close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով. Կիրո Մանոյան

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2020, 17:45
 Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Արցախի նախագահի նամակից՝ ուղղված ՌԴ նախագահին, ինչ պետք է սպասել, կամ ինչպես դրան կարձագանքի ռուսական կողմը։

«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կդիմի Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Հետո եղավ այս նամակը, որի մեջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպեսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթե այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից ավելին չենք կարող պատկերացնել ու եզրահանգումներ անել։ Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահին ուղղված նամակից հետո հայկական կողմն ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանից։

Կիրո Մանոյանի բնորոշմամբ՝ այս պահին իրավիճակը ռազմաճակատում արագ փոփոխվող է, և քաղաքական ու դիվանագիտական բոլոր քայլերը պետք է բխեն այդ փոփոխություններից։

Անդրադառնալով Թուրքիայի գործողություններին և Էրդողանի հայտարարությանը, որ, եթե Ռուսաստանը մասնակցում է Արցախի հակամարտությանը, ապա նույն իրավունքով կարող է մասնակցել նաև Թուրքիան, Կիրո Մանոյանն ասաց, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նրա ազդեցությունը տարածաշրջանում այլ է։

«Թուրքիան սկսել է ամեն տեղ խոսել, և այնպիսի տպավորություն է, որ աշխարհում ինքն է որոշողը, թե որտեղ զինադադար լինի, որտեղ՝ ոչ։ Օրինակ, Լիբիայի հետ կնքած զինադադարի մասով Թուրքիան կարծես այդքան էլ գոհ չէ, այնտեղ էլ կողմերից մեկին Թուրքիան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում։ Այսինքն՝ Թուրքիայի դերակատարության դրական մասը մինչև օրս մենք որևէ տեղ չենք տեսել, տեսել ենք միայն բացասականը՝ սկսած Սիրիայից՝ մինչև Եվրոպայում դաշնակիցների հետ ունեցած խնդիրները։ Թուրքիան ինչ-ինչ նպատակներով ու պատճառներով, առաջին հերթին՝ իր ազդեցությունը մեծացնելու նկատառումներից ելնելով, փորձում է Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ խոսել և իրականացնել իր համաթուրքական նպատակները։ Հիմա Թուրքիան փորձում է մեր տարածաշրջանում անել այնպիսի բաներ, որոնք որևէ կերպ չեն կարող օգտակար լինել տարածաշրջանի որևէ երկրի համար, դրանք կարող են միայն Թուրքիայի համար լծակներ ստեղծել իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- նշեց Կ. Մանոյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի Թուրքիան դուրս մղվի ոչ միայն այս պատերազմից, այլև տարածաշրջանից։ Ընդ որում, նրա կարծիքով՝ երկրորդը բավականին բարդ է, այսինքն՝ Թուրքիային տարածաշրջանից դուրս մղելը, իսկ առաջինը բոլորը կտեսնեն, ընդհուպ՝ միջազգային հանրությունը, և բոլորն էլ այդ ուղղությամբ առնվազն հանդես կգան հայտարարություններով։

«Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ, մասնավորապես՝ արաբական երկրների հետ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի։ Կրկնում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ Թուրքիան այս պատերազմից ու տարածաշրջանից դուրս գա»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
4 Դեկտեմբերի 2020, 09:07 Աստղագուշակ․ դեկտեմբերի 4
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica