close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Արցախը տանուլ տա, տանուլ է տալու Եվրոպան․ Փարիզի փոխքաղաքապետ

Արցախ

9 Նոյեմբերի 2020, 23:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Արցախը տանուլ տա, տանուլ է տալու Եվրոպան․ Փարիզի փոխքաղաքապետ

Եթե Արցախը ընկնի, տանուլ տա, տանուլ է տալու Հայաստանը, իսկ եթե Հայաստանը տանուլ տա, տանուլ է տալու Եվրոպան, մենք այս ամենի մասին պետք է կոնկրետ և խիստ խոսենք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Փարիզի քաղաքապետի տեղակալ Անուշ Թորանյանը։

Նա արձանագրեց, որ այսօր Ֆրանսիայի փողոցներով ադրբեջանական և թուրքական նացիոնալիստները թափառում են այնպիսի կոչերով, ինչպիսիք են՝ մենք փնտրում ենք հայերի և հայերի որս ենք իրականացնում։

«Սա միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցողի հետ։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը այս կերպ և հավանաբար նաև ուրիշ ճանապարհներով փորձում են իրենց հակահայկական պրոպագանդան առաջ տանել, հայերի դեմ մղվող ատելությունը առաջ տանել։ Եթե Հայաստանը Եվրամիության համար ամենավերջին եվրոպական երկիրն է, ապա Թուրքիայի համար Հայաստանը ամենաառաջին եվրոպական երկիրն է, որտեղ այդ ամեն ինչը կարող է սկսվել»,-ասաց Անուշ Թորանյանը։

Այս օրերին աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները պահանջում են իրենց բնակության երկրների կառավարություններից ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Փարիզի քաղաքապետի տեղակալը գտնում է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, միանշանակ այդ քայլը պետք է արվի։

«Փարիզի քաղաքապետը ևս կոչերով է հանդես գալիս, որ, այո՛, Արցախի Հանրապետության ճանաչումը մի բան է, որ մենք պատրաստ ենք անելու, չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիական արտաքին քաղաքականությունը դեռ դրա միանշանակ կողմնակիցը չէ։ Դրա հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լինի գոնե մեկ երկիր, որ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և դրանից հետո արդեն իսկ շղթայական ռեակցիայով շարունակական կդառնա այս գործընթացը»,-ասաց նա։

Անուշ Թորանյանը Ֆրանսիայի կենտրոնից գնահատելով Արցախի շուրջ տեղի ունեցողը, ասում է, որ մի բան, որի մասին շատ քիչ է խոսվում, ոչ թե պատերազմն է, այլ հումանիտար ճգնաժամը, որի մեջ ներկա պահին գտնվում է արցախահայությունը։

«Քանի որ մենք գործ ունենք չճանաչված պետության հետ, ոչ մի պետություն չի կարող ուղղակիորեն օգնություն տալ Արցախին և միշտ պետք է Հայաստանի միջոցով դա արվի։ Այդ պատճառով մենք փորձում ենք նաև այս տեսանկյունից այս հարցին նայել և այս տեսանկյունից կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր ձայնն ավելի ազդեցիկ դառնա և ավելի մեծ քայլեր կատարվեն մարդկանց հումանիտար ճգնաժամից դուրս բերելու համար»,-ասաց նա։

Արցախում թուրքադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերում ֆոսֆորային, կասետային և արգելված այլ զինատեսակներ օգտագործելու մասին Փարիզի փոխքաղաքապետն ասաց, որ միջազգային հանրության ընկալումը կախված է նրանից, թե որ երկրի տեսանկյունից ենք նայում․ եթե Ֆրանսիայի տեսանկյունից նայենք, նախագահ Մակրոնը առաջին օրվանից ասաց, որ այն գործողությունները, որոնք վարում է Թուրքիան, միանշանակ պետք է կոչել որպես ագրեսորական գործողություններ և միանշանակ պետք է խիստ խոսել և դատապարտել դրանք։

«Բայց ԵՄ անդամ այլ երկրների ներկայացուցիչները գուցե ուրիշ պատասխան տան։ Այդ պատճառով էլ հիմա ամբողջ սփյուռքահայությունը ոտքի է կանգնել, որ բոլոր երկրների համար պատկերը դարձնի շատ պարզ և հստակ լինի, որ պատերազմական լուրջ խախտումներ են տեղի ունենում Արցախյան ամբողջ պատերազմի ընթացքում»,-ասաց Անուշ Թորանյանը։

Նա նաև անհրաժեշտ է համարում, որ անգամ Ֆրանսիայի ոչ հայ հանրության համար տեղեկատվական աշխատանք տարվի, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն ինչ է Արցախի հակամարտությունը, և ինչու են Թուրքիան ու Ադրբեջանը այդքան ագրեսիվ քաղաքականություն վարում տարածաշրջանում, որպեսզի աստիճանաբար Եվրոպայի համար ևս հստակ լինի կոնֆլիկտի բուն էությունը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica