close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 տարվա արգումենտացիան, որ ձևավորել էինք արցախյան բանակցային պրոցեսում, ջարդվում է աչքիդ դեմը․ Թևան Պողոսյան

Հասարակություն

21 Հունվարի 2021, 20:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 տարվա արգումենտացիան, որ ձևավորել էինք արցախյան բանակցային պրոցեսում, ջարդվում է աչքիդ դեմը․ Թևան Պողոսյան

Նիկոլ Փաշինյանի ելույթներից հետևություն պետք է անի իշխող կուսակցությունը և գիտակցված բարձրաձայնի այն խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և իրենք թիմով էլ ամբողջովին  հեռանան՝ Yerkir․am-ի հետ հարցազրույցում ասաց  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Նրա համոզմամբ՝ իշխող թիմը պետք է հեռանա և հնարավորություն ընձեռի, որ Հայաստանում ձևավորվի հակաճգնաժամային կառավարիչների մի թիմ, որը կհաղթահարի մեր սպասվող ճգնաժամերը՝ բարոյահոգեբանականից մինչև տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական։ Ապա, կայունացնելով իրավիճակը, մեկ տարի կամ վեց ամիս հետո գնանք ընտրությունների․ ժամկետը թող քաղաքական ուժերը որոշեն, նախընտրական իրենց քարոզարշավը նախաձեռնեն և վարեն։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պատասխանների շեշտադրումներից Թևան Պողոսյանի հետևությունն այն է, որ իշխող մարդիկ չեն տիրապետում ո՛չ արցախյան հիմնահարցին, ո՛չ պատմություն գիտեն։

«Եթե կարող են Շուշիի բնակչության հետ այդպես խաղալ՝ առանց հասկանալու, որ վերջին 30 տարիներին Շուշին, որը եղել է և կա տարածաշրջանի միակ հայկական քաղաքը՝ պատմական հայկական ճարտարապետությամբ, ավելի հին քաղաք ու ավելի հին հայկական ճարտարապետություն ունեցող քաղաք մեր տարածաշրջանում մենք չունենք։ Շուշիում կարող ես 300-400 տարվա հայկական շենք ցույց տալ։ Դու քո հին հայկական քաղաքին չես կարողանում տիրապետել, իր պատմական խնդիրներին և գտնել այն ճիշտ արգումենտները, որ խոսես»,-ասաց նա։

Թևան Պողոսյանի համար մտահոգիչ է, որ Փաշինյանը չի կարողանում ընկալել նույնիսկ պարզ, պրիմիտիվ բան՝ որ Ադրբեջանը երբևէ չի եղել Սովետական Ադրբեջանի ժառանգորդը, ուրեմն ի՞նչ է որոշել նրա հետ Սովետական Հայաստանի սահմաններով ինչ-որ GPS-ի կետեր դնել։

«Պարզապես, 30 տարվա ամբողջ արգումենտացիան, որ մենք ձևավորել էինք արցախյան բանակցային պրոցեսի մեջ, ջարդվում է աչքիդ դեմը։ Եվ նրա ամեն ասած խոսքից հետո թշնամին ձեռք է բերում նոր արգումենտներ՝ ինչով մեզ պատասխանի, պարզ տեքստով ասելով՝ դեօկուպացիա ենք պահանջում․ ո՞ր տարածքի․․․ դե գնացեք, ճանաչեք Արցախը, որ ասեք՝ այսքանը եղել է Արցախի Հանրապետություն,  այս մասը օկուպացվել է»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանի ամեն հայտարարություն նաև իրավական հետևանք կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Թևան Պողոսյանն ասաց՝ Փաշինյանի հայտարարությունների ոչ միայն իրավական, այլև քաղաքական և այլ հետևանքները տեսնում ենք սեպտեմբերի 27-ից․ ռազմական գիտելիքները՝ ի՞նչ է պատերազմը՝ զրո։

«Օրինակ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թ-ին, ունեինք ձևավորված մի իրավիճակ, երբ նույնիսկ հռչակված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները, որ այն ժամանակ դեռ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանով էր սահմանափակվում, նույնիսկ այդ հռչակված Արցախի Հանրապետությունում, որ 48 տոկոսն էր մնացել, բայց գտանք լուծում, գտանք կառավարման մեխանիզմ և դրանով ավարտեցինք 1994 թ-ը ուրիշ ձևով՝ Պետական պաշտպանության կոմիտեով։ Այդքան ասում են՝ պատմության մեջ մեր բացասականը կրկնվում է, պատմությունը կրկնվում է, մի անգամ էլ եկեք կրկնեք դրականը՝ այն, ինչ նպաստեց մեր հաղթանակին»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նրա համար անհասկանալի է՝ ունենալով այդքան պատերազմի թոհ ու բոհով անցած մարդիկ, ովքեր լավ հասկանում էին՝ ինչ է պատերազմը և ոնց է պետք անել, ինչպե՞ս կարելի է այդքան մարդկանց որևէ ծառայությունից չօգտվել, կամ ամեն օր Ստեփանակերտից Երևան բերել-տանել և հետո ասել՝ գնա սենց մի բան արա, մարդը գնա էնտեղ հասնի ու պարզվի, որ ոչ մի բան չի կարող անել։

«Սրանով ո՞ւր ենք գնում։ Լավ, չեմ կարողանում հասկանալ, մենք այլևս սպայի պատի՞վն էլ ենք կորցրել։ Մի պարզ օրինակ բերեմ․ տարածքներիը, որ տվել ենք, բոլորը չենք ռազմական ձևով կորցրել, մի մասը կարողացել ենք պաշտպանել, պարզապես ինչ-որ հրահանգով դուրս ենք եկել․ խնդիրները հարավային մասում են եղել՝ Արաքս գետի հովտում, որ ռազմական ձևով կորցրինք, և  ովքե՞ր են ստացել ազգային հերոսի կոչում, ո՞նց կարող է պարտվող գեներալներին այդպիսի կոչումներ տալ, մի տեսակ դառնում էր, որ խրախուսում էին՝ ա՛յ, որ պարտվես, բլուրը հանձնես, այս մասից փախնեք, մենք ձեզ կխրախուսենք»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա կարծում է՝ եղած հետևանքի հիման վրա մենք պետք է կարողանանք այսօր ունենալ հնարավորություն ազնիվ հետաքննելու բոլոր խնդիրները։ Դրա համար, ըստ նրա, իշխող թիմը  պետք է հեռանա օր առաջ, վայրկյան առաջ, այդ պատուհանը բացի, որ հնարավոր լինի նոր շունչ ձևավորել դեպի ապագա Հայաստան, այլ պարագայում այդ Հայաստանը չի կերտվելու։ Առաջարկներ, թե ինչպես անել, ըստ նրա, արդեն շատ են եղել։

Թևան Պողոսյանը խոսեց նաև հարցի մասին, թե՝ պե՞տք էր արդյոք փակել միջազգային կազմակերպությունները, որոնք արևմտյան ագրեսիվ քարոզչություն են տարածքում Հայաստանում՝ «հայրենիքը» դարձնելով երկրորդական և «ապազգային աշխարհաքաղաքացի» կերտելու ուղղությամբ մեծ գումարներ ծախսելով։

«Ես, երևի, այն մարդն եմ, որ ամենաշատն եմ իրենց հետ եղել, բայց, շփվելով և ծրագրեր անելով, փորձել եմ իրենց փոխել և հայամետ դարձնել»,-ասաց նա։

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ մարդու գործոնը կարևոր է։

«Եթե իմ մեջ զարգացման ժամանակ ազգայինն են դնում, ո՞վ պետք է ինձ փոխի»,-ասաց նա։

Գուցե արևմտյան գրանտային ծրագրերի բովանդակությո՞ւնն է փոխում մարդկանց․ Թևան Պողոսյանը նկատեց, որ այստեղ գալիս է ուրիշ խնդիր։

«Գործող իշխանությունները միշտ փորձում էին պուպուշիկ երևալու համար, ինչ-որ այլ բաներից ելնելով միջազգային կազմակերպությունների առջև լռեին և չէին խրախուսում սեփական՝ ազգային արժեքներով զարգացած հզոր  կազմակերպություններին, չէին օգնում։ Ինձ համար հարց է՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունում գիտակցում էին, որ պետք է սեփական քաղաքացիական հասարակությունը զարգացնել սուվերեն Հայաստանում։ Իսկ սուվերեն քաղաքացիական հասարակությունը զարգանում է, երբ կան սուվերեն հայկական հիմնադրամներ»,-ասաց նա։

Սուվերեն ամենամեծ հայկական հիմնադրամը, Թևան Պողոսյանի խոսքով, Հայաստանի բյուջեն է, բայց հնարավոր չի եղել, դիմելով և միջոցներ ստանալով, հայկականություն քարոզել։

«Փոքրիկ ծրագրեր էին անում, այն էլ, ինչպես միջազգայիներն էին ընտրում, այնտեղ էլ էր ընտրովի։ Եվ այս խնդիր մեջ մարդկանց մոտ գալիս էր այդ հարցը, թե ո՞վ ավելի հարմար կլինի։ Դա էլ է մրցակցային դաշտ եղել, որը շատ ժամանակ չի գիտակցվել»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նա ուրախ կլինի, որ ապագայում բոլոր քաղաքական կուսակցությունները հասկանան, թե ինչպե՞ս են աշխատելու հասարակության հետ և ինչ նոր ինստիտուտներ են ներդնելու, որ ավելի շատ շեշտադրվի ազգայինը։

Աննա Բալյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica