close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ազատագրված տարածքներում պետք է բնակվեն Ադրբեջանից տեղահանված հայերը․ Արմեն Մարուքյան

Արցախ

2 Նոյեմբերի 2020, 19:26
 Արցախի ազատագրված տարածքներում պետք է բնակվեն Ադրբեջանից տեղահանված հայերը․ Արմեն Մարուքյան

Ադրբեջանից բռնի տեղահանված 400 հազար հայերը, որ ցրվել են ամբողջ աշխարհով մեկ, նույնպես վերադարձի իրավունք ունեն և նրանք պետք է բնակվեն ազատագրված այն տարածքներում, որոնք շրջապատում են նախկին ԼՂԻՄ-ը և որոնք անվտանգության գոտի են ստեղծում ԼՂՀ գոյատևման համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

Նա համոզված է, որ ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են և հիմնավորում է, թե ինչու։ Մարուքյանը հիշեցնում է, որ 1980-90-ականներին Արցախից հեռացած բոլոր ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել վաճառելու իրենց տներն ու գույքը, նոր միայն հեռանալու Ադրբեջան։ Մինչդեռ Ադրբեջանից հայերին կոտորելով են հանել՝ թե՛ 1988-ի փետրվարին Սումգայիթում, թե՛ 1989-ի նոյեմբերին Կիրովաբադում՝ Գանձակում, թե՛ 1990-ի հունվարին Բաքվում, այնուհետև 1992-ին Մարաղայում և ադրբեջանահայերը ընդամենը կարողացել են փախչելով փրկել կյանքը։ Փախստական դարձած այս 400 հազարից ավելի հայերի գույքային իրավունքների վերականգնման խնդիր կա և նրանց ապահով բնակությունը կարող է լինել միայն Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված և երաշխավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ասում է պրոֆեսորը։ Նա նշում է, որ նրանք, անշուշտ, չեն կարող վերադառնալ հակահայկական հիստերիա տարածող Ադրբեջան, որտեղ երաշխավորված չէ նրանց ֆիզիկական գոյությունը։ Հետեւաբար, նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող տարածքները, որոնք ազատագրվել են 1990-ականներին, դա այն տարածքներն են, որոնք պոտենցիալ կարող են բնակեցվել 400 հազարից ավելի գաղթած ադրբեջանահայության կողմից։

«Այնպես որ, ադրբեջանցի գաղթականների վերադարձի թեզը, որ անընդհատ շեշտադրվում է, արհեստածին է, քանի որ նրանք իրենց տները վաճառել ու գնացել են, մինչեռ մենք  էլ ունենք Ադրբեջանից տեղահանված հայ գաղթականություն և նրանց վերադարձի խնդիր էլ կա»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով  նոր հայ փաստականներ են գոյանում, որոնց մի մասը թեև այս պահին ժամանակավոր բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, բայց հետագա ճակատագրի հարցը անհայտ է։ Արմեն Մարուքյանը համոզված է, որ թե՛ գաղթականության և թե՛ նոր ցեղասպանության այս խնդիրները հայկական կողմը պետք է բերի բանակցային դաշտ և իրական ու հիմնավորված փաստարկներով այս հարցերը պետք է բարձրացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առջև։

Արմեն Մարուքյանը նաև առաջարկում է լրացում կատարել 1988 թ-ի նոյեմբերի 22-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքում․ այս օրենքով ապրիլի 24-ը հայտարարվում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օր։ Պրոֆեսորն առաջարկում է օրենքում լրացում կատարել և արձանագրել, որ ցեղասպան պետություն է նաև Ադրբեջանի Հանրապետությունը, որը 1980-ական թվականներից ցեղասպանական գործողություններ է իրականացնում հայ բնակչության դեմ՝ հանգեցնելով ավելի քան 400 հազար ադրբեջանահայության գաղթին, իսկ այսօր Արցախի հայաթափման սպառնալիք է ստեղծել։

«Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը հենց այդ նպատակն է հետապնդում՝ որ ահ ու սարսափ տարածեն, հայաթափեն, թիկունքը դատարկեն՝ հետագայում ինքնորոշված Արցախը բռնակցելով Ադրբեջանին։ Այդ նպատակն են հետապնդում և մենք պարտավոր ենք ինքներս իրավական գնահատական տալ՝ հստակ շեշտադրումներով, որ Ադրբեջանի կողմից ևս իրագործվել են ցեղասպանական գործողություններ հայ ազգաբնակչության նկատմամբ և դա բանակցային գործընթացի մեջ անպայման պետք է ներառենք»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Մեկ անգամ չէ, որ ցեղասպանագետները, պատմաբանները, թուրքագետները ասել են, որ իր վարքով Թուրքիան հանցագործ պետություն է և շարունակում է այդ հանցագործությունը՝ ժխտելով հայերի ցեղասպանությունն ու կոծկելով փաստերը։ Նա հիշեցնում է, որ Թուքիայի տարածքում ցեղասպանության մասին բարձրաձայնող Հրանտ Դինքին զոհ մատուցեին գորշգայլական շրջանակներին։ Բացի այդ 2014 թ-ի մարտի 21-ին ահաբեկչական «Ալ նուսրա», «Արար ալ շամ» խմբավորումները Թուրքիայի տարածքից սահմանը հատեցին և հարձակվեցին Քեսաբի վրա։

«Այդ նույն կազմավորումների ահաբեկիչներին այժմ Թուրքիան տեղափոխել է արցախյան հակամարտության գոտի։ Այս բոլոր փաստերը այդ նույն ցեղասպանական դրսևորումների հստակ ապացույցներ են»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը ոչնչով չի զիջում իր ավագ եղբորը․ դեռ մուսավաթական Ադրբեջանը թուրք Նուրի փաշայի հետ միասին 1918-ի սեպտեմբերին մուտք գործեցին Բաքու և 30 հազար հայ կոտորեցին այնտեղ։ Հետագայում գեներալ-նահանգապետ հռչակված Խոսրով բեկ-Սուլթանովը նույն թուրք բարձրաստիճան հրամանատարների ուղղորդմամբ 1919 թ-ի հունիսին և 1920 թ-ի մարտին երկու անգամ Շուշիի հայերի կոտորած իրագործեց։ Իսկ արդեն ժամանակակից Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզման գործընթացում Արցախի հայ բնակչության ինքնորոշման պայքարին պատասխանեց ցեղասպանությամբ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում։ Ցեղասպանական գործողությունների շղթան ակնհայտ է։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ 80 ցեղասպանագետները Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի՝ անխուսափելի ցեղասպանության սպառնալիքի վերաբերյալ հայտարարություն են ընդունել:

«Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում բավականին զգալի դերակատարություն ունեցել է, իր համագումարներում որոշումներ են կայացրել և նոր բանաձևերով ավելի շեշտակի հարցադրումներով ընդգծել է, որ սա հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանություն է և որևէ ունիկալության խնդիր այլևս Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև չի կարող լինել, դրանք նույն հարթության մեջ գտնվող ոճրագործություններ են»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Նա ողջունեց, որ մերօրյա այս սպառնալիքները ոչ թե Արցախի, այլ համայն հայության նկատմամբ այդ տրամադրվածությունը մեր երկու՝ արևմտյան և արևելյան հարևանների կողմից էլի պատշաճ մասնագիտական գնահատականների է արժանացել։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica