close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները». ԿԳՄՍ նախարար

Մշակույթ

19 Փետրվարի 2021, 16:31
 «Գրքի և գիտելիքի հզոր ուժով հնարավոր է հաղթահարել բոլոր մարտահրավերները». ԿԳՄՍ նախարար

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ շնորհավորելու և պարգևատրելու գրադարանի 2020 թվականի լավագույն 13 ընթերցողներին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ փոխնախարար Ա. Խզմալյանը, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով Հ. Թումանյանի 152-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Վ. Դումանյանն ընթերցասեր երեխաներին նվիրել է գրողի նորատիպ ստեղծագործությունների ընտրանին և հույս հայտնել, որ նրանք բոլոր դժվարությունները կկարողանան հաղթահարել լավագույն ընկերոջ՝ գրքի օգնությամբ:

«Պատահական չէ, որ  Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով: Արդեն ավանդական դարձած այս տոնը բազմախորհուրդ է. նվիրելով մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում մեր միտքն ու ճաշակը, լուսավորում մեր ուղին, ներկան ու ապագան: Հատկանշական է, որ լավագույն նվերը մշտապես եղել և լինելու է գիրքը: Ցանկանում եմ, որ բոլոր մարտահրավերները, դժվարությունները կարողանանք հաղթահարել գրքի և գիտելիքի հզոր լույսով և ուժով»,- ասել է նախարարը և ընդգծել, որ գիրք կարդալը, գրականության հետ հաղորդակցվելը պետք է լինեն ամենօրյա պահանջ և կենսակերպ:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է գրադարանի նոր ընթերցողների հետ և հույս հայտնել, որ հաջորդ տարի նրանցից շատերը կլինեն լավագույն ընթերցողների շարքում:

Նախարար Վ. Դումանյանը նաև շրջել է գրադարանում ավանդաբար անցկացվող տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների գրական արտադրանքին և հրատարակիչների հետ զրուցել գրքի ազդեցության ու այժմյան պահանջարկի մասին:

Այցի վերջում նախարար Վ. Դումանյանը ծանոթացել է գրադարանի նախադպրոցական, երաժշտական բաժինների գրականությանը,  օտարալեզու բաժիններում գործող  «Իրանական», «Չինական», «Արաբական» սրահների  գործունեությանը: ԿԳՄՍ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի և նոր սերնդի շրջանում գրքի հանդեպ սեր ձևավորելու համար, հանձնել գրադարանի համար նախատեսված մի շարք նոր գրքեր, որոնք տպագրվել են ԿԳՄՍՆ դրամաշնորհներով:


Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica