close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ․ Փաշինյանը դիմավորեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

Քաղաքական

9 Հոկտեմբերի 2020, 13:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ․ Փաշինյանը դիմավորեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը` հայտնում է Yerkir.am-ը:

Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:

Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:

Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար:

Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման»:

Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica