close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համազգային հայ կրթական և մշակութային միության ծրագրերը Արցախում շարունակվում են

Արցախ

8 Փետրվարի 2021, 22:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համազգային հայ կրթական և մշակութային միության ծրագրերը Արցախում շարունակվում են

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Արցախում ներդրումներ է անում և ծրագրեր է իրականացնում հայկական երկրորդ հանրապետության հիմնադրման օրվանից։ Դաշնակցության ծրագրերը կյանքի են կոչվում ոչ միայն անմիջականորեն կուսակցության կամ անհատ դաշնակցականների, այլև քույր կառույցների միջոցով։ Yerkir.am-ի շարքը, որում ներկայացնում ենք Արցախը ոտքի կանգնեցնելու՝ ՀՅԴ ծրագրերը, այս անգամ անդրադառնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության ծրագրերին Արցախում։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը բավականին երիտասարդ է՝ 3 տարի է, որ գործում է Արցախում, մինչև այդ հարցերը կարգավորվում էին Երևանի գրասենյակի միջոցով։

Համազգայինի Արցախի գրասենյակը ծրագրեր է իրականացրել Արցախի համարյա բոլոր շրջաններում։

«Արդեն 3 տարի է, որ ունենք գրասենյակ, բայց հասցրել ենք մի շարք ծրագրեր իրականացնել։ Մեր գործունեության կիզակետում գլխավորապես եղել են Արցախի սահմանամերձ գյուղական համայնքները, որոնք կտրված են մայրաքաղաքի մշակութային կյանքից՝ հեռավորության, ճանապարհների, այլևայլ պատճառներով, և մեր նպատակը եղել է Համազգայինի ներուժը օգտագործել Արցախի սահմանամերձ համայնքներում մշակութային ու կրթական կյանքի աշխուժացման համար»,-ասաց Համազգային հայ կրթամշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Կրթական ծրագրերը եղել են հանդիպումների տեսքով՝ աշակերտների ու երիտասարդների  հետ հանդիպումներ, քննարկումներ, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր, ստեղծագործող երիտասարդների հետ հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ։ Նաև կազմակերպել են մի շարք ստեղծագործական մրցույթներ, որոնց ընդգրկել են շրջաններում ապրող երիտասարդներին՝ նպատակ ունենալով ճանաչել, բացահայտել, ներկայացնել նրանց, ամրապնդել կապը համայնքների երիտասարդների եւ Համազգայինի միջև։

Արցախի մի քանի երիտասարդ արվեստագետներ, ովքեր շրջաններում են ապրում, անցած տարի հնարավորություն են ունեցել մասնակցելու  «Ես եմ» ծրագրին, որը կազմակերպվում է Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից՝ Հայաստանի երիտասարդ արվեստագետների հետ մեկտեղ։

«Այդ ծրագրին Արցախից ևս մասնակցել են և բավականին հավանության են արժանացել նրանց աշխատանքները»,-ասաց Հերմինե Ավագյանը։

Իրականացրել են մի շարք հանդիպումներ Արցախի երիտասարդության հետ՝ փորձելով պարզել մշակութային, կրթական առկա խնդիրները և փորձել օգտագործել Համազգայինի ներուժը՝ նպաստելու այդ խնդիրների ինչ-որ ձևով լուծմանը։

Արցախի գյուղական տարբեր վայրերում կազմակերպել են թատերական ներկայացումներ, համերգներ, արվեստագետների այցելություններ, ովքեր այնտեղ տարբեր խմբակներ են անցկացրել։

«Ստեփանակերտում կազմակերպել ենք ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, երիտասարդ գրողների հետ հանդիպումներ, շրջանաձև ընթերցանություններ եւ նման այլ ծրագրեր։ Արցախի գրասենյակը նաև գրքեր է հրատարակել այս տարիների ընթացքում, գլխավորապես, գրականագիտական գրքեր և փորձել ենք Համազգայինի միջոցով հեղինակներին ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում»,-ասաց Հերմինե Ավագյանը։

Արցախի գրասենյակը կազմակերպել է «Համազգային» խորագրով գրական-մշակութային տարեգրքի հրատարակումը, որտեղ ընդգրկված են Արցախի գրական և մշակութային կյանքին առնչվող մի շարք հոդվածներ։ Նպատակ ունեն շարունակական դարձնել այդ հանդեսի հրատարակումը, որի շնորհանդեսը կայացել էր Բեյրութում և լայն արձագանք է ստացել։ Տարեգրքի արցախյան շնորհանդեսը կայացել էր անցած տարի՝ Արցախի Տիգրանակերտում։

Արցախյան երրորդ պատերազմը, ինչպես բոլորի, այնպես էլ Արցախի գրասենյակի ամբողջ օրակարգը տակնուվրա արեց, ասում է Հերմինե Ավագյանը, բայց իրենց թիրախը շարունակեց մնալ, իհարկե, կրթությունը և մշակույթը։

Պատերազմի օրերին՝ նոյեմբերի 1-ից, Համազգային հայ կրթամշակութային միության Արցախի գրասենյակի առաջակով կյանքի է կոչվել «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որն իրականացվում է Համազգայինի մեծ ընտանիքի հանգանակությունների, հովանավորության միջոցով։

Ծրագրի էությունն այն է, որ պատերազմի օրերին՝ հենց նոյեմբերի 1-ից, այն երեխաները, ովքեր պատերազմի հետևանքով տարհանվել և ապաստանել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ինչ-որ չափով աջակցություն ստանան մշակույթի ճանապարհով։

«Եվ կյանքի կոչեցինք արվեստի խմբակներ՝  նկարչության, կավագործության, թատերական խմբակներ, ինչպես նաև շաբաթը մեկ անգամ հանդիպումներ հոգեբանի հետ։ Նաև մի քանի անգամ Երևանի գրասենյակի հետ մեկտեղ կազմակերպել ենք մանուկների այցելություններ թանգարաններ, թատրոններ։ Մինչև այսօր այս ծրագիրը շարունակվում է»,-ասաց Հերմինե Ավագյանը։

Խմբակներ են բացվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում, հետո արդեն Դիլիջանում և Աբովյան քաղաքում։

«Մենք նպատակ ունեինք հունվարից, քանի որ երեխաները սկսեցին վերադառնալ Արցախ, ծրագիրը Երևանում ընդհատել և շարունակությունը տեղափոխել Արցախ։ Բայց, ինչպես տեսանք, շատ երեխաներ, ովքեր Հադրութից են, Շուշիից են, և Ադրբեջանի կողմից բռնազավթած մյուս տարածքներից են, չկարողացան վերադառնալ՝ տարբեր խնդիրներից ելնելով։ Դրա համար Դիլիջանում, Աբովյանում ու Երևանում հիմա շարունակվում են մեր արվեստի խմբակները, բայց մենք մեր գործունեության սլաքը կենտրոնացրել ենք Արցախի վրա։ Հունվարից արդեն Ստեփանակերտում գործում է արվեստի խմբակ, ինչպես նաև դասապատրաստման խմբակներ, որտեղ երեխաներին դասերից հետո ուսուցիչները օգնում են պատրաստվել դասերին»,-ասաց Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրենը։

Երևանի Զանգակ գրատան ցուցասրահում Արցախի գրասենյակը կազմակերպել է «Ես եմ Արցախը» խորագիրը կրող ցուցահանդես, որին ներկա է եղել նաև Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։

«Համազգայինի Արցախի գրասենյակը նաեւ փորձում է բանուկ պահել Արցախ-Սփյուռք մշակութային կամուրջը եւ պատահական չէ, որ այդ ուղղությամբ համատեղ մի շարք ծրագրեր ենք իրագործել․օրինակ, Նյու Ջերսիի «Նաիրի» պարախմբի համերգները Արցախում, որին մասնակից ենք դարձրել նաեւ Արցախի համույթներին։ Ինչպես նաեւ Ավստրալիայի Համազգայինի հետ մեկտեղ բերդաքաղաք Շուշիում կազմակերպել ենք Ավստրալիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես։

Նյու Յորքի Համազգայինի վաստակավոր անդամ, գրող, թատերագետ, դոկտոր Հրանտ Մարգարյանի «Խրիմյան հայրիկ» մենաթատրոնն ենք ցուցադրել Արցախի հանդիսատեսի համար, ինչպես նաեւ Արցախի գրողների միության հետ մեկտեղ կազմակերպել ենք Հրանտ Մարգարյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթ՝ գրողի մասնակցությամբ»,- նշեց Հերմինե Ավագյանը եւ հավելեց, որ նման միջոցառումների ցանկը մեծ է։

Գրասենյակը ակտիվորեն համագործակցել է Ստեփանակերտի պետական թատրոնի եւ Շուշիի տիկնիկային թատրոնի հետ։ Անցած տարի Համազգայինի եւ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի համագործացությամբ ծնունդ է առել Արցախյան առաջին պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը լայն արձագանք է ստացել Արցախում, ինչպես նաեւ ներկայացվել  է  ՀՀ-ում կազմակերպվող ամենամյա «Արտավազդ» թատերական փառատոնին։ Ներկայացման հեղինակը Հերմինե Ավագյանն է, իսկ ռեժիսորը՝ արցախցի երիտասարդ բեմադրիչ Ռուզան Խաչատրյանը։

Համազգայինի Արցախի գրասենյակը փորձել է նաեւ Արցախի մշակույթը ներկայացանել Սփյուռքում, եւ այդ նպատակով է, որ Բեյրութում ու Այնճարում, Համազգայինի «Լյուսի Թութունջյան» պատկերասրահի հետ համագործակցաբար, կազմակերպել են Արցախի 14  նկարիչների ավելի քան հիսուն աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Նույն ծրագրի շրջանակում Բեյրութում կազմակերպվել են նաեւ Արցախի կանանց ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառք։

«Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական լինեին, սակայն թագավարակի պատճառով հետաձգվեցին»,- ասաց Հերմինե Ավագյանը։ Նա նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, Արցախի մշակույթը ներկայացնելու պահանջ ունենք, հատկապես երբ մեր թշնամիները փորձում են տիրանալ ոչ միայն մեր տարածքներին, այլեւ մեր հնամյա մշակույթին։

Արցախի Համազգային կրթամշակութային միությունը Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչատան հետ եւս համագործակցում է , եւ արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախի մի քանի լուսանկարիչների աշխատանքներ ընդգրկվում են հրատարակչատան կողմից տպագրվող պատի օրացույցների վրա։

«Այս տարի համագործակություն ունենք նաեւ Բեյրութում հրատարակվող Համազգայինի «Բագին» գրական հանդեսի հետ եւ հանդեսի հաջորդ համարը նվիրված է լինելու Արցախին, ներկայացվելու  են Արցախի մի շարք գրողների ստեղծագործություններ»,- նշեց Արցախի գրասենյակի տնօրենը։

Հերմինե Ավագյանն ասաց, որ այսօր, երբ գտնվում ենք պատմական վճռորոշ ժամանակներում, երբ պատերազմից հետո շատ հարցեր ունենք չլուծված, երբ մարտահրավերները ավելացել են, առավել քան երբևէ պետք է ջանք ու եռանդ չխնայենք Արցախում մշակույթի ջահը վառ պահելու համար։ Համազգային կրթամշակութային միությունը, նրա խոսքով, քաջ գիտակցում է սա եւ լինելու է մշակույթի պահպանման անխոնջ նվիրյալներից։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica