close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրակտատ ազգի մասին

Քաղաքական

28 Հունվարի 2021, 17:29
 Տրակտատ ազգի մասին
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
 
ԱԶԳ-ի գաղափարն ու էությունը շատ երկար ժամանակ քննարկվել են և շարունակում են քննարկվել ինչպես համաշխարհային դասական քաղաքական մտքի, այնպես էլ հայ հասարակական-քաղաքական մտքի կողմից:
ԱԶԳի գաղափարի ընկալումը ուրույն սոցիոլոգիական տեսական խնդիր է: Քաղաքական դաստիարակության տեսակետից խիստ կարևոր է դրա լուծումը՝ այդ գաղափարի մարսումը: Անկախ պետականությունը չկորցնելու, ամրացնելու, հայության հավիտենականությունը երաշխավորելու համար մեզ անհրաժեշտ է վերաթարմացնել ԱԶԳի գաղափարը:
Թերևս կարիք կա առաջադրելու այն հարցադրումները, որոնք անմիջականորեն կապ ունեն ԱԶԳ կոչվող հավաքականության և նրանից ածանցվող ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ինչու ոչ՝ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ և այլ երևույթների հետ:
Պետք է դիտարկել Ազգն առավելաբար քաղաքական, մշակութային թե՞ ծագումնաբանական կատեգորիա է, կամ՝ դրանց ամբողջությունը, կամ՝ դրանց մի մասի ամբողջությունը: Այս հարցերի պատասխանների պարզաբանումը և դրանց ընկալումն է, որ մեզ համար ճանապարհ է բացելու դեպի ընդհանուր ընկալելի ապագա:
 
ԱԶԳԻՆ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
 
Սեփական հայրենիքի, պատմության, պատմական հիշողության, քաղաքակրթական ակունքների, պետության հանդեպ սերն ու հարգանքը պետք է ներառվեն ազգի բարոյական հիմքերի մեջ:
Ընդունված է ազգին բնորոշող հատկանիշներ համարել ծագումը, մարդաբանական կառուցվածքը, ընդհանուր աշխարհագրական տարածքը, մշակույթը, լեզուն, պատմությունը, պետության ընկալման ձևը, ապագայի մասին պատկերացումները:
Սակայն նշված յուրաքանչյուր հատկանիշ ոչ միայն կարիք ունի մեկնաբանության, այլև պետք չէ միանշական ընդունել: Այս բոլոր հատկանիշները պետք է համահունչ լինեն հավաքականության մեջ:
Արյան կապը, մարդաբանական կառուցվածքը միանշանակ առաջնային նշանակություն ունի հավաքականության համար ծագումնաբանական հիմքերով օժտելու տեսանկյունից:
Աշխարհագրական տարածքը մեծապես կարևոր է ազգին բնութագրելու համար: լեռները, հարթավայրերը, ծովը, տաք և ցուրտ կլիման իրենց հետքն են թողնում ազգերի ճակատագրի վրա՝ կազմավորումից սկսած:
Ազգ-հավաքականության բնորոշման համար անհրաժեշտություն է լեզուն և մշակույթը: Չի կարող ազգը կատարյալ լինել առանզ լեզվի և մշակույթի: Տարբեր ազգեր, եթե կրում են նույն լեզուն, նույնիսկ այդ պարագայում փորձում են նույն լեզվի մեջ տարբերություններ ստեղծել: Հատկանշական է, որ այդ տարբերությունը ավելի շատ բնական է քան արհեստական: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա առանց ուրույն և բարձրարժեք մշակույթի ազգերը պարզապես չեն կարող գոյություն ունենալ:
Ազգերին հավաքական գիտակցություն տալիս է նաև պատմական անցյալը, նրա փառավոր և ողբերգական էջերի հավաքական ընկալումը:
Ազգն իր բնարոշումը բյուրեղացնում է հատկապես պետության ընկալման ձևի և ապագայի հանդեպունեցած իր պատկերացումներում:
Հիմնականում այս հատկանիշներով են օժտված ազգերը և այս հատկանիշներով տարբերվում միմյանցից:
 
ԱԶԳԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
 
Ազգը կարելի է որակել որպես ժողովրդի քաղաքակրթվածության, զարգացածության դրսևորում: Իսկ ոչ զարգացած ժողովուրդներն ու ազգերը աշիրեթ են, հորդա, ցեղ: Ազգը քաղաքակրթության ծնունդ է և քաղաքակրթության դրսևորում, ոչինչ արհեստական չի կարող լինել:
Մարդկության ապագան կապված է ազգի, ազգային պետության ապագայի հետ: Քաղաքակրթության ձեռքբերում համարվող համամարդկային հանդուրժողականությունը, համագործակցությունը պայմանավորվում է միայն ազգերի իրավունքների հարգման պարագայում:
Ազգերի և քաղաքակրթության համդրման ընկալումը հատկապես կարևոր է մշակույթի տեսանկյունից: Ազգը ինքը մշակույթ է, հետևաբար ազգի կորուստը՝ մշակույթի կորուստ: Համընդհանուր մշակույթի զարգացումը պայմանավորված է բազմազանությամբ և բազմազանության ներդաշնակությամբ: Իսկ ազգերն էլ մարդկության բազմազանության արտահայտություն են հանդիսանում: Հետևաբար ազգի զարգացումը քաղաքակրթական, առաջադիմական երևույթ է, և միաժամանակ ազգի, ազգային մշակույթի կորուստը՝ համամարդկային մշակույթի կորուստ:
Ազգերը քաղաքակրթության ձեռքբերումներից են, և նույն քաղաքակրթությունը պահպանելու է ազգերի գոյությունը:
 
ԱԶԳԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ
 
Հայ քաղաքական մտքի դասականներից Հովհաննես Քաջազնունին ազգին բնորոշող ամենակարևոր բաղադիրչը համարում է լեզուն:
Արդեն նշեցինք, որ ազգը մշակույթ է, ազգը կազմավորվում է այնտեղ, ու կան մշակութային հարստության բավարար պայմաններ: Իսկ այդ հարստություններից ամենաարժեքավորը լեզուն է: Լեզվի ձևավորումը ենթադրում է ազգի ձևավորում, լեզվի ինքնահաստատումը՝ ազգի ինքնահաստատում: Պատահական չէ, որ ազգերին տարբերում են լեզուներով: Ազգերը միմյանցիցի տարբերվելու համար ստեղծում են լեզուներ:
ԼԵԶՈՒՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԾՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԱՊՐԵՑՆՈՒՄ Է ԱԶԳԸ: ԱԶԳԸ ԿԵՆԴԱՆԻ Է ԻՐ ԼԵԶՎՈՎ: ԼԵԶՎԻ ՄԱՀԸ ԱԶԳԻ ՄԱՀՆ Է, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱԶԳԻ ՄԱՀԸ ԼԵԶՎԻ ՄԱՀՆ Է:
Պատահական չէ, որ ազգերի պայքարը յուրատեսակ լեզվական պայքար է: Ուժեղ ազգը թույլերին իր մեջ ձուլելու համար նախ հարձակվում է նրանց լեզվի վրա: Իսկ վտանգի ենթարկված ազգերը նախ ուզում են իրենց լեզուն պահպանել: Լեզուն և լեզվի հետ կապված դպրոցը, գրականությւոնը, մամուլը, թատրոնը այն միջնաբերդն են, որոնք ապահովում են ազգի գոյությունը:
 
ԱԶԳԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
 
Ժամանակակից ընկալումներում, հատկապես եվրոպական, ազգ եզրույթին երբեմն տրվում է պետության իմաստ, հաճախ է օգտագործվում ազգ-պետություն (nation-state) եզրույթը: Սա պատահական չէ, որովհետև հատկապես Եվրոպայում խառնամուսնություններով պայմանավորված դժվար է որոշել, թե որ ազգությանն է պատկանում ֆրանսիացի հորից և անգլիացի մորից ծնվածը, առավել ևս շվեյցարացի գերմանո-իտալացուց և կատալոնացուց ծնվածը: Հենց այստեղ է, որ ազգին տրվում է պետական իմաստ, և ազգը ընկալվում է որպես պետություն կազմող ժողովուրդ կամ հավաքականություն: Օրինակ` nation-ը (le nation francaise) ֆրանսիացիները ընկալում են ֆրանսիահպատակ ժողովուրդ կամ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի: Իհարկե, սա Ֆրանսիայի օրինակն է, բայց ոչ բոլորի:
Նույն տրամաբանությամբ է առաջին աշխարհամարտից հետո կազմավորվել Ազգերի լիգան, որն, ըստ էության ոչ թե ազգերի, այլ պետությունների դաշինք էր:
Մի խոսքով, պետությունը ազգ է ներկայանում այն դեպքում, երբ հանդես է գալիս որպես հավաքականություն:
Պետության սահմանները կարող են փոխվել, բայց այդ փոփոխված սահմաններում ապրող ազգերը չեն փոխվում, եթե, իհարկե, ցեղասպանություն կամ տեղահանություն տեղի չի ունենում
Հակված ենք կարծելու, որ պետությունը միջոց է ազգի պահպանման համար, և քանի դեռ չկա առավել հուսալի միջոց ինքնության պահպանման համար, քան պետությունն է, ազգերը պահպանում են պետությունը, երբեմն նույնանալով նրա հետ:
 
ԱԶԳԸ ԵՎ ԿՐՈՆԸ
 
Կա մի շփոթ, երբ ազգը նույնացնում են կրոնի հետ: Իրականում չկան քրիստոնյա ազգ, բուդդայական ազգ, մահմեդական ազգ: Այլ բան է, որ կան քրիստոնեություն դավանող տարբեր ազգեր: Ավելին, ազգերը կարող են լինել կրոնական տարբեր դավանանքների, նույնիսկ տարբեր կրոնների ներկայացուցիչների հավաքականություն: Օրինակ՝ մենք՝ հայերս առաքելական, կաթոլիկ, ավետարանչական ու նաև մահեմդական: Ճիշտ է, գերազանցապես (95 տոկոսից ավելին) առաքելական ենք, բայց դա չի նշանակում, որ կաթոլիկ հայերը հայ ազգ-հավաքականության մեջ չեն ընդգրկվելու: (Կաթոլիկ Մխիթարյանների ազգանվեր գործունեության մասին բազմիցս է խոսվել):
Նույն օրինակը կարելի է բերել եվրոպական մի շարք երկրների դեպքում:
Մեր օրերում, անշուշտ, բացառություններ կան՝ բոսնիացի մահմեդականները: Վերջիններս հասել են նրան, որ որպես ազգություն պաշտոնապես անվանվում են մահմեդականներ: Իրականում բոսնիացի մահմեդականները այնքան էլ չեն հետևում մահմեդական կրոնի ավանդույթներին և ծեսերին, բայց խոսում են սերբախորվաթերեն, և որպեսզի տարբերվեն սերբերից կամ խորվաթներից (այդ լեզուն են կրում), իրենց ինքնանվանեցին մահմեդականներ:
Վերադառնալով հայերիս պետք է ընդգծել, որ քրիստոնեությունը իր կարևոր դերակատարումն է ունեցել մեր ազգային հոգեկերտվածքի կայացման զարգացման գործում, սակայն դա չի նշանակում, որ մեր օրերում ոչ քրիստոնյա հայերը, (կամ եթե մանրանանք՝ ոչ առաքելական հայերըը) իրավունք չունեն մաս կազմելու հայ ազգային հավաքականությանը: Նրանք ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են:
 
ԱԶԳԵՐԸ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
 
Ազգը դա ժողովրդի անհատականության դրսևորումն է, որպեսզի այդ անհատականությունը դրսևորվի, ազգը պետք է անկախություն ունենա: Թերևս անհատականության պահպանման մղումով է, որ ազգերը պետք է իրենց մեջ կենսունակություն պահպանեն: Այսինքն պատրաստ լինեն պայքարելու հանուն անկախության ձեռքբերման կամ դրա պահպանման:
Առանց անկախության նույնպես հնարավոր է պահպանել անհատականությունը, բայց այդ դեպքում անհրաժեշտ են մշակույթին հալածող գործոնների, կրոնափոխության պարտադրանքի, խառնամուսնությունների բացառումը:
Այլապես պետք է կանգնել ազատություն կամ մահ երկընտրանքի առջև:
Հայ ազգի ամբողջական պատմությունը անկախության համար պայքարի պատմություն է՝ անկախության նվաճման կամ պահպանման, ասել է, թե անհատականության պահպանման:
 
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 
Ազգության հիմքը ազգայնորեն մտածելու եղանակն է: Այսինքն՝ անհատի որևէ ազգին պատկանելը ենթադրում է բացի վերոնշյալ հատկանիշներից նաև համապատասխան ինքնագիտակցության դրսևորում:
Ազգային գիտակցության դրսևորումը դա այն կապերի գիտակցումն է, որոնք անհատկին կապում են ազգային հավաքականության հետ, անհատը գիտակցում է ազգային հավաքականության իրավունքները, շահերը, վտանգները: Առանց նման գիտակից անհատների հավաքականությունը չի կարող ազգ լինել:
 
 
Խաչատուր Ստեփանյան
 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica