Ռոհանին նշել է միջուկային գործարքով Իրանի պարտավորությունների կատարման պայմանը
Տարածաշրջան

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իրագործմանը, եթե նույնն անի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը. չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ գործարքին՝ հետագայում ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքումով, որը կներառի նաև Թեհրանի հրթիռային ծրագիրը:
«Սպիտակ տունն այսօր ստանձնողներից մենք ակնկալում ենք վերադարձ օրենքի, պարտավորությունների և ջանքերի կատարմանը, եթե կարող են ազատվել նախորդ չորս տարիների բոլոր սև կետերից, թեև դրանցից որոշները հավերժ կմնան պատմության մեջ: Նրանք պետք է վերադառնան միջազգային նորմերին և բանաձևերին, 2231 բանաձևին (որը հավանություն է տալիս JCPOA-ին): Իհարկե, եթե նրանք վերադառնան, մեր պատասխանը դրական կլինի»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում:
Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ը դա «գործնականում» ցուցադրի, Իրանը «կգործի իր բոլոր պարտավորություններին համապատասխան»:
«Գնդակը ԱՄՆ-ի և Վաշինգտոնի կողմում է»,- ասել է Ռոհանին` հավելելով, որ, չնայած Թրամփի փորձերին, միջուկային գործարքը գոյատևեց, և Իրանի դեմ առավելագույն ճնշման ու տնտեսական ահաբեկչության քաղաքականությունը լիովին ձախողվեց: