Իրանում արգելվել են ոչ պարսկերեն գրությունները. ադրբեջանցիները վրդովվել են որոշումից
Տարածաշրջան

Իրանի ներքին գործերի նախարարությունը հրաման է արձակել երկրի բոլոր նահանգապետերին և ոստիկանության վարչություններին, ըստ որի՝ կարգադրվել է «իրավական միջոցներ» ձեռնարկել ոչ պարսկերեն գրությունների դեմ. հայտնում է ադրբեջանական turkustan.info կայքը:
Հրամանը շեշտում է, որ արգելվում է նշանների, գրությունների և ցուցանակների կիրառումը ոչ պարսկերեն այբուբենով, բացառությամբ միջազգային լեզուների: Ոստիկանության աշխատակիցները պարտավոր են կանխել դրանց հետագա տեղադրումն ու օգտագործումը:
Հրամանը տրվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ փոխնախարար և սոցիալական հարցերի կազմակերպության նախագահ Թագի Ռուստամվանդիի կողմից:
Համապատասխան որոշումն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին Պարսկերենի պաշտպանության համակարգող խորհրդի նիստում, որին մասնակցել են Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարը և պարսկերեն լեզվի ակադեմիայի ղեկավարը: Որոշման համաձայն՝ պետական մարմիններին խնդրել են լիցենզիա չտրամադրել խանութներին, ընկերություններին և ֆիլմերին, որոնք ոչ պարսկերեն անուն են ընտրել, իսկ ոստիկանությանը հանձնարարվել է քայլեր ձեռնարկել նրանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվի:
Այս օրենքի ընդունումը հարուցել է բողոքներ Ադրբեջանի քաղաքացիների և Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում պանթյուրքիստների շրջանում: