրաչյա Հակոբյանը հարցն ուղղեց ոչ թե ԲԴԽ նախագահ, այլ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդազարյանին և ասաց՝ ինչպե՞ս եք գնահատում այն դատավորի վարքագիծը, որն ազատ է արձակել Արարատ Միրզոյանի դեմ մահափորձն իրականացնողներին, ինչպե՞ս եք գնահատում Բաղրամյան պողոտայում ատելության խոսք եւ բռնության կոչ պարունակող պերֆորմանսներին եւ հարթակից հնչող հայտարարություններին:
«Հարցի ֆորմատը ընդունվում է, պատասխանեմ որպես Երեւանի բնակիչ: Տեղյակ չեմ, գործի նյութերին ծանոթ չեմ, տեղեկացվել եմ բացառապես լրատվամիջոցների միջոցով: Միանշանակ վատ եմ գնահատում, միանշանակ դատապարտում եմ, բայց նորից եմ կրկնում՝ գործի նյութերին ծանոթ չեմ: Այն, ինչը լրատվամիջոցներով եմ տեսել, վատ եմ գնահատում: Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին, ինչո՞ւ միայն Բաղրամյան պողոտայում, ցանկացած վայրում ցանկացած ատելության խոսք, ցանկացած բառ, դարձվածք բառակապակցություն, որը աղճատում է հասարակությունը, լարված մթնոլորտ է ստեղծում ես նույնպես վատ եմ վերաբերվում: Վատ եմ վերաբերվում ոչ միայն որպես ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդազարյան, այլ որպես ԲԴԽ նախագահ: Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, գտնում եմ, որ բացառապես կլոր սեղանի շուրջ բանակցությունների միջոցով կարելի է հասնել այն իրավիճակին, որն ուզում ենք ունենալ: Որպես քաղաքացի, ես արդեն հոգնել եմ. երեկոյան երբ տուն եմ գնում եւ կինս ընթրիքը դնում է առջեւս եւ հեռուստացույց եմ միացնում, ինձ դա հաճույք չի պատճառում: 15 րոպե անց ես փոխում եմ ալիքը»,-պատասխանեց Վարդազարյանը:
Մանարամասն՝ տեսանյութում․