Երեւան (Երկիր) - Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձեւը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներն ընդունել են միաձայն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՈՒՄՎ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքերով` վեհաժողովն ընդունել է 3 բանաձեւ, որոնցից 2-ը անմիջականորեն վերաբերում են Հայաստանին` մեկը` Ղարաբաղյան հակամարտությանը, մյուսը` Հայոց ցեղասպանությանը:
Զատուլինը նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւում վեհաժողովի մասնակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայում եւ Ադրբեջանում հայ քրիստոնեական պատմական-մշակութային հուշարձանների ոչնչացման կապակցությամբ:
Բանաձեւում դատապարտվել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, թեեւ բանաձեւում «Ադրբեջան» չի նշված: «Մենք մատով ցույց չենք տալիս Ադրբեջանին, քանի որ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ հայկական կողմը սպառնա: Այնպես որ պարզ է` խոսքն Ադրբեջանի մասին է: Մենք չէինք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե այդ փաստաթուղթը գրվել է հայկական կողմի թելադրանքով»,- ասել է Զատուլինը: Ռուս պատգամավորի խոսքերով` փաստաթղթի ամենակարեւոր մասը վերջին տողն է, որը հաստատում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություններին վերաբերող բանաձեւն ընդունվել է Կիպրոսի պատվիրակության նախաձեռնությամբ: «Փաստաթղթում դատապարտվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Կարեւորվում է նաեւ ամբողջ աշխարհի կողմից այն ճանաչելու, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից եզրահանգումներ անելու անհրաժեշտությունը»,- նշել է Զատուլինը:
Քանի որ ՈՒՄՎ-ն ՆԱՏՕ-ում, ԵԽԽՎ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում գրանցված կառույց է, վեհաժողովի ընդունած բոլոր բանաձեւերն ուղարկվելու են այդ կազմակերպություններ, նաեւ աշխարհի երկրների խորհրդարաններ:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...