close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-իրանական զորավարժություններ անցկացնելու հարցը կարելի է քննարկել․ իրանագետ

Հասարակություն

10 Փետրվարի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ-իրանական զորավարժություններ անցկացնելու հարցը կարելի է քննարկել․ իրանագետ

Վերջին պատերազմից հետո տեսանք, որ բացի Ռուսաստանից ունենք նաև այլ երկրների հետ ռազմական դաշինք կնքելու անհրաժեշտություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը։

Նա նկատեց, որ հենց պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին, Իրանի վրայից հանվեց սպառազինության պատժամիջոցների արգելքը ՄԱԿ-ի ԱԽ կողմից, և հենց այդ թեժ պատերազմի ժամանակ Իրանը հայտարարեց, որ պատրաստ է սպառազինություն վաճառել իր հարևան երկրներին։

Իրանը հայատարարեց, որ պատրաստ է վաճառել սեփական արտադրության հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, և բազմաթիվ այլ զինատեսակներ։ Հայաստանի զինուժն, ըստ էության, ունի ԱԹՍ-ների կարիք, և իրանագետը այս համատեքստում քննարկումները հնարավոր է համարում։

Իրանի արտգործնախարար Զարիֆը ևս, այցի ժամանակ կարևորեց անվտանգային փոխգործակցությունը, ինչպես նաև հիշատակեց Արցախից օկուպացված հարավային հատվածներում ահաբեկիչների առկայությունը։

«Ահաբեկիչները Հայաստանի և Իրանի համար ընդհանուր անհանգստություն են, այդ մասին խոսվում էր նաև Մոսկվայում։ Եթե փորձենք վերլուծել, կարելի է ասել՝ եռակողմ համագործակցության մեսիջ էր ուղարկվել Հայաստանին և այդ եռակողմ համագործակցությունը ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում կարելի է դիտարկել՝ ներառելով նաև ռազմական բաղադրիչը, քանի որ ահաբեկիչների դեմ առանց ռազմական բաղադրիչի պայքարել չի լինի։ Հայաստան-Իրան-Ռուսաստանը նաև գործարկելու շատ լավ ֆորմատ է»,-ասաց իրանագետը։

Հայ-իրանական երկկողմ զորավարժություններ, կամ ռուսական կողմի ներգարվմամբ՝ եռակողմ զորավարժություններ անցկացնելու խոչընդոտ էլ իրանագետը չի տեսնում։

«Մանավանդ Ռուսաստանն ու Իրանը ունեն փորձ․ նրանք ներկայումս էլ պատրաստվում են կազմակերպել մեծ զորավարժություններ Չինաստանի ներգրավմամբ՝ ռազմածովային և այլն, այսինքն, Իրան-Չինաստան-Ռուսաստան ֆորմատով։ Հայաստանի մասնակցությունն էլ կարելի է քննարկել»,-ասաց նա։

Ահարոն Վարդանյանն ընդունում է, որ ամեն ինչ էլ կարելի է քննարկել, բայց պետք է ինչ-որ կետից սկսել, որովհետև, ըստ նրա, 3 տարի է՝ տեսնում ենք, որ հայ-իրանական հարաբերությունները առաջ չեն գնում։

«Առաջ շեշտվում էր, որ քաղաքական առումով հայ-իրանական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում, բայց առևտրատնտեսական հարաբերությունները կաղում են և պետք է զարգացնել դրանք։ Եվ քայլեր էին արվում՝ վատ, լավ, քիչ թե շատ փորձ էր արվում, այնինչ, 3 տարի է նույնիսկ քաղաքական հարաբերություններն են արդեն կաղում, և կան բազմաթիվ խութեր, խնդիրներ, սրանք պետք է կարգավորել»,-ասաց իրանագետը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այցը Իրան սկանդալով ուղեկցվեց․ ՀՀ-ում Իրանի դեսպանատունն էլ հաստատեց, որ նա հարբել է և չի կարողացել այցելել կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը նկատեց, որ Իրանի հետ հարաբերությունները կառուցելու համար պետք է նրբանկատորեն ցանկացած քայլը կատարել, քանի որ իրանցիները, լինելով արևելյան ժողովուրդ, իրենք էլ են գործում բավական նրբանկատ և «սրտի ժողովուրդ» են։

