close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված գիտաժողովը

Հասարակություն

30 Հոկտեմբերի 2020, 23:09
 Մեկնարկել է Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված գիտաժողովը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 30-ին մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Փոխնախարարի խոսքով` գիտաժողովի մեկնարկը խորհրդանշական է. 102 տարի առաջ հենց այսօր կնքվել է Մուդրոսի զինադարադը, 100 տարի առաջ հենց այս օրն է առանց կրակոցի հանձնվել Կարսը:

«Այսօր` Արցախյան հերոսամարտի օրերին, խոսվելու է 100 տարի առաջվա Կիլիկյան հերոսամարտերի մասին: Ինչ-որ առումով խառնված են հերոսական և, մեղմ ասած, ոչ հերոսական պատմական հիշողությունները: Բայց հենց հիմա Արցախյան ճակատում մերժվում է ոչ հերոսականը: Այն կրկնվում է ոչ միայն պատերազմի ընդհանրական փաստով, այլև բաղադրիչներով՝ նույն անփոփոխ որակներով ոսոխը, գրեթե նույն աշխարհը, մեր ժողովրդի հզոր կամքն ու անսահման խիզախությունը և ամենակարևորը՝ ապավինումը մեր մտքին և ուժին: Այո, դեժավյու է, սակայն մեկ կարևոր տարբերությամբ՝ այսօր ունենք հայոց անսասան պետականություն: Պատմության դասերը մեզ փոխում են և արդեն իսկ փոխել են: Կեցցե հայոց անպարտելի բանակը, և անսպառ քաջություն ու անհանդուրժող կեցվածք մեր պետության նկատմամբ ոտնձգած որևէ բանակի կամ ահաբեկչական հրոսակախմբի հանդեպ»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Միջազգային գիտաժողովի քննարկումներն ընթացել են հետևյալ խորագրերի ներքո` «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում», «Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց»», «Կիլիկիահայության գոյամարտը. մասնակիցներ, ականատեսներ, վկայություններ», «Ազգախնամ գործունեությունը Կիլիկիայում», «Կիլիկիահայության մշակութային ժառանգություն, ոչնչացում, վերադարձի հեռանկարներ»:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը` հոկտեմբերի 31-ին: Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica