close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի «Պատմության» հիմնադրամն ու հայկական «արդարացումները»

Հասարակություն

7 Օգոստոսի 2020, 11:19
 Թուրքիայի «Պատմության» հիմնադրամն ու հայկական «արդարացումները»

Yerkir.am-ի կողմից «Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» աղմկահարույց բացահայտումներից հանրայնացվեց այն իրողությունը, որ «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների միությունը տարիներ շարունակ համագործակցել է նաև Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı)։  Հիմնադրամի դրամաշնորհներով, «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (Imagine Center for Conflict Transformation, այս կենտրոնում 2011-2018 թվականներին աշխատել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը) և Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի (հիմնադրել և ղեկավարում է Լիլիթ Մկրտչյանը) հետ համատեղ 2016 թ. սկսած իրականացվել են Հայաստանում կիրառվող դասագրքերի և չափորոշիչների մանրազնին մոնիթորինգ, թիրախավորել դրանցում թշնամական կերպարներին և, ի վերջո, մշակել ու հրատաակել ձեռնարկներ ու չափորոշիչներ, որոնց միջոցով մարտահրավեր նետելով այդ կերպարներին, խնդիր է դրվել Հայաստանի Հանրապետությունում կերտել Թուրքիայի հանդեպ թշնամաբար չտրամադրված, այն է՝ հայոց պահանջատիրությունն ուրացող, բռնազավթված հայրենիքի հանդեպ այլևս որևէ նկրտում չունեցող սերունդ։

 

Համագործակցության շրջանակներում ստեղծվել է պատմության ուսուցիչներից / դասախոսներից, գիտնականներից և կոնֆլիկտաբաններից բաղկացած մի ցանց, ինչպես նաև սեմինարներ ու կոնֆերանսներ են կազմակերպվել Թուրքիայի և Հայաստանի ուսանողների, այլ մասնակիցների ու վերոնշյալ ցանցի անդամների համար։

Այդ աշխատանքների արդյունքում ցանցի անդամները համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված “Alternative History Education Modules for Armenia and Turkey” («Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերը, որոնք հրատարակվել են Թուրքիայի «Պատմության» հիմնադրամի հրատարակչության կողմից, Friedrich Ebert Stiftung հիմնադրամի՝ Թուրքիայում ներկայացուցչության աջակցությամբ։ Գրքերի շնորհանդեսը կազմակերպվել է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին Պատմության հիմնադրամում, և դրանք բաժանվել են անվճար։ Նշյալ գրքերի ողջ հակահայկական բովանդակությունն արդեն ներկայացրել է պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Աղմկահարույց հրապարակմամբ բարձրացված հանրային հուժկու ալիքին ինչպես Լիլիթ Մկրտչյանն ու նրա հետ միասին տարիներ շարունակ «խաղաղասիրական» նախագծերի կիզակետում գտնված հայտնի սորոսական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, այնպես էլ նրանց գաղափարապես սնուցող հայտնի սորոսականներ Հրանուշ Խառատյանը, նրա դուստր Լուսինե Խառատյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը (վերջինս՝ ընդհատակյա ձևով) և այլ մանր ու միջին սորոսական-հայատյացներ (կոչենք՝ «խաղաղասերներ») սկսեցին լրատվամիջոցներով օրնիբուն հայտարարել, թե գոյություն ունեն նմանատիպ երկու հիմնադրամներ, որ իբր այս մեկ հիմնադրամը շատ հայապաշտ է, այն ներկայացնող թուրքերը շատ բարի են, պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչի համար նրանց մի մասը հալածվել է Էրդողանի կողմից, մի մասը՝ վտարվել, մի մասը՝ բանտարկվել։ Եվ այս ամենը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման…

Թուրքիայում գործող «Պատմության» հիմնադրամը ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 14-ին։ Հիմնադրամը հիմնվել է 264 հոգանոց խմբի կողմից։ Վերջինս հիմնականում բաղկացած է գիտնականներից, քաղաքական գործիչներից, գրողներից և արվեստի գործիչներից։ Ներկայումս հիմնադրամի նախագահը Մեհմեթ Օ Ալքանն է, խորհուրդը բաղկացած է 11 հոգուց. 1. Մեհմեթ Ալքան, ղեկավար խորհրդի նախագահ, 2. Բաշաք Թուղսավուլ, ղեկավար խորհրդի փոխնախագահ, 3. Դողան Չեթինքայա, ղեկավար խորհրդի փոխնախագահ, 4. Թանըլ Բորա, գլխավոր քարտուղար, 5. Էսրա Բալջը, հաշվապահ, 6. Բաղըշ Էրթեն,  անդամ, 7. Օզգյուն Աքդուրան Էրոլ, անդամ, 8. Գյոքհան Չեթինսայա, անդամ, 9. Այշե Օզիլ, անդամ, 10. Նուրշեն Գյուրբողա, անդամ, 11. Մեթե Թունչայ, անդամ։ Հիմնադրամի գլխավոր տնօրենը Իսմեթ Աքչան է։

Պատմության հիմնադրամի հրատարակչությունը 2015 թ․ տպագրել է Նորման Նաիմարկի, Ֆաթմա Մյուգե Գյոքչեքի և Ռոնալդ Գրիգոր Սյունիի հոդվածներից բաղկացած հետևյալ գրքի թուրքերեն թարգմանությունը՝ «Ցեղասպանության հարցը.  հայերը և թուրքերը Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում» (437 էջ)։

Պատմության հիմնադրամի պաշտոնական կայքէջում սույն գրքի ծանուցման վերաբերյալ նշվում է․«Վերջին հարյուրամյակներին կատարված զանգվածային կոտորածների վերաբերյալ ուսումնասիրությունները կենտրոնացել են հատկապես ցեղասպանությանը հատուկ դինամիկայի վրա։ Ցեղասպանության շատ դեպքեր մեկնարկել են արագ կերպով զանգվածային կոտորածի վերածված հարկադիր տեղահանության և էթնիկ զտման ծրագրերի միջոցով։ Պատմության ուսումնասիրությունների հարցում նոր մոտեցումներ ներկայացնող և Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանի վրա կենտրոնացած սույն աշխատության մեջ հրապարակված հոդվածները վերաբերում են Օսմանյան կայսրությունում բնակչության և տարբեր ազգություններ ունեցող տեղահանվածների նկատմամբ իրականացված քաղաքականությանը»։

Դարձյալ 2015 թ․ «Պատմության» հիմնադրամի հրատարակչությունը լույս է ընծայել 1912 թ․ Օսմանյան պետության Ռազմական վարժարանն ավարտած 5 հայ սպաներից մեկի՝ Գալուստ Սյուրմենյանի հուշերի թուրքերեն թարգմանությունը։

Ինչպես նշվում է «Պատմության» հիմնադրամի պաշտոնական կայքէջում, «Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը օսմանյան բանակում ծառայած Սյուրմենյանի ողբերգությունը սկսվում է իր ծննդավայրում՝ Երզնկայում։ Սյուրմենյանը տեղեկանալով, որ Երզնկայում իր ընտանիքը բռնագաղթի է ենթարկվել, ճամփա է ընկնում՝ նրանց վերագտնելու նպատակով։ Ընտանիքին գտնելուց հետո Սյուրմենյանը հուշերում ներկայացնում է նաև Օսմանյան կայսրության անկումը, իր դերակատարումը նոր հայկական հանրապետության մեջ և իր հետագա կյաքը»։

2013 թ. «Պատմության» հիմնադրամը լույս է ընծայել թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարի «Ճնշող մեծամասնություն. հայ բնակչության հարցը 1878-1923 թթ.» վերնագրով աշխատությունը։ Սույն ուսումնասիրության մասին «Պատմության» հիմնադրամի տեղեկատվության համաձայն՝ հեղինակը, հայերի բնակած Արևելյան վիլայեթների ժողովրդագրական պատկերն ուսումնասիրելով, փորձել է նորովի մոտեցում ցուցաբերել Հայկական հարցին։  

Հեղինակը Հայկական հարցի ծագմանն անդրադառնում է երեք փուլերով՝ Բեռլինի կոնֆերանս, 1895 թ. մեմորանդում և Արևելյան վիլայեթներում բարենորոգումներ։ Պատմության հիմնադրամը գրքի մասին հրապարակման մեջ խուսափում է «Ցեղասպանություն» բառից, այլ հայտնում, որ «հեղինակն ուսումնասիրել է 1914-18 թթ կատարված տեղահանությունն ու կոտորածները»։

Դյունդարը գիրքը հեղինակելիս օգտվել է Թալեաթ փաշայի, Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և Անտանտի պետությունների զեկույցների և փաստաթղթերի վրա։

«Պատմության» հիմնադրամի նախաձեռնող մարմնի անդամներից Քորքութ Բորաթավը Թուրքիայի տնտեսության պատմության մասնագետ է։ Ուշագրավ է, որ թուրքական «Սաբահ» օրաթերթի 2013 թ․ սեպտեմբերի 6-ի համարում հրապարակված Սյուլեյման Յաշարի հոդվածում, որը կրում է «Մի՞թե կարելի է տնտեսության պատմության մասին գիրք գրել՝ առանց հայոց տեղահանությանն անդրադառնալու» վերնագիրը, Քորքութ Բորաթավը քննադատության է ենթարկվում այն փաստի առիթով, որ իր ուսումնասիրության շրջանակներում ընդհանրապես չի անդրադարձել տեղահանության (իմա՝ Ցեղասպանթյան) հետևանքով հայկական ունեցվածքի ճակատագրի հարցին։ Սյուլեյման Յաշարը մասնավորապես նշում է

 «Հայացք նետեք Թուրքիայի տնտեսության պատմության գրքերի վրա։ Գրեթե ոչ մի գրքում որևէ խոսք չեք գտնի այն մասին, թե ի՞նչ եղավ հայկական ունեցվածքը տեղահանությունից հետո։ Նման գրքերից է Քորքութ Բորաթավի աշխատությունը, որն անդրադառնում է 1908-2009 թթ Թուրքիայի տնտեսության պատմութանը։ Արդեն 17-րդ անգամ վերահրատարակված սույն ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա հայոց տեղահանության և հայկական ունեցվածքի մասին, թեև գիրքը թեմային է անդրադառնում՝ սկսած 1908 թվականից»։

2001 թ․«Հյուրիեթ» օրաթերթի թղթակիցը, փորձելով պարզել, թե արդյո՞ք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի ստորագրության հեղինակը հայ է, դիմել էր նաև «Պատմության» հիմնադրամի գլխավոր քարտուղար Օրհան Սիլիերին։ Վերջինս պատասխանել էր․ «Տեղյակ չեմ։ Դրա մասին շատ քիչ մարդ գիտի»։

 «Միլիյեթ» օրաթերթի 2006 թ․ մարտի 15-ի համարում տեղ գտած մի հրապարակման համաձայն՝ «Պատմության» հիմնադրամի նախաձեռնող մարմնի անդամներից դոկտոր, պրոֆ․ Զաֆեր Թոփրաքը հիմնադրամի կողմից ամեն ամիս հրատարակվող «Հասարակական պատմություն» հանդեսում մի հոդված է լույս ընծայել, որում նշում է, թե «սուտ է հայկական սփյուռքի կողմից շահարկվող այն պնդումը», թե պանթուրանիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփը 1919 թ երիտթուրքերի դատավարության ժամանակ հայտնել է «Թուրքիայում ոչ թե հայկական կոտորած է եղել, այլ թուրք-հայկական ընդհարում։ Հայերը մեզ թիկունքից հարված հասցրեցին, մենք էլ նրանց հարվածեցինք»։ Պրոֆ․ Զաֆեր Թոփրաքը նշել է, որ Զիյա Գյոքալփը երբեք նման բան չի ասել, և նրա կողմից արտաբերված նման խոսք ոչ մի պաշտոնական արձանագրություններում տեղ չի գտել։ Այսինքն՝ «Պատմության» հիմնադրամի հիմքերում կանգնած Զաֆեր Թոփրաքը անգամ չի ուզում ընդունել «հայկական թիկունքային հարվածին ի պատասխան» թուրքական հակահարվածների մասին։ Բնականաբար, այսքանից հետո որևէ խոսք չի կարող լինել նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, առավել ևս, հատուցման մասին։

 «Պատմության» հիմնադրամի հիմնադիրներից դոկտոր, պրոֆ․ Իլբեր Օրթայլըն 2018 թ․ փետրվարի 24-ին CNN Türk լրատվամիջոցի կազմակերպած մի հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման հետևում իրականում կանգնած է Գերմանիան։ Ըստ Օրթայլըի պնդման՝ «գերմանացիները Ցեղասպանության ոճրագործության մեջ հանցակից են որոնում»։ Նա նաև նշել է, թե Գերմանիայի հետախուզական կազմակերպությունն անընդհատ փորփրում է «1915 թ դեպքերը» և ձգտում դժվարին կացության մեջ դնել Թուրքիային։ Թուրքական «Յենի Չաղ» պարբերականը այդ հրապարակումը այդ հրապարակումը վերնագրել է «Ըստ Օրաթայլըի՝ Ցեղասպանության ստի հետևում կանգնած են գերմանացիները» նախադասությամբ։

Համացանցային որևէ տվյալ, որը կփաստեր «Պատմության» հիմնադրամի գոնե խորհրդի կամ հիշատակված ու այլ առավել հայտնի անդամների կողմից Հայոց ցեղասպանության համար տարած լայնատարած պայքարի, դրա պատճառով Թուրքիայի իշխանությունների կողմից հալածվելու, բանտարկվելու կամ աքսորվելու մասին, այդպես էլ չգտնվեց։ Ավելին, ինչպես տեսանք, նշված հիմնադրամի հիմնադրման կամ նախաձեռնող խմբի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ կամ զգուշորեն են մոտենում հարցին, կամ չեն արտասանում «Ցեղասպանություն» բառը, կամ ուղղակի ժխտում են այն՝ Թուրքիայի պետական քաղաքականությանը համահունչ կերպով։

Վերոհիշյալ ձեռնարկի հեղինակային խմբի անդամներից Հայկ Բալասանյանը հայտարարեց, որ իր ինքը նշյալ ծրագրերի շրջանակներում Ստամբուլում ներկայացրել է ավագ դպրոցի դասագրքերում զետեղված թշնամու կերպարը: Ի՞նչ հանգուցալուծում է տեսնում՝ հարցին, Հայկ Բալասանյանն արժանապատվորեն պատասխանել է խնդրի հանգուցալուծման իր դիրքորոշումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և պահանջատիրություն։ Արդյունքում՝ Հայկ Բալասանյանի ոչ թուրքահաճո, իր բառերով ասված՝ ՀՀ շահերից բխող պատասխանի և դիրքորոշման պատճառով, իր խոսքի վրա հիմնված հոդվածը չի ներառվել հայ-թուրքական ձեռնարկում, և թողնվել է միայն անունը։ Հայկ Բալասանյանի՝ Թուրքիայի շահերին անհամապատասխան դիրքորոշումը տեղ չի գտել հայ-թուրքական ձեռնարկում, հետևաբար, ձեռնարկն արտահայտում է Թուրքիայի պաշտոնական տեսակետը կամ համահունչ է դրան:

Որոշ հետևություններ.

  • Թուրքիայի տարբեր շրջանակների կողմից տարիներով ֆինանսավորվող հայկական վերոհիշյալ շրջանակների այն պնդումները, թե Թուրքիայի «Պատմության» հիմնադրամը պայքար է տանում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, պարզ խաբկանք է. ամենահպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ դա բնավ այդպես չէ, և որոշ փաստերից ելնելով, կարելի է խոսել ճիշտ հակառակի մասին։
  • Թուրքիայի «Պատմության» հիմնադրամի հիմնադիր կամ նախաձեռնող խմբի կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև խորհրդի բոլոր անդամների, նախագահի ու տնօրենի հանդեպ Թուրքիայի իշխանությունների կողմից կիրառված հալածանքները, առավել ևս բանտարկություններն ու աքսորը փաստող որևէ տեղեկություն չգտնվեց համացանցում։
  • Եթե անգամ Թուրքիայի «Պատմության» հիմնադրամում այս կամ այն կերպ արծարծել են Հայոց ցեղասպանության, հայկական կոտորածների և, ընդհանրապես, հայկականությանն առնչվող թեման, ապա դա միմիայն տեղի է ունեցել անցյալի պարզ հիշողության քննարկման համատեքստում։ Բնականաբար, Հայոց ցեղասպանության, որպես հայության հայրենազրկման, դրանից բխող հատուցման և այլնի քննարկման մասին խոսք անգամ լինել չի կարող։
  • Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը պահանջատիրության և հատուցման դաշտից դեպի «ցավալի հիշողության» դաշտ տեղափոխելու հայադավ և Թուրքիայի կողմից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող ծրագրերը, որոնց հենքի վրա վերջին տարիներին կառուցում է իր ապրիլքսանչորսյան ելույթը նույն ինքը՝ Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու մասին հոխորտացող Ռ. Էրդողանը, պաշտպանում են ինչպես Թուրքիայի «Պատմության» հիմնադրամում, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի դեմս սորոսական Հարություն Մարությանի վարած քաղաքականության, ՀՀ Ազգային ժողովում, ի դեմս՝ սորոսական-իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանի, Սոս Ավետիսյանի, Միքայել Զոլյանի և այլոց, ազգագրագետների շրջանակներում, ի դեմս Հրանուշ Խառատյանի, նրա դուստր Լուսինե Խառատյանի և նրանց գաղափարների ակտիվ հետևորդ մանր ու միջին մասնագետների, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթական առարկայական չափորոշիչները լրամշակողների շրջանում, ի դեմս հայագիտական առարկաների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի և այլն։

Եթե անգամ այս հիմնադրամում գտնվեն մարդիկ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, ապա որքանո՞վ է դա հիմք կամ բարոյական իրավունք տալիս հայ պատմաբաններին, առավել ևս քաղհասարակության ներկայացուցիչներին՝ թուրքական հիմնադրամների ֆինանսավորմամբ ձեռնամուխ լինելու մշակել պատմության ուսուցման նոր չափորոշիչներ, դրանք ամբողջությամբ հիմնելով «ցավալի իրողությունները» շրջանցելուն, կնճռոտ հարցերը կախարդական փայտիկով վերացնելուն, դասագրքերում մինչ օրս եղած «թշնամական կերպարներին» մարտահրավեր նետելուն միտված հայեցակարգերի վրա։

Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ երկրի պետական հայեցակարգերում Հայաստանը ներկայացված է թշնամի պետություն, Թուրքիայի պատմության դասագրքերը (առանձին կանդրադառնանք դրանց) պատրաստված են ծայրից ծայր միլիտարիզմի, ազգայնականության, տեղ-տեղ ֆաշիզմի հասնող չափորոշիչներով, որտեղ կարմիր թելի պես հայը և հայկականը ներկայացված է ծայրահեղ թշնամական գույներով։ Ավելին, այդ երկրի նախագահը օրը ցերեկով հոխորտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկում Ադրբեջանի հետ հարաբերություններում, ամրանում Նախիջևանում և այլն։

Ի՞նչն է ստիպում հայկական այդ շրջանակներին՝ հանդես գալ թուրքերի հետ և առաջարկել հայկական կրթական չափորոշիչներից հանել «թշնամական կերպարներին», այդ մի քանի թուրքերի ենթադրյալ «մեղայականնե՞րը», թե՞ խոշոր գումարների հանդեպ մոլուցքը։ Ի վերջո՝ այդ տրամաբանությամբ, եթե անգամ մի հրաշքով վաղը Թուրքիան ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է ձեռնամուխ լինենք Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, հայոց պատմության վերաշարադրմա՞նը, այսինքն, ընդունելու ենք թուրքական թեզը, որ մինչ օրս կեղծե՞լ ենք պատմությունը։

Ահա սա է հայկական կողմի՝ թուրքերի հետ արկածախնդիր և հայադավ գործողությունների պերճանքն ու թշվառությունը։

Վ.Ս.

 

Ջերմաստիճանը նվազի
5 Դեկտեմբերի 2020, 16:02 Ջերմաստիճանը նվազի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica