close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազատագրե՛լ Շահումյանն ու վե՛րջ» կամ ամբոխավարության 2-ամյակին ընդառաջ

Խմբագրի անկյուն

23 Սեպտեմբերի 2020, 17:37
 «Ազատագրե՛լ Շահումյանն ու վե՛րջ» կամ ամբոխավարության 2-ամյակին ընդառաջ

Երևանի ավագանու՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններից անցել է ուղիղ 2 տարի: Այս ընթացքում Երևանի նորընտիր ավագանու անտրամաբանական, տեղ-տեղ զավեշտալի, տեղ-տեղ ամոթալի գործողություններին և անգործությանը շատերն են անդրադարձել: «Հոբելյանական» այս օրն անդրադառնանք ևս մեկին:  Մայրաքաղաքում «քայլ անելու» և քաղաքացիներին արագ տեղի ունեցող փոփոխություններ ցույց տալու անհագ ցանկությունից ելնելով՝ Երևանի ավագանին որոշեց 2019 թ. հուվարից «Էլիտ պլազա» և «Կամար» բիզնես կենտրոնների ծառայողական մեքենաները Երևանի Շահումյանի հրապարակում կայանելու թույլտվություն այլևս չտալ:

Որոշման հիմքում, ըստ ավագանու անդամների հայտարարությունների և մեկնաբանությունների, ընկած է հանրային տարածքները հանրությանը վերադարձնելու մոտեցումը:

Ավագանու անդամ, իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գայանե Մելքոմյանն, օրինակ, ժամանակին հայտարարել էր, որ քաղաքապետարանը լի է հրապարակները քաղաքին վերադարձնելու վճռականությամբ, մասնավորապես` Շահումյանի հրապարակը։

Նախքան ավագանու՝ խիստ սուբյեկտիվ հողի վրա իրականացված և անտրամաբանական այդ քայլին անդրադառնալը` փաստենք, որ իշխող ուժը ներկայացնող՝ Երևանի ավագանու անդամները, առաջնորդվելով իրենց մայր կուսակցության և դրա առաջնորդի` հանրությանը մոլորեցնելու հանճարեղ մեթոդներով, իրենց հայտարարություններում տպավորություն ստեղծեցին, թե նշյալ բիզնես կենտրոններն ապօրինաբար զավթել են Շահումյանի հրապարակը և այն նենգաբար ծառայեցնում են սեփական բիզնես շահերին:

Իսկ իրականությունը, որը հմտորեն քողածածկվեց հանրությունից, հետևյալն է՝ վերոնշյալ բիզնես կենտրոնների տնօրենները առաջնորդվել են խիստ քաղաքակիրթ մեթոդով՝ ոչ թե ուղղակի զավթել են Շահումյանի հրապարակը, այլ դրա համար ստացել են քաղաքապետարանի թույլտվությունը և, ամենակարևորը, օրինավոր կերպով վճարել դրա համար: Պարզվում է, որ մեկ մեքենայի համար տարեկան վճարվել է 100,000 դրամ (մայթերին կայանվող մեքենաների համեմատ՝ մոտ տասն անգամ ավելի), փաստորեն, երկու բիզնես կենտրոնների՝ հրապարակում կայանվող շուրջ 60 մեքենայի համար՝ տարեկան 6,000,000 դրամ:

Հավելենք, որ այս գոտուց դուրս կայանվել է այլ քաղաքացիների ևս 40 մեքենա՝ անվճար հիմունքներով։

Փաստենք նաև, որ Շահումյանի հրապարակն իր դիրքով զբոսանքի կամ հանրային օգտագործման համար բացարձակապես հարմարավետ միջավայր չէ. այն կատարյալ «ամայի» մի հարթակ է, որտեղ բացակայում են զբոսանքի համար նախատեսված հարմարությունները: Դա է վկայում այն տեսարանը, որ, ավագանու անդամների եզրույթով ասված, «ազատագրված» հրապարակում կատարյալ ամայություն է, և այնտեղ անցած երկու տարում որևէ շնչավոր արարած չի հայտնվել: Մեքենաների կայանման վայրն այնպիսի դիրք ունի, որ քաղաքացիներն այդ տարածքից բացարձակապես չեն օգտվում. հանրությունն անցուդարձ է անում այն եզերող ընդարձակ և սալիկապատ հատվածով, որտեղ, բնականաբար, մեքենաներ չկան։

Հետաքրքիր է` ավագանու անդամներն ուսումնասիրե՞լ են այս խնդիրը և ե՞րբ կամ ումի՞ց են լսել քաղաքացիների` Շահումյանի հրապարակում զբոսնելու անհագ ցանկության կամ դրա «զավթման» մասին նրանց զանգվածային դժգոհությունները:

Ամենևին չենք ուզում տպավորություն ստեղծել, թե պաշտպանում ենք վերոհիշյալ բիզնես կենտրոնների շահերը կամ պայքարում ենք, որ Երևանի հրապարակները լցվեն ավտոմեքենաներով: Բնավ: Ճիշտ հակառակը՝ որքան Երևանի կենտրոնում քիչ լինեն երկնաքերներով կառուցապատումները, որքան ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունը թուլանա, այնքան կշահեն քաղաքային միջավայրն ու երևանցիները: Սա այլ խնդիր է: Մենք այստեղ քննարկում ենք ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու՝ Երևանի իշխանությունների մոտեցումներն ու գործելաոճը:

Ավագանու անդամների հայտարարությունների համաձայն` իրենք նման կերպ էին վարվելու նաև Սախարովի, Հանրապետության, Գարեգին Նժդեհի և այլ հրապարակների հետ:

Փաստենք, որ նշյալ բոլոր հրապարակներում մեքենաները կայանում են անվճար, ավելին, ի տարբերություն բացարձակ ամայի Շահումյանի հրապարակի, նշյալ հրապարակներով օրական անցնում են և հնարավոր անհարմարություն կրում հազարավոր քաղաքացիներ։ Այսինքն՝ եթե կարող էր խոսք լինել հանրային վայրերն առանց որևէ թույլտվության սեփական շահերին ծառայեցնելու մասին, ապա առաջնային թիրախ պետք է դառնային հենց այս հրապարակները: Փոխանակ ավագանին իր «ազատագրական» շարժումները տրամաբանորեն սկսեր հենց այս հրապարակներից, տարօրինակ կերպով առաջինը վտարեց քաղաքապետարանի բյուջեն պատկառելի գումար փոխանցող նշյալ բիզնես կենտրոնների մեքենաները:

Բնականաբար, որոշումը կա՛մ պետք է լինի համընդհանուր, համակարգային և հավասարապես տարածվի տվյալ ոլորտին առնչվող բոլոր օբյեկտների ու սուբյեկտների վրա, կա՛մ պետք է առկա լինի այդ ուղղությամբ ընթացող որոշակի տրամաբանական գործընթաց:

Խնդրի առնչությամբ Yerkir.am-ը դիմել էր Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե անցած երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ուրիշ ո՞ր հրապարակների նկատմամբ է կայացվել մեքենաները վճարովի կամ անվճար կայանելու թույլտվություն չտալու մասին որոշում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի գրավոր պատասխանում նշված է, որ Երևանի «…որևէ հրապարակում կազմակերպված ավտոկայանատեղի շահագործումը շարունակել թույլ չտալու մասին Երևան քաղաքի ավագանու կողմից վերջին 2 տարում այլ որոշում չի կայացվել»:

Փաստենք նաև մեկ այլ իրողություն. այն փուլում, երբ որոշվեց Շահումյանի հրապարակում հիշյալ բ/կ-ների ծառայողական մեքենաները կայանելու թույլտվություն այլևս չտալ, նույն ժամանակ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցին և «Կոնվերս բանկ»-ին նույն ավագանին տվել է մեքենաները Հանրապետության հրապարակում կայանելու թույլտվություն։ Թե ի՞նչ տրամաբանությամբ կամ հիմնավորմամբ է ավագանին 2019 թ. սկզբին «Մարիոթ Արմենիա»-ին և «Կոնվերս բանկ»-ին մեքենաները Հանրապետության հրապարակում կայանելու թույլտվություն տվել, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանը պատասխանել է, որ, «…ի տարբերություն Հանրապետության հրապարակի՝ Շահումյանի անվան հրապարակում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման թույլտվության տրամադրումը հակասում է Երևանի ավագանու 10.12.2013 թ. հ. 93-Ն որոշման պահանջներին, ինչը հաշվի է առնվել Երևանի ավագանու կողմից Շահումյանի անվան հրապարակում նախկինում կազմակերպված ավտոկայանատեղու շահագործումը շարունակել թույլ չտալու մասին որոշում կայացնելիս»:

Պատասխանից ակնհայտ է, որ Երևանի ավագանին կա՛մ գործել է սուբյեկտիվորեն և, ինչ-ինչ պատճառներից ելնելով, «հատուկ գործողություն է իրականացրել» «Էլիտ պլազա»-ի ու «Կամար»-ի դեմ (այս դեպքում գործ ունենք ավագանու խտրական ու հովանավորչական գործողությունների հետ), կա՛մ սա քաղաքային իշխանությունների հերթական կիսատ-պռատ, չծրագրված, չհաշվարկված, չհամակարգված և ամբոխահաճո որոշումն է. անցած երկու տարում որևէ այլ հրապարակում կազմակերպված ավտոկայանատեղի շահագործումը թույլ չտալու մասին որոշման տոտալ բացակայությունը մեզ այլ եզրակացություն անելու հիմքեր չի տալիս: 

Փաստենք նաև, որ ավագանու՝ իշխող ֆրակցիայի անդամների՝ 2019 թ. սկզբին կայացրած որոշման մասին գոնե հանրային մեկնաբանություններում Երևանի ավագանու 10.12.2013 թ. հ. 93-Ն որոշման պահանջների վերաբերյալ խոսք չկար, փոխարենն անընդհատ թմբկահարվում էր «հանրային տարածքների ազատագրման» թեզը: Մենք աչքի անցկացրեցինք 2013 թ. ընդունված հիշյալ որոշումը,  որում Շահումյանի հրապարակում կայանելու թույլտվությունն անհնարին դարձնող որևէ կետ չտեսանք, այդուհանդերձ, եթե անգամ մեր աչքից վրիպել է այն, ապա Երևանի ավագանու համար ամենևին էլ դժվար չէր այն փոփոխելն ու վերանայելը, ինչպես վարվել են հարյուրավոր նման որոշումների հետ անցած երկու տարում:

Ամփոփելով Երևանի ավագանու՝ Շահումյանի հրապարակում 60 վճարովի և 40 անվճար կայանատեղիներն «ազատագրելու» մասին անտրամաբանական, խիստ սուբյեկտիվ (այդ իմաստով նաև կասկածելի), խտրական, ամբոխահաճո որոշման քննությունը՝ փաստենք, որ հիշյալ շուրջ 100 մեքենաները շպրտվեցին մայթեր և անկյուններ. այժմ դրանք կա՛մ կայանում են Մհեր Մկրտչյան, Դեղատան, Վազգեն Սարգսյան փողոցներում ու տվյալ փողոցների անկյուններում ու մայթերում այնպես, որ տվյալ հատվածներում մարդկանց կամ մեքենաների տեղաշարժը դարձել է պայքարի պես մի բան՝ կա՛մ խցկվում են Վ. Սարգսյան փողոցում գտնվող կառավարական նորակառույց շենքի բակերում ու Զաքյան փողոցի «մութ անկյուններում», կա՛մ երկար-բարակ «զբոսնում են» Կենտրոն վարչական շրջանում՝ կայանելու տեղեր որոնելով։

Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարի վերջին ռեֆորմների արդյունքում նախարարության շենքի հարակից հատվածներից մեկում ստեղծվել է վճարովի և միջին աշխատավարձով քաղաքացու համար անհասանելի մի կայանատեղի, ինչի պատճառով է՛լ ավելի է բարդացել նախարարությունների այն աշխատակիցների՝ ճիշտ ժամին աշխատանքի գնալը, և նշված հատվածներում մեքենաների կայանատեղի գտնելը գրեթե դարձել է ամանորյա ուրախ անակնկալի պես մի բան:

Որևէ այլընտրանք չառաջարկելով քաղաքացիներին և հանկարծակի ու հապշտապ որոշելով «ազատագրել» Շահումյանի հրապարակը և ամեն օր մեծագույն տառապանք պատճառելով առավոտյան աշխատանքի շտապող հարյուրավոր մարդկանց՝ Երևանի ավագանու իշխող ուժը հերթական անգամ ապացուցեց, որ սեփական ամբոխավար որոշումներից անդին ոչինչ չի տեսնում և թքած ունի այդ նույն փողոցներից ու հրապարակներից իրեն իշխանական աթոռներին նստեցրած հպարտ քաղաքացու վրա:  

Վահե Սարգսյան    

No description available.

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica