Երեւան (Երկիր) - Հուլիսի 4-5-ը Երեւանում է լինելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նա խոսելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նաեւ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տիկին Քլինթոնից սպասելիքներ առանձնապես չունի: «Չեմ կարծում, որ տեղաշարժ կլինի: Բայց այն խոստումը, որ Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է` կապված արձանագրություններից ստորագրությունները ետ չվերցնելու հետ, գոնե առայժմ կմնա: Իրենք նույնը կպահանջեն եւ կստանան: Ուրիշ առաջընթացի հիմք չկա, որովհետեւ թուրքերն են իրականում որոշում, թե երբ ինչ առաջընթաց կլինի: Իսկ Թուրքիան ասում է, որ առաջընթաց չի լինի, եթե Ղարաբաղի հարցը չկարգավորվի: Իսկ Ղարաբաղի հարցը Քլինթոնի այցով չէ, որ պետք է կարգավորվի»,- հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մեզ հետ զրույցում նշեց Կ. Մանոյանը:
Նա նաեւ չի կարծում, որ ՀՀ իշխանությունները կոշտ դիրքորոշում կարտահայտեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված` Ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի հետ կապված. «Իրատես պետք է լինենք: Եթե Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ԱՄՆ իշխանությունների պահանջներին, հորդորներին կամ ճնշումներին եւ արձանագրություններից ստորագրությունները չեն վերցնում, մտածել, թե նրանք ամերիկյան իշխանություններից ինչ-որ բան կպահանջեն, ճիշտ չի լինի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Քլինթոնի` ԱՄՆ անկախության տոնին Երեւանում գտնվելը եւ հատկապես Հայաստանում գիշերելը համարում էր Հայաստանի դերը բարձր գնահատելու հավաստիացում, իբր Ամերիկան դրանով կարեւորում է ե՜ւ մեր պետության դերը, ե՜ւ արտաքին քաղաքականությունը։ Այս առումով Կ. Մանոյանը նշեց. «Կարեւորն այն է, որ ինքը այստեղ է գալիս Բաքվից: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանից տեսակետներ հավաքած պետք է գնա Բաքու` ինչ-որ բան համոզելու, այլ Բաքվից ինչ-որ բան ստացած պետք է գա եւ այստեղ համոզի: Դա ավելի վտանգավոր է եւ վնասակար, քան թե այստեղ գիշերելը կամ հուլիսի 4-ը այստեղ անցկացնելը: Եթե նժարի վրա դնենք, ավելի ծանրակշիռ է Բաքվից այստեղ գալու փաստը: Թե չէ կարող էր հուլիսի 4-ը օդում անցկացնել: Դա այնքան էլ կարեւոր չէ»:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...