close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի տնտեսությունը՝ կոլապսի առջեւ

Տնտեսական

28 Հոկտեմբերի 2020, 17:20
 Թուրքիայի տնտեսությունը՝ կոլապսի առջեւ

Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս կայուն անկման փուլում է, որի հիմնական մակրոգործոնը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության նվաճողական քաղաքականությունն է եւ արկածախնդիր դրսեւորումները տարածաշրջանում։ Թուրքական լիրան երեկ անկում է գրանցել եւ հասել բոլոր ժամանակների՝ իր ամենացածր մակարդակին՝ 1 դոլարն արժեցել է 8.1 լիգա: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ` այս տարի թուրքական արժույթը գրանցել է ավելի քան 36 տոկոսի անկում։ Թուրքիայի լարվածությունը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ, ինչպես նաեւ Հունաստանի հետ ծովային իրավունքների շուրջ վեճը եւ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության աջակցության խստացումը թուրքական լիրան դարձրել են այս տարվա վատագույն ցուցանիշ ունեցած EMEA-ի արժույթներից մեկը: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության մեծացումը եւ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքն էլ ավելի են սրել պատկերը։

«Թուրքիայի տնտեսության այս վիճակը, որը շարունակվելու դեպքում հանգեցնելու է երկարաժամկետ կոլապսի, պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով։ Թուրքիան ակնհայտորեն վերջին տարիներին տարածաշրջանում տարբեր երկրների հանդեպ ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ մարտական գործողություններ, զինված հարձակումներ, ինչն անթույլատրելի եւ անընդունելի մոտեցում է միջազգային հավաքական շահի տեսանկյունից։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան ծավալապաշտական եւ մարդասպան մոտեցումներով, որպես գործիք, անթաքույց օգտագործում է ահաբեկչությունը, իսկ ահաբեկիչները չունեն ազգություն կամ մարդկային դիմագիծ եւ գումարի դիմաց պատրաստ են կատարել ցանկացած պատվեր»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Տարբեր ուղղություններով պատերազմների սանձազերծումը միջոց է Էրդողանի համար` լուծելու երկրի ներսում կուտակված բազմաթիվ խնդիրները՝ տնտեսական, սոցիալական եւ այլն։ Թուրքիայի պատմության ընթացքում կարմիր գծի պես երեւում է թուրք տեսակի բնութագիրը՝ ստեղծարար չէ, զավթող է, ուրիշինը գողացող։ Այսօրվա իրողությունը նույնպես դրա վառ վկայությունն է։ «Ներքին տնտեսական ձախողումները պարտակելու համար Էրդողանը ռազմական գործողություններ է սանձազերծում տարբեր տարածաշրջաններում՝ իր ծավալապաշտական նպատակներից զատ փորձելով պահել սեփական իշխանությունը։ Թե որքանով կստացվի դա, այլ հարց է, բայց մի բան պարզ է, որ այս մոտեցումները, պատերազմական գործողություններն իրենց անմարդկային դրսեւորումներով իրական հիմքեր են ստեղծում Թուրքիայի երկարաժամկետ մեկուսացման համար»,- ասաց Ավետիսյանը։

Թուրքիան եւ Ադրբեջանը նախորդ մեկ տարվա ընթացքում շուրջ 30 տոկոս ավելացրել են իրենց արտարժութային ինտերվենցիաները, այսինքն՝ 25-30 տոկոսի չափով ավելի պետական ռեզերվներից վաճառք են իրականացրել։ Ի՞նչ քաղաքական հետեւանքներ կունենա այս ամենը։ Տնտեսական այս երեւույթներն իրականում ավելի խորքային են։ Ակնհայտ է, որ պատերազմական իրողությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ Թուրքիան տնտեսական կայուն անկման փուլում է։ Ժամանակին Ահմեթ Դավութօղլուն առաջ էր քաշել «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, բայց այսօր Թուրքիան խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ` բացառությամբ Ադրբեջանի, որը դարձել է Թուրքիայի գաղութը։ «Փափուկ ուժի միջոցով Թուրքիան զավթել է Ադրբեջանը եւ պարտադրում է, որ պատերազմը չդադարեցվի։ Այսօրվա դրությամբ` Ադրբեջանի տնտեսությունն ամբողջությամբ գերշահագործում է՝ ելնելով Թուրքիայի ծավալապաշտական նպատակներից»,- նկատեց զրուցակիցս։

Ազգային արժույթը երկրի տնտեսության հիմնական ինդիկատորներից է։ Պատժամիջոցներ չկան, դեռեւս միայն խոսակցություններ են, բայց թուրքական լիրան արդեն արժեզրկվել է։ Որ պահից սկսած համաշխարհային տնտեսության հիմնական խաղացողները պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի հանդեպ, իսկ, տնտեսագետի կարծիքով, դա կլինի մոտ ապագայում, անմիջապես ականատես կլինենք այդ երկրի տնտեսության կոլապսին։ Այս պարագայում արդեն խոսք կլինի ոչ թե 25, այլ 50-60 տոկոս արժեզրկման մասին։ Դրան կհետեւի գնաճը, էապես կկրճատվեն ներդրումները, եւ, բնականաբար, երկիրը կբախվի գործազրկությանը։ Խորացող տնտեսական եւ սոցիալական երեւույթները հանգեցնելու են Թուրքիայի մեկուսացմանը։ Այսօրվա զարգացումները հուշում են, որ բավարար նախադրյալներ կան Թուրքիայում եւ Ադրբեջանում պետական հեղաշրջման, քաղաքացիական պատերազմների համար։ Ավետիսյանը կանխատեսում է, որ արտաքին պատերազմը վերաճելու է քաղաքացիական բախումների. «Դրա հիմքերը կան, Ադրբեջանը տոտալ սահմանափակել է հանրային կյանքն իր երկրում, քանի որ տեսնում է այդ վտանգը, բայց դա երկար չի կարող տեւել»։

Թեեւ որոշ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, մասնավորապես՝ բոյկոտում են թուրքական ապրանքները, սակայն որոշներն էլ, ելնելով տնտեսական շահերից, շարունակում են աջակցել ագրեսորին։ Զրուցակցիս խոսքերով` համաշխարհային հավաքական շահը պահանջում է, որ Թուրքիային ցույց տրվի իր տեղը, հակառակ դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն տարբեր երկրների սահմաններից ներս։ «1915-ից հետո շատ բան չի փոխվել Թուրքիայի բնույթի մեջ, ընդամենը յաթաղանը փոխարինվել է ժամանակակից զենքերով։ Թուրքիայի համար սա միայն տարածքային հարց չէ, նպատակը հայի բնաջնջումն է իր բնօրրանում»,- ընդգծեց նա։

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica