Երեւան (Երկիր) - Այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովում` Եվրանեսթում, հայաստանյան պատվիրակությունները. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԱԺ նախագահը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպման նպատակն է քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ` աշխատանքները առավել արդյունավետ եւ գործնական դարձնելու նպատակով:
Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սաֆարյանը եւ Վահան Հովհաննիսյանը խոսել են կատարված աշխատանքների մասին, տեսակետներ հայտնել եւ առաջարկներ ներկայացրել պատվիրակությունների գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ: Կարեւորվել է Ազգային ժողով-արտգործնախարարություն համակցված աշխատանքը:
Ամփոփելով խորհրդակցությունը` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նման ակտիվ եւ շահագրգիռ քննարկումներն անպայման դրական արդյունք կունենան, եւ հավաստել է, որ բոլոր կարեւոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ նախագահին: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է խորհրդարանական բոլոր ուժերի միասնական աշխատանքը եւ առաջարկել է յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելուց մեկ շաբաթ առաջ, իր ղեկավարությամբ, կազմակերպել քննարկում` պատվիրակությունների անդամների եւ ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ:
ԱԺ նախագահի համոզմամբ` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմամբ եւ համատեղ աշխատանքով հնարավոր կդառնա բարձրացնել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը, դիմակայել արտաքին մարտահրավերներին:
Վաղը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱՄՆ այդչափ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, իհարկե, նշանակալից երեւույթ է. պաշտոնական Երեւանը նման այցերից երես չի առել: Կառավարող շրջանակներին մերձ փորձագետները այցը գնահատում են իբրեւ Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հերթական վկայություն, մատնանշում, որ այցի շրջանակներում Քլինթոնը Երեւանում կգտնվի հուլիսի 4-ին` ԱՄՆ ազգային տոնի օրը:...