«Նրանց հետ հարաբերություններ հաստատելիս սրտի պահը շատ կարևոր է՝ նրբանկատությունը շատ կարևոր է։ Եթե արևմտյան չափանիշներն այլ են, ապա Իրանի դեպքում այլ է, նրանք բոլորովին այլ չափանիշներ ունեն և ամեն մանրուք հաշվի է առնվում։ Եթե ոչ շատ սեղմ ժամկետում, ապա հեռահար ժամկետում հաշվի է առնվում։ Իսկ իրանցիները շտապել չեն սիրում, երբեք նրանք իրենց գործողությունները չեն պլանավորում 1-2 օրում, հապճեպ, իրավիճակային քայլեր չեն անում, և անպայմանորեն հաշվի են առնում հետագայում իրենց քաղաքականությունը մշակելիս»,-նշեց Ահարոն Վարդանյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի դիտարկումը, որ Իրանը գնել չի սիրում, սիրում է վաճառել, այդ պատճառով էլ Հայաստանը պետք է ոչ թե փորձի ապրանք վաճառել Իրանին, այլև պետք է օգնի Իրանին վաճառել մեր ապրանքը, իրանագետը մեկնաբանեց՝ այդպիսի հարաբերություններ չեն լինում, առևտրատնտեսական հարաբերությունները ենթադրում են առևտուր՝ գնել և վաճառել, սա փոխադարձ է,  մնացյալը քննարկումների, բանակցությունների հարց է։

«Իրանը Հայաստանը դիտարկում է նաև իբրև տարանցիկ երկիր՝ հյուսիսային ջրեր դուրս գալու համար՝ դեպի Սև ծով և այլն։ Կա Ադրբեջանի, Ռուսաստանի վրայով դուրս գալու հնարավորություն, բայց Իրանը, լինելով կայսերական մտածելակերպի տեր երկիր, քննարկում է նաև այլ ճանապարհ՝ Հայաստանի ճանապարհը։ Բացի դրանից, Իրանը խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ և Իրանը չի ցանկանում, որ իր առևտրի մեծ մասը իրականանա Թուրքիայով և ցանկանում է ամբողջ հոսքերը տեղափոխել Հայաստանի միջոցով․․․ գոնե ժամանակին նման ցանկություն կար։ Ինչ վերաբերում է գնելուն կամ վաճառելուն, այդ ամենը բանակցությունների արդյունքում է լինում, չեմ կարծում, թե կլինի այնպիսի պետություն, որը միայն կցանկանա գնել կամ միայն կցանկանա վաճառել»,-ասաց Ահարոն Վարդանյանը։

Շատերը սիրում են կրկնել սիրուն եզրաբանությունը, որ ներկայում նոր հնարավորություններ են բացվել, քանի որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառվել Հայաստանում և այդ ամբողջ հոսքը, կարծեք թե, տեղափոխվել է Իրան և այնտեղից պետք է ապահովվի։ Բայց, ըստ իրանագետի, առաջին հերթին պետք է ապահովել հայ-իրանական ցամաքային կապը, որն այսօրվա դրությամբ վտանգված է։

«Գորիս-Կապան ճանապարհը, որտեղով անցնում  է այդ մայրուղին և Իրանը ցամաքային կապով կապում է Հայաստանին, վտանգված է։ Բեռնատարներն այդտեղով են անցնում և գտնվում են Ադրբեջանի զորքերի ուղիղ նշանառության տակ․ նախ պետք է այս ամեն ինչը կարգավորել, հետո նոր խոսել մեգածրագրերից»,-ընդգծեց իրանագետը։

Նա նկատեց, որ եթե չեն կարողանում այս ճանապարհի անվտանգությունը ապահովել, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ մեծ ծրագրեր՝ գնացք, երկաթուղի և այլն։

«Իհարկե, Իրանի կողմից կա այդ ցանկությունը, բայց պետք է կարողանանք ապահովել։ Ի վերջո, սա Հայաստանի Հանրապետության տարածքն է և մենք պետք է ապահովենք մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա։

Ահարոն Վարդանյանը պատահական չի համարում, որ Իրանի արտգործնախարարը շեշտեց կարմիր գծերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

«Սա խանդավառությամբ ընդունվեց, բայց գոնե ինձ համար այդ հայտարարությունը ցավալի էր, ցավաի էր, որ Իրանը, թեկուզ մեր բարեկամ, հարևան երկիրը, շեշտում է այդ խնդիրը՝ հասկանալով, որ վտանգված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,-ասաց իրանագետը։

Ահարոն Վարդանյանը նկատեց, որ, բնականաբար, Զարիֆը առաջին հերթին մտածում է Իրանի շահերի մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը հարված է նաև Իրանի շահերին։ Այնինչ այժմ դեռ պարզ չէ նաև, թե ինչ է լիենլու «Մեղրու միջանցք» կոչվածի հետ, ի՞նչ է դա ենթադրում՝ միջա՞նցք է, ավտոճանապա՞րհ է, երկաթուղային ճանապա՞րհ է, ի՞նչ է լինելու։ Այս անհստակությունը, նրա խոսքով, բերում է առաջանան ռիսկերի և այդ ռիսկերը պետք է գնահատվեն։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica